ՀՀ Պետգույքի կառավարման կոմիտեն «Առավոտ» օրաթերթին նամակով տեղեկացրել է, որ խմբագրությունը պետք է լքի Մամուլի շենքը: Հիշեցնենք, որ 1994 թվականից «Առավոտի» խմբագրությունը գտնվել է հենց Մամուլի շենքում: «2025թ. հուլիսի 11-ի դրությամբ պայմանագիրը միակողմանի կարգով դադարեցվել է Կոմիտեի կողմից։
Պայմանագրի վերակնքում նախատեսված չէ»,- ասվում է Պետգույքի կառավարման կոմիտեի պատասխանում։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն նոր տարածքի փնտրտուքների մեջ են՝ հեռանում են Մամուլի շենքից:
«Այն ողբերգության ֆոնի վրա, որը մեր ժողովրդի հետ տեղի է ունեցել, այդքան մարդ անտուն է մնացել, ես էլ իմ տանը առոք-փառոք ապրում եմ և ինչ-որ փոքրիկ անախորժությունից բողոքել՝ այ ինչ խեղճ եմ ես, ինձ հետապնդում են, նպատակահարմար չեմ գտնում խոսել»,-ասաց Աբրահամյանը:
Արդյո՞ք սա դիտարկում է այս իշխանությունների կողմից լրատվամիջոցներին ճնշելու հավելյալ տարբերակ, Աբրահամյանն ասաց.«Հատկապես «Առավոտի» դեմ չեմ կարծում, բայց այս կառավարության վերաբերմունքը իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների նկատմամբ, շատ մեղմ ասած, անբարյացակամ է»: Փորձելու են բողոքարկել այս որոշումը, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ՝ վերջնական որոշում չկա:
Հանրային քննարկումներում «Առավոտ» օրաթերթի դեմ իշխանությունների այս որոշումն ընկալվում է որպես ճնշում՝ ոչ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան նախկին «լրագրողը» հայց էր ներկայացրել նաև «Հրապարակ» օրաթերթի դեմ թղթակիցներից մեկի հոդվածում՝ իրենց հասցեագրված սովորական հարցադրումների համար, ինչը Փաշինյանը որակել էր զրպարտություն և փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։