«44-օրյա պատերազմի ժամանակ՝ հենց սեպտեմբերի 28-ին, իմ կամքով, առանց զինկոմիսարիատի կանչի, ինձ պատկանող «Մերսեդես» մակնիշի մեքենայով գնացել եմ Արցախ՝ պատերազմին կամավոր մասնակցելու»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց 44-օրյայի կամավոր մասնակից Հովհաննես Մանուկյանը:
«Երրորդ երեխաս նոր էր ծնվել՝ ընդամենը երեք օրական էր, երբ մեկնեցի ռազմաճակատ: Այնտեղից մեքենաս ջարդուփշուր եղած հետ բերեցի՝ տանկային ռովի մեջ է կանգնած եղել, սնարյադն ընկել է՝ ջարդուփշուր է եղել: Պատերազմի ավարտից տասը օր հետո վերադարձել եմ, բնականաբար՝ մեքենաս էլ բերել եմ, մինչեւ հերթափոխը, որ կարողանամ հետ գալ: Մեքենան հետ եմ բերել, ո՛չ պետությանն եմ դիմել, որ անձնական մեքենաս վնասվել է, եւ այլն, իմ ուժերով վերանորոգել եմ մեքենաս: Տուգանքներ եմ ունեցել՝ արագաչափերի, դիմել եմ հարկադիր կատարողական ծառայություն` խնդրելով ներել պարտքերս, քանի որ հսկայական ծախսեր եմ արել՝ մեքենաս վերանորոգելու համար: Ի վերջո, պետությունն էլ հանուն հայրենիքի իրենց պարտքը կատարած տղաներին կարող է մի քիչ ընդառաջ գնալ, ես չեմ ասում` բանկից գումար եմ վերցրել՝ չեմ տալիս: Տուգանել են արագ քշելու համար, չեն ներել տուգանքները, բռնել՝ տոկոս են ավելացրել, սարքել են 3.5 միլիոն դրամ` չեմ վճարել, մեքենաս առգրավել են, վաճառել են»,-պատմում է մեր զրուցակիցը:
Ավելին` մեքենան գնահատել են 2 միլիոն դրամ, այնինչ մեքենայի արժեքը 7-8 հազար դոլար է՝ պնդում է 44-օրյայի մասնակիցը: «2 միլիոն են գնահատել, վաճառել են 2 միլիոնով՝ 1․5 միլիոնն էլ թողել են վրաս պարտք: Որտեղ ասես՝ դիմել եմ, ոչ մի ընթացք չեն տվել, ոչինչ չեն արել: Վրաս էլի դատական գործեր են հարուցել, որ այդ մեքենան վարել եմ առանց ԱՊՊԱ-ի, որ բալերը վերջացած են եղել: Կենտրոնի ոստիկանության քննիչն ինձ զգուշացում է տվել, ես ասել եմ, որ իմ ապրուստը հայթայթելու միակ միջոցն է, 3 անչափահաս երեխաներիս տաքսի քշելով եմ պահում ու չեմ կարող չքշել, քննիչն արձանագրել է դա, զգուշացում տվել՝ հիմա դատում են ոստիկանի պահանջին չենթարկվելու համար: Մեքենայից զրկելով` նրանք իմ ընտանիքին ապրուստից են զրկում: Երեք տարի է անցել, դատական գործերը դեռ ընթանում են, հիմա էլ դատել են ինձ՝ 33 օր են տվել: Դիմեցի Փաստաբանների պալատ, ինձ` որպես կռված տղայի, օգնություն են ցուցաբերել ու դիմել են Վերաքննիչ դատարան: Հիմա այսպիսի խնդիրների մեջ եմ ընկել»,- ասաց պատերազմի մասնակիցը: Իսկ 33-օրյա ազատազրկման դատապարտվել է 200 հազար դրամի չափով տուգանքը չվճարելու, ոստիկանի պահանջին չենթարկվելու համար, որ շարունակել է վարել մեքենան: Այնինչ, մեքենան աշխատեցրել է տաքսի ծառայության կազմակերպությունում՝ երեխաների ամենօրյա հացը վաստակելու համար:
«Ես քննիչին ներկայացրել եմ, որ սրանով երեք երեխա եմ կերակրում, ուրիշ աշխատանք չունեմ, որ թողնեմ ու իմ էրեխեքին պահեմ, տաքսի եմ վարում: Ես կարմիր լույս չեմ անցել, արագ եմ քշել ու ներկայացրել եմ, որ դիտավորյալ չեմ ենթարկվել արագաչափերին՝ Սեւանի կամ Արարատի մայրուղում: Ես քաղաքի մեջ արագ չեմ քշել, որ դուք ինձ տուգանեք, դպրոցի դիմաց արագ չեմ քշել, որ ինձ տուգանեք»,- շեշտում է զրուցակիցս եւ նշում, որ կան մարդկային օրենքներ, որոնք եւս պետք է հաշվի առնել, չէ՞ որ սեփական մեքենայով է գնացել ռազմաճակատ, որով երկու վիրավոր մարտիկ է դիրքերից հասցրել հիվանդանոց: «Ամենաթեժ կետում եմ եղել, կոնտուզիա եմ տարել՝ նույնիսկ չեմ էլ գնացել բժշկի… Եղել եմ Թալիշում, հետո նահանջի հրաման ենք ստացել, ու մինչեւ պատերազմի ավարտը եղել եմ Մատաղիսի վիշկաների վրա: Նույնիսկ ԱԺ պատգամավորներ են իմ հարցով գրավոր նամակով դիմել նախկին ոստիկանապետին, բայց՝ անարդյունք: Մինչեւ անգամ Նիկոլին եմ դիմել: Այս պետությունն ո՞ւմ է դատում, ինչի՞ համար է դատում, ու ի՞նչ ձեւի մարդկանց ձեռքից են ունեցվածք վերցնում: Անկեղծ ասեմ, ես կարող էի մեքենաս էլ չտայի՝ տանեին, բայց թույլ եմ տվել, որ տանեն, որ տեսնեմ, թե այս կառավարությունը մինչեւ ուր կարող է գնալ մեզ նման մարդկանց հանդեպ: Ես մենակ իմ մասին չեմ մտածում, ես այս ամեն ինչը թույլ եմ տվել, որ կարողանամ հասնեմ այն բանին, որ պատերազմին մասնակցած մարդկանց ավելի ուշադիր լինեն: Ոչ թե հայրենիքի պաշտպաններին բռնեն դատեն, պատժեն: Բա պետությունը հաշվի չի՞ առնում՝ գուցե այդ մարդը հոգեկան խանգարում է ստացել կամ հետպատերազմական դեպրեսիա է տանում ու դրա ազդեցության տակ խախտում է արել, ինչի՞ պետությունը չի կանչում այդ մարդուն, ասում` տղա ջան, արի ստուգվիր, արի բուժվիր, կարող է քեզ հետ ինչ-որ բան նորմալ չէ, կարող է քեզ մոտ խնդիրներ են առաջացել, մենք մի հատ հասկանանք՝ դու իրավունք ունե՞ս մեքենա վարելու, թե՞ չէ: Իսկ այդ ամենի մասին պետությունը ո՛չ մտածում է, ո՛չ անհանգստանում է, ո՛չ էլ ուզում է ուշադրություն դարձնել»,- ասում է 44-օրյայի մասնակիցը:
Կամավոր Հովհաննես Մանուկյանը շեշտում է, որ իր նպատակը հենց այս հարցերի բարձրաձայնումն է, որ պատերազմի մասնակիցներին ավելի շատ ուշադրություն դարձնեն, ավելի ներողամիտ լինեն նրանց հանդեպ, մանավանդ՝ եթե նրանք ծանր հանցագործություն չեն կատարել, այլ ընդամենը մայրուղում, ասենք, 80 ժամ/կմ արագությամբ վարել են, որ ընտանիք պահեն: Իսկ պետությունը որոշել է առգրավել ապրուստի միակ միջոցը: