Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ելույթները բարձր գնահատականի են արժանացել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հրապարակման մեջ հավաքականի խաղերն ու անընդմեջ գրանցված երկու հաղթանակները բնութագրվել են որպես «բացարձակ դասական»։
Հայաստանի ընտրանին արդեն պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով ԵՎՐՈ-2026-ի առաջնությունում առաջին հավաքականը, որը վաղաժամ ապահովել է իր մասնակցությունը մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլին։ B խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, լարված և դրամատիկ խաղում 5։4 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին։
Ավելի վաղ՝ առաջին տուրում, Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 2։1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ընտրանու նկատմամբ՝ վստահ մեկնարկ ապահովելով մրցաշարում։