Կայքերն էլ հետաքրքիր են։ Հենց ՔՊ-ականի մասին նյութ են հրապարակում, կցվում է նախազգուշացում՝ «Հարգելի ընթերցող, խնդրում ենք պահպանել էթիկայի կանոնները»։ Խմբագիրները գիտեն, որ նման նյութերի մեջ էլեկտրական հոսանք կա, հենց ձեռք կպցրին, խփելու է ընթերցողի սրտին ու սկսելու են հայհոյել։ Դրա համար զգուշացնում են։ Սրանից ավելի լավ գնահատական, վիճակագրություն կարո՞ղ է լինել ՔՊ-ի մասին։ Մարդիկ անգամ ՔՊ-ականների անունները չեն ուզում լսել և լսելուց ցնցումների մեջ են ընկնում։ Այս երևույթը բավական հետաքրքիր է և հոգեբանական տեսանկյունից՝ ուսումնասիրելի։ Կայքի նախազգուշացումը սովորաբար հոգեբանական պաշտպանության մեխանիզմ է՝ «ես ձեզ զգուշացրի» Ֆորմատով, որը նրանց ազատում է հնարավոր հոգեբանական պատասխանատվությունից՝ եթե մեկնաբանությունները դուրս գան կարմիր գծի սահմաններից ։
ՔՊ-ականների մասին նյութերը հաճախ առաջացնում են ուժեղ էմոցիաներ, և խմբագրությունը դա կանխատեսում է՝ դիտողությունների և մեկնաբանությունների ձևը բավական հաճախ նույնն է։ Զայրույթը, հատկապես, ամենազորեղ էմոցիան է, որը ֆիզիկական և հոգեբանական առումով վտանգավոր է առաջին հերթին այն մարդու համար, ով այդ զայրույթն է ապրում։ Ֆիզիկապես այն նման է «էլեկտրական հոսանքին», իսկ հոգեբանորեն՝ խափանում է ռացիոնալ մտածողությունը և կարող է անջատել մարդու գիտակցությունը՝ միացնելով էմոցիաները։ Սա բացատրում է, թե ինչու Փաշինյան զույգը հաճախ հանրությանը պահում է զայրույթի վիճակում. այն գործիք է, որով հնարավոր է վերահսկել մարդկանց հոգեբանական արձագանքը և նվազեցնել նրանց ռացիոնալ քննադատությունը։ Սա մարդկային հոգեբանության ամենաթարմ փորձարկումն է, որն իրականացնում է զույգը։
Եվ եթե ձեզ թվում է, թե հանրությունն ինչքան զայրույթի ռեժիմի տակ լինի, ինչքան զայրանա, Փաշինյանը չի դիմանա ու հրաժարական կտա, չարաչար սխալվում եք։ Ժամանակն է միացնել ռացիոնալ մտածողությունը և մտածել, թե ինչպես կարելի է ազատվել Փաշինյանից։ Ժամանակն է ռեալ մտածել, թե ինչու՞ է Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական շտաբի պետ է նշանակել Արայիկ Հարությունյանին և շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ՝ Վահագն Ալեքսանյանին։ Այս երկուսի անունը ամենաշատ շահարկվածն է և նրանց տեսքը նույնիսկ մարդկանց մոտ զայրույթ է առաջացնում։ Այնպես չէ, որ մյուս ծառայություն մատուցողները ժողովրդի աչքի լույսն են։ Դուք արդեն հասկացաք։ Նրա՛նց է նշանակել, որ ձեր զայրույթի միջոցով կառավարելի դարձնի ձեզ, որպեսզի ռացիոնալ միտք չառաջանա ձեր գլխում, տրվեք անիմաստ էմոցիաների։ Խնդրում եմ պահպանել էթիկայի նորմերը։ Խնայեք ձեզ։