Քաղաքականություն

«Հրապարակ». Արցախցիների կռվով Հայաստանի համար ժամանակ շահեցին, բայց Փաշինյանը չօգտագործեց այն

«Հրապարակ». Արցախցիների կռվով Հայաստանի համար ժամանակ շահեցին, բայց Փաշինյանը չօգտագործեց այն

Արցախցիներին ուղղված Ալեն Սիմոնյանի սկանդալային ու խայտառակ հայտարարությունը եւս մի առիթ է՝ վերհիշելու Արցախի էթնիկ զտման քրոնիկոնն ու Արցախի նկատմամբ ՔՊ-ական իշխանության որդեգրած քաղաքականությունը, որի վերջնարդյունքը, ի վերջո, եղան Արցախի հանձնումն ու 120 հազար հայերի գաղթը՝ ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար: Սեփական ձախողումները չտեսնելու, քաղաքական պատասխանատվությունից ճողոպրելու ու տապալումներն ուրիշների վրա բարդելու հարցում ՔՊ-ն, իհարկե, մրցակից չունի, բայց հասարակության գիտակից շերտը հիշողության կորուստ չունի եւ լավ հիշում է կատարվածը:

«2021թ․ հունվար-փետրվարին ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ այլեւս Հայաստանից զորակոչիկներ չեն մեկնելու Արցախի Պաշտպանության բանակում ծառայելու, սա ՊԲ թվաքանակի շատ լուրջ կրճատում էր: Երկրորդ փուլը սկսվեց 2022-ի նոյեմբերի վերջին, երբ սկսեցին ՊԲ-ից հանել պայմանագրայիններին, սպաներին, եւ այդ զորքին հանելուց անմիջապես հետո էր, որ ադրբեջանական կողմը պաշարեց Արցախը, եւ Արցախից հայերի բռնի տեղահանման վերջին փուլը սկսվեց։ Այսինքն, ՀՀ իշխանության գործողություններն են բերել նրան, որ Արցախի ՊԲ-ն թուլացել էր այնքան, որ ի վիճակի չէր պաշտպանել Արցախը»,- իշխանականների հիշողությունն է թարմացնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` նշելով, որ Արցախն 9 ամիս պաշարված էր, իսկ ամենավերջին շաբաթներին պարենի լրջագույն խնդիր կար՝ մարդիկ դիրքերում ուտելու ոչինչ չունեին, վառելիքի խնդիր կար, ինչը բարդացնում, իսկ տեղ-տեղ անհնարին էր դարձնում զորքի տեղաշարժն ու ռազմական տեխնիկան աշխատեցնելու հնարավորությունը:

«Օրինակ, մոբիլիզացիա չէին կարող անել, որովհետեւ մարդիկ հյուծված վիճակում էին... սրան գումարվում է այն, որ Արցախից արդեն իսկ դուրս էր բերվել ծանր տեխնիկայի զգալի մասը: Այս փաստերը վկայում են, որ Փաշինյանի վարչակարգը եւ իր հանցակիցներն էին արցախցիներին թողել մենակ` անգամներով գերազանցող թվաքանակ ունեցող թշնամուն դեմհանդիման, ի դեպ, խախտելով Արցախի անվտանգության երաշխավորը լինելու ՀՀ ստանձնած պարտավորությունները: Ու չնայած այս իրավիճակին, մեկ ամբողջ օր Արցախը կռվեց՝ զգալի կորուստներ պատճառեց թշնամուն: Ըստ էության, արցախցիներն իրենց այդ հուսահատ կռվով Հայաստանի համար ժամանակ շահեցին, բայց Նիկոլ Փաշինյանը կրկին ամեն ինչ արեց, որպեսզի այդ ժամանակը Հայաստանը չօգտագործի՝ իր պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասում է Վրթանեսյանը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այդ մղձավանջային օրերը լավ է հիշում, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո նա նորից է դիտել իր նկարած ու չհրապարակած տեսանյութերը: «Ես մեկ բան եմ հիշում՝ չէի հասցնում ֆիքսել իմ շրջապատից զոհերի մասին անընդհատ եկող տեղեկատվությունը, որը կապի խափանման պայմաններում կարողանում էինք մի կերպ իրար փոխանցել: Անդադար զոհեր ունեինք, ես այսօր նորից նայում էի այն տեսանյութերը, որն ինքս եմ արել ու առայսօր չեմ հրապարակել՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ կամ մի փոքր ավելի շուտ, արդեն ավտոմատի կրակահերթեր էինք լսում, դա նշանակում էր մեկ բան՝ ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում էին: Նույնիսկ շրջափակման պայմաններում բնակչությունը հետքայլ չէր անում, հղի կանայք, որոնք շատ հեշտությամբ շրջափակման օրերին կարող էին ռուս խաղաղապահների օգնությամբ դուրս գալ Արցախից եւ Հայաստանում հանգիստ ծննդաբերել, փոքրիկ երեխաներ ունեցողները, ծերերը գիտակցաբար մնում էին՝ հասկանալով, որ դա եւս պատերազմ է, որտեղ կռվում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից: Ես ուզում եմ հիշողությունը թարմացնել` ՔՊ-ական ուսապարկերից մեկը շրջափակման ժամանակ հայտարարեց, որ, այո, պետք է 150 հազար հայերին զոհել, որպեսզի փրկենք 3 միլիոն հայերին: Կար այդ ծրագիրը, որից ՀՀ իշխանությունը ոչ թե տեղյակ էր, այլ հենց այդ ծրագրի մասն էր»,- ասում է Մետաքսե Հակոբյանը: Փաշինյանն Արցախը հանձնել էր դեռ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ Արցախի հետ որեւէ առնչություն չունեն՝ կարծում է Հակոբյանը: 

«Մենք բաց ենք թողնում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որով Նիկոլ Փաշինյանը փաստացի կանխանշում էր Արցախի շրջափակումը, ինչու ոչ՝ 9-րդ կետով ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայի հնարավորությունը: Նա այդ ամենի տակ ստորագրել է: Նոյեմբերի 20-ից հետո, կհիշեք՝ լուրեր էին  հայտնվում, որ Հայաստանն Արցախից դուրս է բերում իր տեխնիկան, բավականին շատ ակտիվիստներ, իմ գործընկեր  Դավիթ Գալստյանը եւս, օրերով հերթապահում էին Ստեփանակերտից դուրս եկող կամրջի մոտ, որպեսզի թույլ չտային տեխնիկայի դուրսբերումը, բայց, ավաղ, մենք անզոր էինք: Դա հեռահար նպատակ ուներ՝ Արցախին զրկել պաշտպանությունից եւ իրենց տերերին՝ Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանը որեւէ առնչություն չունի Արցախի հետ: Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին կոկորդը պատռելով հայտարարում էր, որ ինքն է գերագույն հրամանատարը, եւ որեւէ մեկը որեւէ գործառույթ իրականացնելու իրավունք չունի»,- հիշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ցանկացած արցախցի կփաստի, որ, 1988-ից սկսած, առաջին անգամ այդ օրերին Արցախն ու արցախցին իրենց մենակ զգացին: «Մենք մենակ էինք սեպտեմբերի 19-ին, եւ թվում էր՝ ողջ աշխարհը մեր դեմ է։ Դա ահավոր զգացողություն է, որը մենք չէինք ունենա, եթե ՀՀ-ն՝ ի դեմս գործող իշխանությունների, ակնհայտ մեզնից հրաժարված չլիներ եւ դա չաներ ցուցադրաբար: Դա դաժան զգացողություն է, որը բառերով նկարագրել հնարավոր չէ»: Արցախի ԱԺ պատգամավորը կարծում է, որ Փաշինյանի իշխանությունը գործել է նպատակադրված: Նա հիշում է՝ արդեն սեպտեմբերի 19-ին խաղաղ բնակչության շրջանում լուրեր էին պտտվում, որ զոհերի թիվն ավելին է, քան 44-օրյա պատերազմի ընթացքում, ընդ որում, զոհերի թվում՝ նաեւ երեխաներ, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ լուրերի ֆոնին հայտարարում էր, որ Արցախում անվտանգության խնդիր չկա. «Նա այդ հայտարարությունն անում էր այն ժամանակ, երբ թշնամին արդեն Ստեփանակերտում էր, երբ երեխաներ էին զոհվում, երբ քաղաքի ամենամոտ դիրքում բոլորն առանց մեկ քայլ նահանջելու զոհվել էին»: 

Մետաքսե Հակոբյանի հիշատակած հայտարարությունը Փաշինյանն արել է սեպտեմբերի 21-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում էլ հայտարարել է. «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»: Ադրբեջանական ագրեսիան արդարացնող այս հայտարարությունը Բաքուն մեր դեմ օգտագործեց՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանին ստորացրեց՝ նրա համար Փաշինյան ցիտելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image