Հասարակություն

Աննան ասեց՝ դատարկ բնակարանները տվեք կարիքավորներին, հիմա իրենց բնակարանը ծախում են

Աննան ասեց՝ դատարկ բնակարանները տվեք կարիքավորներին, հիմա իրենց բնակարանը ծախում են

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն աղքատության մասնագետ է: Կարիքավոր խավի հետ է աշխատում մոտ 20 տարի: Գյումրու տնակային թաղերում նրան ամեն մի շուն ճանաչում է: Փաշինյանի հայտնի «լայվը»՝ կոմունալ համերաշխության մասին, որը լսել ու զարմանքով քննարկում է ողջ Գյումրին, Վահան Թումասյանին վերադարձրել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանոյի ժամանակները, երբ ասում էին՝ պարտք արեք, ապրեք:

 «Իդեալիստական պատկերացումները կյանքի հետ կապել, այն էլ այս ծանր պայմաններում, հասարակության վրա թողնել սոցիալական ծանր խնդիրների լուծումը, սխալ է: Այլ բան է, որ գործիքներ օգտագործես, ասենք, հարկային արտոնությունների մեխանիզմ ներդնես, որ մարդը դա անի: Միայն կոչով չի լինում»,- մեր խնդրանքով կարծիք հայտնեց Վահան Թումասյանը: 

Նա հիշեցրեց Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հորդորը՝ դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին: «Ոչ մեկն էլ իր տունը չտվեց անապահովներին: Փաշինյանը տվեց, բայց ինքն էլ, որքան գիտեմ, կրակն ընկավ այդ ընտանիքի ձեռքը, հիմա ծախում է էդ բնակարանը: Մի կոչ, որը չի իրականանալու, արժեզրկում է գաղափարը: Եթե ինչ-որ մեկը բարեգործություն անելու կարիք ունի, նրան ոչ մի կոչ էլ դրա համար պետք չի: Անցյալ տարի ամերիկահայ բարերար Ջեք Յուրիջյանը 13 բնակարան նվիրեց Գյումրիին: Միշտ էլ ամբողջ կյանքն անում էր էդ մարդը: Կամ՝ եթե ես իմ բարեկամի համար կոմունալը վճարել եմ ու էդ մասին լռել եմ, ես կոչին հո՞ չեմ հետևել: Հակառակը՝ էդ կոչերը որ լինում են, ինչ-որ արգելանք է առաջանում մարդու մոտ, որ կմտածեն, ըհը, տես, կոչ արին, ինքն էլ մուծեց»: 

Վահան Թումասյանը կորոնավիրուսի հետևանքների իր հաշվարկն ունի. «Մարզերում զբաղվածությունն այն մակարդակի չէր, որ շատերն աշխատանք կորցնեին, ինչպես Երևանում: Գյումրիում՝ մի 80-100 մարդ, ոչ ավել: Աղքատությունն այստեղ առանց այն էլ ծայրահեղ էր, որից այն կողմ էլ չկա: Ժամանակավոր աշխատանքով զբաղվողները էդ 2000-4000 դրամը ստանալով, ջեռուցման, լույսի վրա ծախսելով, էլի աղքատ մնացին: Ես կողմ կլինեի, որ այդ գումարները դրվեին, օրինակ, գարնանացանի, գյուղատնտեսության վրա, որ մարդիկ աշխատեին, քան զուտ սոցիալականի: Մենք ֆետիշացրեցինք էդ սոցիալականը, բերինք գումար, սնունդ բաժանեցինք, ու հիմա էլի բոլորը ուզվոր են դարձել: Մարզերում, մասնավորապես, Գյումրիում, այս ուզվորի հոգեբանությունը մեր հասարակության վրա ավելի շատ կազդի, քան կորոնավիրուսը տնտեսության վրա»: 
Գյումրիում այսօր, ըստ «Շիրակ կենտրոնի» ղեկավարի, բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ հարևանն էսինչ տեղից օգնություն ստացավ, ինքը չստացավ: «Աղքատ խավը խճճվել է էդ մեկ կետ, երկու կետ, 16 կետերի մեջ: Մարդիկ գլուխ չեն հանում»: 

Դուք նկատե՞լ եք, որ, ինչպես Փաշինյանն է ասում, հարուստներն օգտվեցին օգնություններից, աղքատները մնացին: «Ոչ: Ես չեմ պատկերացնում, որ կան հարուստներ, որ էդ 2-4 հազարների համար պայքար կմղեն»: Իսկ ինչպե՞ս էր պետք ֆիքսել աղքատներին, Փաշինյանն ասում է, որ սխալ են թիրախավորել կարիքավորներին: «Տեսեք, ես ունեմ ցուցակներ, տալիս եմ էսինչ բարերարին, որ գնա, տնակային ավանի բնակիչներին օգնի: Ո՞նց կարող է ես ունենամ այդ ցուցակները, պետությունը չունենա»,- պատասխանեց Վահան Թումասյանը: Նա համոզված է՝ ամեն համայնք գիտի իր աղքատ խավին, և պետությունը պետք է աշխատեր համայնքների հետ, ոչ թե գազ տվողի ու հոսանք արտադրողի: 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image