Քաղաքականություն

Օրենքը թույլ չի տալիս Լյուդվիգ Գյուլնազարյանին նշանակել համայնքապետի ԺՊ

Օրենքը թույլ չի տալիս Լյուդվիգ Գյուլնազարյանին նշանակել համայնքապետի ԺՊ

Կառավարությունը հունվարի 16-ի նիստում Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացրեց։ Փարաքարում արտահերթ ընտրություններ կանցկացվի երկու ամիս անց՝ մարտի 30-ին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ի «փրայմըրիզում» հաղթած թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Հիշեցնենք, որ քրեական պատմության մեջ հայտնված Գյուլնազարյանը երկու ամիս առաջ էր հրաժարական տվել։ Հիմա` իբրեւ թե պարզվել է, որ նա հանցանք չի կատարել եւ կրկին դարձել է համայնքապետի թեկնածու: Սակայն բանն այն է, որ Գյուլնազարյանին նշանակելով Փարաքարի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար իշխանություններն ապօրինություն են իրականացնելու, քանի որ Փարաքարն ունի համայնքի ղեկավարի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը։ Համայնքապետի ժ/պ կարող է նշանակվել միայն այն դեպքում, եթե չկա համայնքապետի տեղակալ։ Մինչեւ «փրայմըրիզը» Արթենյանն, իհարկե, ստիպված է եղել հրաժարականի դիմում գրել, սակայն այն չի ստորագրվել` օրենքի ուժ չի ստացել։ Իսկ Արթենյանին աշխատանքից կարող է ազատել բացառապես համայնքի ղեկավարը, իսկ համայնքի ղեկավար Փարաքարը չունի։ Ստացվում է, որ Արթենյանի՝ համայնքի ղեկավարի տեղակալի հաստիքը թափուր չէ, համայնքապետարանի պաշտոնական էջում նրա նշանակման հրամանը կա, ազատման հրամանը չկա։ Եւ Գյուլնազարյանը համայնքապետի ժ/պ կարող է նշանակվել միայն այն դեպքում, եթե համանքապետի պարտականությունները կատարող Արթենյանի ազատման դիմումը ստորագրված լինի։

Կարապետ Արթենյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, հարցին՝ կարո՞ղ ենք տեսնել այդ դիմումը, եւ ո՞վ է այն ստորագրել, ո՞վ է աշխատանքից ազատել, եթե փաստացի համայնքի ղեկավար չկա, ասաց՝ չգիտի, ինքը դիմումը գրել է, թե հետո ինչ է եղել՝ չի էլ հետաքրքրվել, հիմա իրերն է հավաքում, որ հեռանա։ «Ես դիմում եմ ներկայացրել, սակայն չգիտեմ, թե հետո ինչ է եղել, ոչնչից տեղյակ չեմ։ Համայնքի ղեկավարը կնշանակվի՝ կազատի»,-ասաց նա։ 

Ըստ օրենքի՝ ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, «վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Նույն օրենքի հոդված 30-ի 3-րդ կետն ասում է, որ համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: Ստացվում է, որ իշխանությունները հերթական անգամ ապօրինության են գնում՝ իրենց սրտի ՔՊ-ականին համայնքի ղեկավար նշանակելու համար։ 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՏԻՄ-երի նկատմամբ իշխանության վերաբերմունքը բոլորին պարզ է` բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքապետը ՔՊ-ական չէ, իշխանությունը փորձում է ցանկացած եղանակով իշխանությունը վերցնել։ 

«Օրենքի փոփոխություններ արվեց Գյումրիում պաշտոնակատար նշանակելու համար, որի անհրաժեշտությունը չկար, կարող էին առանց դրա էլ ընտրություններ կազմակերպել։ Այս մոդելը փորձում են կիրառել Փարաքարում, բայց ինչպես նշեցիք՝ իրավական խնդիր կա, որի լուծումն այս պահին հայտնի չէ։ Եթե համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր չէ, ապա ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող նշանակել»,-ասաց նա։
Անկախ նրանից, թե ՔՊ-ն ինչ կանի Փարաքարում, Առաքելյանը վստահ է՝ «Ապրելու երկիրը» ընտրություններում կստանա համայնքի բնակիչների մեծ աջակցությունը։ «Վերջին տարիների բազմաթիվ իրադարձությունները, համայնքի ոչ որակյալ կառավարումը փարաքարցիների համար ցուցիչ է լինելու մեր ուժին վստահություն տալու համար»,-ասաց նա։ Հիշեցնենք` Փարաքարում վերջին ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայները հավաքել էր «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդիա Գրիգորյանը, սակայն նրա դեմ պայքարող «ՔՊ»-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմելով` մեկ ձայնի առավելությամբ, վերցրին Փարաքարը։ 

Մարտին կայանալիք ընտրություններին էլ է Վոլոդիա Գրիգորյանը լինելու «Ապրելու երկրի» թեկնածուն։ Խոսելով ընտրություններից սպասվող արդյունքների մասին՝ Առաքելյանն ասաց, որ մեծ սպասելիքներ ունեն։ «Մենք ազնիվ ենք եղել մեր ընտրողների հետ, ուստի հույս ունենք, որ կարժանանանք նրանց վստահությանը։ Մեծ համոզմունք ունենք, որ այս անգամ շատ ավելի մեծ թվով բնակիչներ իրենց քվեն կտան մեզ, քան եղավ 3 տարի առաջ»,-ասաց Առաքելյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image