Վերջին 6 տարվա ընթացքում ընդունված ոչ մի որոշում, ոչ մի օրենք չի նպաստել մեր անվտանգության բաղադրիչի մեծացմանը, ասում է ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։
2018 թվականի դեկտեմբերին որոշում ընդունվեց, որ Զինված ուժերում ժամկետային զինծառայողները կարող են հեռախոսներ ունենալ։ Հարց է առաջանում, այդ որոշումը մեր զինված ուժերի կարողությունները մեծացրե՞լ է, թե՞ փոքրացրել։
«Իմ խորին համոզմամբ մեծ վնաս է հասցրել այդ որոշումը՝ հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ այդ ամեն ինչն ավելի ակնառու եղավ։ Բայց մինչև 2020 թվականը Ադրբեջանը պոտենցիալ հնարավորություն է ունեցել գաղտնալսման ճանապարհով տարբեր ինֆորմացիաներ ստանալ և ըստ այդմ` համապատասխան գործողություններ պլանավորել։ Կարող են հակափաստարկ բերել, որ մինչև այդ էլ էին զանգում, մինչև այդ էլ էր այդ ամեն ինչը տեղի ունենում, բայց եթե թիվը մեծացնում ես՝ պարզ է չէ՞, որ ռիսկն էլ է դրա հետ մեկտեղ մեծանում։ Եթե առաջ գումարտակում պայմանական կար 5 զինվոր, ում ձեռքին հեռախոս կար, հիմա 500 հոգանոց գումարտակից 500 հոգու ձեռքին էլ այդ հեռախոսը կա։ Եվ այդտեղ խնդիր է առաջանում և սպայակազմի համար, և ռազմական ոստիկանության և համապատասխան ծառայությունների համար, ովքեր վերահսկում են այդ ամեն ինչը, կարգ ու կանոնը։ Եվ մենք փոխանակ խնդիրները նվազեցնենք, ընդհակառակը, մեծացրել ենք»,-ասաց փորձագետը։
Մյուս աբսուրդային որոշումը, որն ընդունվել է 2020 թվականից առաջ՝ դա Աշխարհազորի մասին օրենքն է։ Որոշումը ներկայացվեց որպես աննախադեպ մի բան եւ որոշ մարդիկ մեր փրկությունը հենց նման որոշումներում էին տեսնում, այնինչ, երբ գալիս է աշխատելու պահը, ըստ Մանգասարյանի, պարզվում է հակառակը։
«Վերջին շրջանում արդեն բաց տեքստով խոսում են դրա մասին, հատկապես Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը՝ Անդրանիկ Քոչարյանը։ Նա համարյա բաց տեքստով ասում է, որ աշխարհազորի մոդելը պարզվեց շատ վատ բան է, բայց ինքն էր քարոզում հակառակը»,-նկատում է մեր զրուցակիցը։
Խնդիր է նաև այն, որ գիշերամիզությամբ տառապող, հոգեկան տարատեսակ շեղումներ ունեցող երիտասարդներին այսօր տանում են ծառայության։ Հատկապես եթե կառավարության ծրագրում գրված է, որ մենք գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ. «Հիմա պրոֆեսիոնալ բանակ գնում ենք զինվորի գրպանում հեռախոսով, հոգեկան խնդիրներ ունեցող տարբեր զինծառայողներո՞վ։ Եվ այս ամեն ինչը մեծացնո՞ւմ է մեր ռազմական կարողությունները, թե՞ հակառակը՝ վնասում է։ Իմ կարծիքով, ռազմական կարողությունների մեծացման մասին խոսք անգամ լինել չի կարող, հատկապես որ ոչ զորավարժություններ ենք իրականացնում, ոչ տարբեր մասշտաբային միջոցառումներ` ՄՈԲ-ի հետ։ Հետևելով Ադրբեջանի մի քանի տարվա գործողություններին, ինձ ու շատերի համար հստակ է, որ նրանց նպատակն է՝ ոչնչացնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, ինչպես արեցին Արցախի Պաշտպանության բանակի հետ։ Նրանք կարողացան այդ խնդիրը լուծել և ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հիմա այս փուլում իրենք ուզում են նույնը իրականացնել Հայաստանի պաշտպանական գերատեսչության հետ»,-ասաց Մանգասարյանը։
Հայկական կողմից հնչող միակ պատասխանն այն է, որ ցանկացած պետություն պաշտպանվելու իրավունք ունի։ Մինչ այժմ ադրբեջանական կողմից հնչող այդ պահանջ-հայտարարություններին մենք առարկայական հակափաստարկ չենք տեսել։
Հարցին, թե ինչ պետք է անել, որ չենք անում, ռազմական փորձագետն ասում է՝ առնվազն զորավարժություններ, ՄՈԲ ռեսուրսների հետ աշխատել։ Եվ այս կոնտեքստում, երբ Իրանը պարբերաբար հայտարարում է, որ իր համար անընդունելի է ՀՀ ճանաչված սահմանների փոփոխությունը, դա ոչ թե Ադրբեջանի համար է ասում, այլ ՀՀ այս իշխանությունների, պարբերաբար հասկացնելով, որ հանկարծ Ձեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չանեք։