Հունիսի 13-ից Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց: Մասնագետների կարծիքով՝ Իրանի ռազմական ներուժն ավելի խոցելի է, քան թվում էր, թեեւ անպատասխան չի թողնում հարձակումները:
Բայց այսօր գլխավոր հարցը Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցությունն է պատերազմին՝ Իսրայելի կողմից: Փորձագետները հաստատում են՝ դա կարող է ժամերի հարց լինել: Առայժմ ԱՄՆ-ի մասնակցությունն Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմին հարցականի տակ է: Շատ դժվար է կանխատեսել 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը: Մի կողմից, ԱՄՆ-ն պաշտոնապես չի հայտարարել պատերազմին պատրաստ լինելու մասին, մյուս կողմից՝ Թրամփը հրապարակում է խորհրդավոր գրառումներ, կոչ է անում Իրանի իշխանություններին՝ հանձնվել։ «Ես կարող եմ դա անել (միանալ հարձակմանը), բայց չեմ կարող անել դա։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ անելու։ Ես կարող եմ ասել, որ Իրանը շատ խնդիրներ ունի եւ ուզում է բանակցել։ Ես ասացի՝ ինչո՞ւ չեք բանակցել ինձ հետ այս ամբողջ մահաբեր իրադարձություններից եւ ավերածություններից առաջ»,- ասել է Թրամփը եւ հիշել, որ 40 տարի շարունակ Իրանը խոստանում էր «մահ Ամերիկային», «մահ Իսրայելին», «մահ նրանց, որոնց նրանք չեն սիրում»։
«Պատերազմը շատ բարդ բան է։ Հնարավոր են շատ շրջադարձներ։ Այնպես որ, ես չէի ասի, որ մենք ինչ-որ բան ենք շահել։ Ես կասեի, որ մենք, անկասկած, մեծ առաջընթաց ենք գրանցել»,- ասել է Թրամփը եւ նշել, որ «հաջորդ շաբաթը շատ կարեւոր է լինելու»։ Օրերս էլ Թրամփը եւ նրա անվտանգության թիմը հանդիպում էին անցկացրել Սպիտակ տանը՝ քննարկելու Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածությունը: Մի քանի աղբյուրներ Axios-ին հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը լրջորեն քննարկում է պատերազմ սկսելու եւ Իրանի միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ Ֆորդի ստորգետնյա ուրանի հարստացման գործարանին հարվածելու հնարավորությունը: Հունիսի 17-ի երեկոյան Թրամփը զանգահարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: 2 իսրայելցի պաշտոնյա ամերիկացի լրագրողներին ասել էին, որ Թրամփը, հավանաբար, առաջիկա օրերին պատերազմ կսկսի՝ Ֆորդի գործարանը ռմբակոծելով: Հիշեցնենք, որ հենց այս շփումից մեկ օր առաջ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիից պահանջել էր «անվերապահ կապիտուլյացիա» եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն «գիտի, թե որտեղ է նա թաքնվում», թեեւ «չեն պատրաստվում սպանել նրան, գոնե՝ առայժմ»:
Ըստ փորձագետների՝ Թրամփն Իրանի իշխանություններին փոքր պատուհան է թողել բանակցությունների համար։ «Մենք այժմ ունենք Իրանի երկնքի նկատմամբ լիակատար վերահսկողություն: Իրանն ուներ լավ հսկողության համակարգեր եւ այլ պաշտպանական սարքավորումներ, եւ դրանք շատ էին, բայց դրանք ոչինչ են ամերիկյանի համեմատ»,- գրել է նա: Նահանգները դեռ պաշտոնապես չի մտել պատերազմի մեջ, բայց օգնել է Իսրայելին՝ հետ մղել իրանական հրթիռները՝ նշել է պետքարտուղար Ռուբիոն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է արել Թեհրանին՝ չհարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ ինքնաթիռներ տեղակայել Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ F-16, F-22 եւ F-35 ինքնաթիռներ՝ հաղորդում է Reuters-ը, հղում անելով 3 ամերիկացի պաշտոնյայի, որոնք լրագրողների հետ զրույցում ընդգծել են, որ կործանիչները սովորաբար օգտագործվում են պաշտպանական նպատակներով։
Ի պատասխան ԱՄՆ առաջնորդի նախազգուշացումներին եւ հանձվելու կոչերին, Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Թեհրանի հետ ցանկացած ռազմական բախում նրանց կպատճառի «անդառնալի վնաս», եւ նշել է, որ մարտը նոր է սկսվում։ Իրանցի 2 պաշտոնյա իրենց հերթին «Նյու Յորք Թայմս»-ին ասել են, որ եթե Միացյալ Նահանգները հարված հասցնի, Իրանը կհարձակվի Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ սկսելով Իրաքում գտնվող բազաներից, կարող են հարվածել Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն միջամտի իրանա-իսրայելական պատերազմին։ Այս մասին գրում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ TasnimNews-ի փոխանցմամբ՝ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Բահրեյնի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Օմանի, Սիրիայի եւ Թուրքիայի նման երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները գտնվում են իրանական հրթիռների հասանելիության դաշտում։ Միաժամանակ Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բոլոր նման օբյեկտները հասանելի են Իրանի զինված ուժերի համար, եւ հարվածելու որոշումը կկայացվի անմիջապես, եթե իրավիճակը սրվի։ Իսկ որ դրությունն ավելի քան պայթյունավտանգ է ու սպառնալից, այդ թվում՝ Իրանին սահմանակից Հայաստանի համար, ակնհայտ է: