Հասարակություն

«Դա Վինչիի» գործով մեղադրյալների շարքում պետք է լինեն նաեւ Մարիամիկն ու Աննան 

«Դա Վինչիի» գործով մեղադրյալների շարքում պետք է լինեն նաեւ Մարիամիկն ու Աննան 

Օգոստոսի 12-ին պայթած հերթական զբոսաշրջային սկանդալի արդյունքում «Դա Վինչի» տուրիստական գործակալության  հիմնադիր տնօրեն Գրիգոր Սարգսյանը հենց գրասենյակից  ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը հարուցված է «Դա Վինչիի» կողմից առերեւույթ խարդախության դեպքի առիթով․ մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որեւէ ամրագրում:

Ինչպես տեղեկացանք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանից՝ գործով անցնում է մոտ 3 տասնյակ տուժող, այլ կասկածյալներ այս պահին ներգրավված չեն։ Պատճառված վնասի գումարի չափը դեռ ճշտված չէ, քանի որ այն անընդհատ ավելանում է։ 

Գործով անցնող տուժողներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, «Հրապարակի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ մեղադրյալների շրջանակը շատ ավելի մեծ պետք է լիներ։ Վստահ է, որ ամեն ինչից տեղյակ են եղել նաեւ գործակալության աղջիկները՝ Աննան ու Մարիամիկը։ Այլապես, ասաց, այդպես չի լինում, որ բանից անտեղյակ մեկը 300 հոգու կարողանա խաբել։

«Մենք անձամբ էդ Գրիշիկ կոչեցյալին ոչ մի կոպեկ չենք տվել, մենք կոնկրետ տվել ենք Մարիամ կոչեցյալին, որն իմ ձեռքն էր տվել լրիվ սխալ տպված, կեղծ տոմս՝ շատ լավ իմանալով, որ ամրագրում չի արել, ես չկամ, ու ինքն էդ գումարը չի փոխանցել ու ինձ համար տոմս չի առել։ Ու էնքան հիմար է, որ անգամ ռեյսը ժամի հետ չէր համընկնում։ Էդ ժամին նման ռեյս չկար։ Ո՞նց կարող է Մարիամն անմեղ լինել։ Ու ինքը բոլորի ժամերը պարբերաբար սխալվե՞լ է։ Տոմս է տպում տալիս, ժամը սխա՞լ, էդպիսի բան կարո՞ղ է լինել։ Կամ ասում եմ՝ հյուրանոցիս վաուչերն ո՞ւր է, ասում է՝ ես ուղարկե՜լ եմ, ուղարկել եմ․․․»,- ասաց կինը։

Մարիամիկը նաեւ կնոջը փորձել է վստահեցնել, որ նա անպայման կթռչի։ Ո՞նց՝ հարցրել է կինը։ Մարիամիկն էլ, թե՝ մի ձեւ։ Հետո ասել է, թե քանի որ շատ մարդիկ կորոնավիրուսի պատճառով վերջին պահին հրաժարվում են մեկնել, տեղ է բացվում, խոստացել է այդ տեղերը վերջին օրով ամրագրել, ինչը, իհարկե, չի արել։ Տուժած կինը նշեց՝ Երրորդ մասի գրասենյակում էլ նույն գործառույթը կատարում էր ոմն Աննա։

«Ու անգամ, երբ Մարիամը լացելով պնդում էր, թե մենք թռնելու ենք, էդ Աննան շուռ եկավ, վրան գոռաց՝ ի՞նչ ես մարդկանց ստից բաներ ասում, չի լինելու ռեյս։ Էդ Աննա կոչեցյալը պարտավորագրեր էր բաժանում Աննա Առուստամյանի անունով։ Երբ իրեն դիմեցի՝ ո՞վ ես, հարյուր հատ Աննա Առուստամյան կա, ո՛չ անձնագիր ես գրում, ո՛չ մի բան, պատասխանեց՝ ես էստեղի վստահված անձն եմ։ Ասում եմ՝ ո՞ւր է թուղթդ, որ էստեղի վստահված անձն ես, ձայն չի հանում։ Օրվա վերջում պարզվեց, որ էս Աննա Առուստամյան կոչեցյալը պասպորտով Ռոզա Առուստամյան է։ Այսինքն՝ ինքը կեղծ անունով, տունն իրան Գվենիկ են ասել, ինքն էդ անունով մարդկանց պարտավորագրեր է տալիս․․․ հա, մեղք են էդ պռոշները լցրած խեղճ Մարիամիկն ու էդ խեղճ Աննան»։

Ի դեպ, ընկերության այլ աշխատակիցների եւ նույն Աննայի  հեռախոսահամարները, որ դեռ կան Սփյուռում, կա՛մ անջատված են, կա՛մ «ռադիոծածկույթից դուրս»։ Ինչպես նաեւ ֆեյսբուքյան էջն է ապաակտիվացված։ Թեպետ ընկերության կայքը դեռ գործում է եւ հեքիաթային առաջարկներ է ներկայացնում աշխարհի տարբեր ուղղություններով։

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ զբոսաշրջիկների մի մասի համար էլ ավիատոմսի գումարը փոխանցված է եղել, սակայն հյուրանոցներինը՝ ոչ, եւ բազմաթիվ ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկներ առաջին օրերին Կիպրոսում ուղղակի թափառելիս են եղել։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ամենամեծ գումարը, որն ընկերությունը շորթել է չկայացած զբոսաշրջիկներից, եղել է 8 հազար 700 դոլար․ գումարը փոխանցել էին՝ ամբողջ ընտանիքով 14 եւ ավելի օր հանգստանալու համար։ Երբ տուժած քաղաքացիները պաշարել են ընկերության գրասենյակը, եւ հեռախոսները սկսել են զանգել, հենց տուժողներից մեկն էլ պատասխանել է հեռախոսին եւ լսել է Մալդիվյան կղզիներից հեռախոսի մեջ լացող մեկ այլ կնոջ ձայն։ 

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որը եւս տուժածներից է, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Դա Վինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաեւ արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ եւ տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։ «Այսօր ԱՄԷ-ի Դուբայ քաղաքից ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։ Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով, ցավոք, փոխհատուցման հեռանկարներն են նվազում»,- գրել է Ասլանյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image