Հնարավոր է, որ նորաստեղծ «ՇԱՆԹ Դաշինք» կուսակցությունը չմասնակցի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ երեկ են ստացել կուսակցության գրանցման փաստաթղթերը, և հնարավոր է, որ չհասցնեն ըստ օրենքի պատրաստ լինել։
«Երեկ երեկոյան ժամը 6-ից 10 պակաս ենք ստացել կուսակցության գրանցման փաստաթղթերը։ Ֆիզիկապես, ժամանակի առումով չենք կարող հասցնել մինչև 26-ը թղթերը ներկայացնել, բայց անկախ ամեն ինչից սպասման մեջ ենք։ Տեսնենք, եթե հասցնենք, կներկայացնենք, եթե չէ, ցավոք սրտի, պետք է բաց թողնենք այս ընտրությունները», - ասաց քաղաքական գործիչը։
Հարությունյանի խոսքերով՝ տեսականորեն կարող են մասնակցել, բայց միայն տեսականորեն, քանի որ «ֆիզիկապես չենք կարող այդ գործընթացը կազմակերպել ընդամենը մեկ օրում»։
Հարցին՝ ցուցակները չե՞ն կազմել՝ անհրաժեշտ մարդկանց ընգրկելու համար, պատասխանեց, որ սա չէ խնդիրը։
«Եթե կա կուսակցություն, բնականաբար կան մարդիկ, ովքեր նախնական համաձայնություն են տվել։ Ուղղակի համագումար անցկացնելու խնդիր է առաջ գալիս։ Իսկ դու չես կարող համագումար անցկացնել, քանի դեռ չունես կուսակցություն, իսկ կուսակցությունը գրանցվել է 24-ի երեկոյան։ Հետևաբար մի օր էր մնում համագումար անելու համար՝ 25-ին կամ 26-ին պետք է անես։ Դրան գումարած ահագին թղթեր պետք է հավաքես։ Մի խոսքով, ստացվում է այնպես, որ հնարավոր չէ 24-ի երեկոյից հաշված մինչև 26-ն ամեն պրոցեսն իրականացնել։ Իրավական հարցեր կան՝ ցուցակի առաջին երեսնյակը պետք է հաստավի համագումարի կողմից, համագումար կազմակերպես 100 անհրաժեշտ պատվիրակներով։ Երկար պրոցես է, հնարավոր չէ մեկ օրում կազմակերպել։ Ու այնպես էլ չէ, որ մենք նախապես գիտեինք, որ 24-ին են տալու գրանցման փաստաթղթերը, որ պլանավորեինք», - նշեց «ՇԱՆԹ Դաշինքի» ղեկավարը։
Հարցին՝ որևէ կուսակցության, քաղաքական ուժի կսատարե՞ն՝ Հարությունյանը պատասխանեց, որ նախնական ոչ։
«Դե նախ վերջնական չէ մեր չմասնակցելը։ Եթե հասցնենք, կմասնակցենք։ Իսկ որպես այդպիսին, թե ո՞ւմ մենք կսատարենք, կդժվարանամ հիմա ասել, որովհետև դեռևս այդ փուլին չենք հասել, որ դա քննարկենք։ Բայց նախնական ասեմ, երևի թե, ոչ մեկին, որովհետև դա քաղաքական պատասխանատվություն է։ Լուրջ պատասխանատվություն է, նամանավանդ հիմա։ Եվ եթե մենք ինչ-որ ուժի սատարենք, և եթե այդ ուժը որոշակի սխալներ թույլ տա, ակամայից կդառնանք պատասխանատու նաև նրա սխալների համար։ Զերծ կմնանք, որովհետև Շանթ Հարությունյանը կուսակցության քաղաքական գործունեությունը թողել է երիտասարդների վրա, կուսակցությունում հիմնականում երիտասարդներ են՝ իհարկե Շանթ Հարությունյանի շուրջ համախմբված։ Բայց անկախ ամեն ինչից սխալ կլինի, որ մենք՝ երիտասարդներով, հենց առաջին փուլից սկսենք ձախողումներով։ Դրա համար կսկսենք ավելի նախապատրաստվել հետագա գործընթացներին։ Այնպես չէ, որ մեզ համար միանշանակ է արտահերթ ընտրությունների անցկացումը հունիսի 20-ին։ Լուրջ կասկածներ ունեմ, որ չեն լինելու ընտրություններ։ Իսկ եթե հետագայում ընտրություններ լինեն, բնականաբար կմասնակցենք ավելի ակտիվ գործունեությամբ։ Եթե չէ, արտախորհրդարանական ուժ կլինենք՝ նոր ձևավորված, ավելի կզարգանանք, կհզորանանք, կպատրաստվենք մնացած գործողություններին», - եզրափակեց Շահեն Հարությունյանը։