«ՀՀ կառավարության պարտականությունների մեջ է մտնում պատմամշակութային բոլոր հուշարձանների պահպանությունը, պաշտպանությունը, հանրահռչակումը եւ զարգացումը, բայց ես չեմ կարող ասել, որ ՀՀ-ից դուրս որեւէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է»,- նախօրեին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչպես կարող է վերջին հայտարարություններից հետո պնդել, որ ՀՀ պարտավորությունների մեջ է մտնում Հայաստանի տարածքից դուրս պատմամշակութային արժեքների պաշտպանությունը։
«Պարտականությունը կատարելու համար պետք է նաեւ որոշակի հնարավորություն լինի, հասանելիություն եւ լծակ։ Այս առումով ես չեմ կարող ասել, որ ՀՀ տարածքից դուրս որեւէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը Հայաստանի պարտականությունն է։ ՀՀ տարածքից դուրս հուշարձանների պահպանությունը Հայաստանի կառավարության օրակարգի հարց է, ընդ որում՝ ՀՀ կառավարության օրակարգային հարց է նաեւ գլոբալ մշակութային ժառանգության պահպանությունը, որովհետեւ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիարժեք անդամ պետություն է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունն ի՞նչ վտանգներ ու ռիսկեր է պարունակում, հատկապես որ Արցախի կորստից ու հայաթափումից հետո Ադրբեջանը սեփականացնում է ոչ միայն Արցախի պատմամշակութային հուշարձանները, այլ նաեւ հավակնություններ է դրսեւորում ՀՀ տարածքի հանդեպ՝ շրջանառելով «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը։
«Հայաստանյան իշխանությունների նման դիրքորոշումն ինչ-որ նոր բան չէ, եւ վարչապետի այս հայտարարությունը ես ավելի շատ ընկալում եմ որպես իրականության որոշակի մեկնաբանում, թե ինչու են Հայաստանի իշխանությունները նման հեռակա զգոն պահվածք ընդունում։ Եվ, անկեղծ ասած, Արցախի խնդրում, արդեն կայացած նման որոշումների արդյունքում, միանշանակ բարդանում են նաեւ մշակութային ժառանգության պահպանության խնդիրները․ այն, որ մենք չունենք որեւէ լծակ, որ պետությունն ինքն է հոգ տանում առաջին հերթին իր տարածքի ժառանգությանը, դա ամրագրված է բոլոր միջազգային փաստաթղթերում, որոնք վերաբերում են մշակույթին։ Դա ե՛ւ Հաագայի կոնվենցիան է, ե՛ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ կոնվենցիաներն են։ Այսինքն՝ մոտեցումը ձեւականորեն կարծես թե որեւէ բան չի պարտադրում»,- ասում է Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն ու նկատում, որ ՀՀ սահմանադրությունը շատ հստակ մոտեցում ունի այս հարցում։
Նա մեջբերում է Սահմանադրության 11-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ՀՀ-ն միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը։ «Այսինքն՝ միանշանակ է, որ սահմանադրությունը որպես պարտավորություն․․․ միանշանակ է, որ ինքը պարտավոր է մտածել, հոգ տանել այդ մասին, ինչը չի նշանակում, որ զենքը ձեռքին պետք է գնա՝ Գանձասարն ազատագրի… այստեղ գրված է՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում, ու կարող եմ ասել, որ դրա շրջանակներում այսօր հայաստանյան մի շարք ոչ պետական կազմակերպություններ դա իրականացնում են։ Որպես օրինակ, անհամեստորեն կարող եմ մեջբերել Artsakh Monument Watch-ը։ Ամենօրյա ռեժիմով մենք հետեւում եւ գրում ենք, թե Ադրբեջանի իշխանություններն ինչ են պարտավոր անել եւ ինչու չեն անում, ու դա ինչ հանցագործություն է։ Ես նաեւ որեւէ կրիմինալ չեմ տեսնում, որ նման հայտարարություններ անեն Հայաստանի համապատասխան նախարարությունը, գերատեսչությունները, եւ, ի վերջո, նման հայտարարություն կարող է անել վարչապետը, ինչը չի ենթադրում, որ հիմա կգանք, կազատագրենք, այլ ենթադրում է, որ՝ հարգելի Ադրբեջան, դուք պարտավոր եք այս-այս հարցերում պահպանել ժառանգությունը, որը բոլորին է պատկանում։ Այսինքն, իմ կարծիքով, սա ոչ թե դեմարշ է, հրաժարում, այլ այս զգայուն, ծանր վիճակում զգոն, մի քիչ էլ վախվորած պահվածք է, ինչը քաղաքականություն է, եւ ես՝ որպես հետազոտող, դժվարանում եմ գնահատել դա։ Գուցե իրոք մեր վիճակն այնքան ծանր է, որ մեր իշխանությունները ստիպված են նման զգոնություն դրսեւորել։ Մյուս կողմից էլ՝ մենք այդ ժառանգությունը պաշտպանում ենք, ինչպես 19-րդ դարում էինք պաշտպանում, երբ չկար հայկական պետություն, երբ Ալիշանը եւ մյուսները՝ իրենք էին այդ ամենը գրում։ Դա ծանր պարտականություն է եւ դրված է հատկապես մեր հասարակության ինտելեկտուալների, համապատասխան մասնագետների վրա»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ նույն զգուշավորությունն առկա է ամենուր, այդ թվում՝ հրատարակիչների մոտ, երբ հարցն առնչվում է, օրինակ, Տիգրանակերտի մասին գրքին։
«Հիմա Տիգրանակերտի մասին գիրքը պատրաստ է, այն ուզում ենք տպել, բայց ես զգում եմ հայկական հրատարակչությունների զգուշավոր պահվածքը։ Մինչդեռ 7-8 տարի առաջ ինձ զանգում, կանխավճար էին տալիս, որպեսզի գիրքը շուտ տպագրեին, այսօր պատրաստի գրքի հետ կապված՝ տարբեր զգուշավորություններ են դրսեւորում, թե այս գիրքն ով կգնի եւ այլն»։
Այսինքն՝ ինքը նորմա՞լ է գնահատում այս տեսակ հայտարարությունները՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ «Ես նորմալ չեմ գնահատում։ Ես՝ որպես մասնագետ, չեմ գտնում, որ դա շատ լավ է, բայց, մյուս կողմից, որպես քաղաքացի՝ ես դժվարանում եմ բացատրել, գուցե իրոք իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունները ստիպված են դրան գնալ։ Ես չեմ արդարացնում, բայց գիտակցում եմ նաեւ, որ շատ բարդ իրավիճակ է, եւ միշտ չէ, որ ես կարողանում եմ միանշանակ գնահատել։ Այն, որ հայկական ժառանգությունն իշխանությունները պարտավոր են համապատասխան միջազգային մեխանիզմների օգնությամբ պաշտպանել, դա միանշանակ է, բայց այս պահին ինչ անել եւ ինչպես անել, ինչքան զգույշ լինել՝ դա քաղաքական խնդիր է»։
Նույն միջազգային կառույցները կամ հենց Ադրբեջանը կարո՞ղ են մեր իշխանությունների այս զգուշավոր հայտարարությունները մեր դեմ օգտագործել եւ ասել՝ ձեր երկրի առաջին դեմքն այսպես է մտածում։ «Իհարկե, բայց դա նույնպես քաղաքականություն է։ Հիմա, երբ Ալիեւը մատը տնկած ասում է՝ այս արձանագրությունը նոր են գրել, ինքը շա՞տ բան է դրանից հասկանում, բայց իրենց այդ ռազմատենչ տոնը գալիս է ուրիշ տեղից, դա ընդհանրապես կապ չունի ժառանգության հետ, դա իրենց քաղաքականությունն է՝ ամեն կերպ նսեմացնելու, ստորացնելու հայերին, ասելու, որ ձեր ժառանգությունը ձերը չէ եւ եթե ձերն էլ է, ապա ոչ մի բանով ձեզ օգնել չի կարող։ Սա եւս քաղաքականություն է, եւ իրենք անպայման օգտագործելու են դա»։ Պետրոսյանն ասում է՝ իրեն անհասանելի է, թե մենք ինչ անվտանգային իրավիճակում ենք, եւ հենց դրանով է պայմանավորված այն, որ փորձում է շատ խիստ չլինել, թեեւ մեր պետությունը նման կեցվածք չպետք է ունենա։
Վարչապետը տարբեր հայտարարություններ է անում՝ իրական եւ պատմական Հայաստանների, նաեւ՝ խաչքարերի մասին. ամիսներ առաջ դպրոցականներին ասել էր․ «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»։ Այս հայտարարություններն է՞լ են զգուշավորության դաշտից, թե՞․․․ «Ես կարծում եմ, որ դա ծանր պարտություն կրած մարդու հուսահատ վիճակ է, գուցե քաղաքական գործիչը չպետք է այդպիսին լինի՝ ես չգիտեմ, բայց դա, իհարկե, ինձ վրա ազդում է։ Որպես հայ մարդ, քաղաքացի՝ իմ օրը օր չի․․․ ես կարծում եմ՝ շատ-շատերի օրը օր չի․․․։ Եթե վարչապետն ինձ հետ խորհրդակցեր, ես իրեն ուրիշ խորհուրդ կտայի․․․ այն, որ մշակույթի հարցերում լիներ համառ, աննկուն, առանց նահանջի, բայց ո՛չ վարչապետը, ո՛չ նրա պաշտոնյաները ինձ հետ չեն խորհրդակցում»։