Կառավարության նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի, ինչպես նաեւ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերը եւ չափերը:
Այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը: Դրա հիման վրա այս տարի արդեն չորս ուղղությամբ՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Նոյեմբերի 30-ին նրանց համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը։
Կառավարության որոշման նախագծով՝ ՄԿՈՒ համակարգում սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձեւերը, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաեւ հավելավճարներ․ 70-79 տոկոսի համար՝ 30 տոկոս, 80-90 տոկոսի դեպքում՝ 40 տոկոս, եւ 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 50 տոկոս, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին:
«Մարզերում պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը՝ նաեւ հաշվի առնելով տվյալ մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները: ՄԿՈՒ համակարգը պետք է ի սկզբանե նախագծված լինի այնպես, որ մասնագիտական կրթություն ստացող մարզաբնակը տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ունենա»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ մարզերից արտագաղթի պատճառներից է նաեւ կրթությունը․ «Որքան էլ տարօրինակ է հնչում՝ մարզերից միգրացիայի պատճառը նաեւ կրթությունն է դառնում։ Նախ` կրթական համակարգի մարզային տրամաբանությունն այդքան էլ նախագծված չէ, էլ չեմ ասում՝ մեր կրթական համակարգում կան իրողություններ, որոնցով, ճիշտ ասած, զարմացած ենք։ Կարող է լինի գյուղատնտեսական կրթական հաստատությունում իրավաբանական ֆակուլտետ, որտեղ մարդիկ իրավաբանի որակավորում են ստանում։ Մեր մտածածն այն է, որ խոշորացված համայնքներում զարգացնենք քոլեջների համակարգը, որն ի սկզբանե պետք է նախագծված լինի այնպես, որ մարզի բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանալ, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա, աշխատի եւ ոչ թե դիպլոմով դուրս գա, նայի շուրջը եւ տեսնի՝ մոտակա հարյուր կիլոմետրում այդ մասնագիտությամբ պատշաճ աշխատանք կամ աշխատատեղ չկա»։