«Հրապարակի» զրուցակիցն «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, իսրայելահայ գործիչ Արտյոմ Չերնամորյանն է:
- Իսրայելը հոկտեմբերի 19-ին վերսկսեց օդային հուժկու հարվածները Գազայի ուղղությամբ, թիրախավորելով ՀԱՄԱՍ-ին՝ ի պատասխան պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների: Մի քանի ժամ անց, ՑԱԽԱԼ-ը վերադարձավ հրադադարի ռեժիմին՝ այդ ընթացքում վերացնելով ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին: Թրամփի խաղաղության ծրագիրն այդքան փխրու՞ն էր:
- Այո, ՀԱՄԱՍ-ը կրկին հարվածներ է հասցրել, որի հետևանքով երկու զինվոր է սպանվել: Սա հրադադարի կոպիտ խախտում էր: Փաստորեն, ՀԱՄԱՍ-ն այլևս չունենալով գերևարված կենդանի զինվորներ, ցանկանում էր նորից հրեական զինվորների գերի վերցնել, որը նրանց մոտ չստացվեց: Ի պատասխան՝ Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները մի շարք շրջաններում, հընթացս փակելով նաև Ռաֆահի անցակետը: Եվ միայն հոկտեմբերի 19-ի երեկոյան Իսրայելը որոշեց դադարեցնել կրակը, քանի որ ԱՄՆ-ն հորդորել էր չվերսկսել ռազմական գործողությունները:
Ընդհանրապես, Մերձավոր Արևելքում խաղաղությունը շատ փխրուն է, կարևոր չէ՝ Թրամփի ծրագիրն է, թե այլ մեկի: Իմ կարծիքով, պատերազմը միշտ էլ ցանկացած պահի կարող է վերսկսվել՝ անկախ նրանից, թե որ կողմն ինչ է խոստացել:
- ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իրենց հարվածների թիրախը եղել են շարժմանը դեմ հանդես եկող ներքին խմբավորումները: Տեղեկություններ կան, որ ՀԱՄԱՍ-ի զինյալներն առանձնակի դաժանություն են դրսևորել արաբ հակառակորդների նկատմամբ: Գլխատումներ և այլն:
- Վերջին մի շաբաթվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում ցուցադրաբար տասնյակ մարդիկ են սպանվել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից, մարդիկ են սպանվել, որոնք կասկածվում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ՝ ոչ մի ապացույց չունենալով: Նրանց գլխատել կամ հրապարակավ գնդակահարել են:
- Իսրայելը վերջնական ու երկարատև խաղաղության գլխավոր նախապայման շարունակում է համարել ՀԱՄԱՍ-ի զինաթափումն ու Գազայի ապառազմանակացումը, պաղեստինյան շարժումն էլ հայտարարում է, որ հավատարիմ է Թրամփի ծրագրին, բայց երբեք զենքը վայր չի դնի և կշարունակի պայքարը պաղեստինցիների ազատության և արդարության համար: Փակուղի չէ՞:
- Ի սկզբանե, եթե ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ զենքը վայր չի դնելու, սա նշանակում է ոչ թե փակուղի, այլ՝ Իսրայելը կազատի ձեռքերն ու վերջնական հակահարված կտա ՀԱՄԱՍ-ին: Իսրայելը կշարունակի զինաթափել պաղեստինյան շարժմանը ու կշարունակի պատերազմը: Այլ տարբերակ չկա: