Hraparak.am-ին են դիմել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 14/Գ 1-ից 5-րդ բնակարանների մի խումբ բնակիչներ՝ ահազանգելով, որ տևական ժամանակ է, ինչ իրենց խնդրին լուծում տվող չկա, դիմել են բոլոր պատկան մարմիններին եւ ստացել մերժում։ Բանն այն է, որ կոյուղաջրերն ու խմելու ջուրը խառնվել են իրար, շրջակա տարածքը վնասված խողովակների պատճառով ողողված է կոյուղաջրերով։ Բնակիչների խոսքով՝ եղանակը մի փոքր էլ տաքանա, սուր համաճարակ կտարածվի։
Տիկին Գոհարն ասում է, որ նախ դիմել են թաղապետարան, այնուհետև «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի վթարը վերականգնեն։ Բայց մեծ է եղել զարմանքը, երբ «Վեոլիա ջրի» աշխատակիցները պնդել են, թե տարածքն իրենց չի պատկանում, պետք է դիմեն Շենգավիթի թաղապետարան։ Շենգավիթից էլ ստացել են կտրուկ պատասխան՝ այն իրենց չի պատկանում։
«Մենք պարտաճանաչ վճարում ենք «Վեոլիա ջրին»։ Եթե չվճարենք, ջուրը կկտրեն։ Ո՞նց է ստացվում, որ գումարն իրենց ենք վճարում, բայց նման դեպքերում հրաժարվում են սպասարկել, իրենցը չէ։ Եւ հետո, վերջիվերջո այս տարածքը ո՞ւմ է պատկանում, հիմա մենք Շենգավիթի՞, թե՞ Էրեբունու բնակիչներ ենք», -Hraparak.am-ին ասաց տիկին Գոհարը՝ նշելով, որ շենքը 90-ականներին պատկանել է երկաթգծին, հետո օտարվել եւ սեփականաշնորհվել է իրենց՝ բնակիչների կողմից։
Պատճառաբանում են, թե բնակիչները ժամանակին իրենց ուժերով են կոմունիկացիան անցկացրել, հիմա էլ պարտավոր են իրենց ուժերով վերանորոգել, ինչը միլիոնների ծախս է։«Բայց հիմա մենք վճարում ենք, բաժանորդ ենք, չէ՞․․․»։ Ավելացնենք, որ կոյուղաջրերը հոսում են մինչև «Գրանդ քենդի»-ի մայր գործարանի տարածք։
Մանրամասն՝ տեսանյութում