Հասարակություն

84 տոկոսը պատվաստվել է

84 տոկոսը պատվաստվել է

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանրային իշխանության մարմինների ղեկավարներին` ի կատարումն առողջապահության նախարարի հայտնի հրամանի, «շրջաբերական» է իջեցրել․

«Սահմանված սանիտարական կանոնները պահպանելու եւ հանրային իշխանության մարմիններում պատասխանատվության միօրինակ միջոցներ կիրառելու նպատակով, վարչապետի հանձնարարությամբ, խնդրում, առաջարկում եմ․ յուրաքանչյուրն իր մասով ապահովել տվյալ մարմնի կարգապահական՝ աշխատանքային, ծառայողական կարգապահություն, յուրաքանչյուր մարմնի կարգավիճակի կառուցվածքի կառավարման առանձնահատկություններից ելնելով, սահմանել համապատասխան պաշտոնատար անձի՝ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար, ստորաբաժանման ղեկավար եւ այլն, պարտականությունն իր իրավասության սահմաններում սահմանված աշխատանքի՝ ծառայության ներկայանալու համար անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթի ստուգումը  համապատասխան մարմնում հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքի կամ ծառայության ներկայանալիս»։ 

Խոսքը պատվաստման մասին տեղեկանքի կամ թեստի բացասական եզրակացության ներկայացման մասին է, որը հսկելու պարտականությունը դրված է գլխավոր քարտուղարների կամ անձնակազմի կառավարման վարչության պետերի վրա։ Այս անձինք հրամանի խախտման դեպքում պարտավոր են մեկօրյա ժամկետում այն թույլ տված անձին կարգապահական պատասխանատվության ենթարկել եւ կարգապահական տույժ կիրառելու մասին տեղեկատվություն տրամադրել վերադասին։ Մենք փորձեցինք պարզել է, թե այդ մարմիններում ինչպես են աշխատելու հոկտեմբերի 1-ից հետո։ ԿԳՄՍՆ անձնակազմի կառավարման  վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը նախ ասաց, թե ստուգումները սկսվելու են հոկտեմբերի 14-ից։

Հիշեցնենք․ աշխատանքի ներկայանալու համար կա՛մ պատվաստման QR կոդ, կա՛մ ՊՇՌ բացասական եզրակացություն է հարկավոր՝ ամեն 14 օրը մեկ։

«Մեր աշխատողների հաստիքային միավորը 351 է, բայց փաստացի աշխատում է 275 հիմնական աշխատող, եւ ունենք 20 փորձագետ, որոնցից 247-ն արդեն պատվաստվել է։ Ընդամենը 48 աշխատակից կա, որ պատվաստված չէ, այն էլ հիմնականում տարբեր խնդիրներով են։ Բժշկի ցուցումներով առայժմ չեն պատվաստվել եւ պետք է ներկայացնեն թեստի իրենց պատասխանը։ Այսինքն՝ մոտ 84 տոկոս պատվաստվածներ ունենք»,- հայտնեց ԿԳՄՍՆ անձնակազմի վարչության պետը։ Մյուս 16 տոկոսին բժիշկները ցուցում են տվել չպատվաստվել` սրտանոթային եւ այլ խնդիրների հետ կապված, վիրահատությունների պատճառով, կամ նրանց, ովքեր վերջերս քովիդ են տարել, ունեն արյան մակարդելիության հետ կապված հակացուցումներ։ «Դրա համար մեծ մասն ասաց՝ կներկայանանք աշխատանքի, արդեն հոկտեմբերի 12-ին, 13-ին պետք է ունենան թեստի պատասխանը, որ ներկայանան աշխատանքի»։

Հարցին` իսկ նախարար Դումանյանը պատվաստվե՞լ է, ասաց՝ այո, իհարկե․ «Մեզ մոտ բոլոր փոխնախարարները, նախարարը, նախարարի օգնականներն ու փոխնախարարները»։
Արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ 29․09․2021թ․ դրությամբ արդարադատության նախարարության աշխատակիցների 84 տոկոսը պատվաստված է, 6 տոկոսի մոտ առկա է հակացուցում։ Արդարադատության նախարարությունն առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի ժամկետների կիրառման շուրջ ունի իր մոտեցումը, այսինքն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջն այստեղ կիրառելու են հոկտեմբերի 1-ից` «կանխելու համար վարակակիր աշխատակցի մուտքն աշխատավայր»։

Հետաքրքրվեցինք նաեւ բուն կառավարությունից․ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հարցին, թե գրանցամատյաններ վարելո՞ւ են, ասաց․ «Վստահ եմ, որ վարչապետի աշխատակազմում առողջապահության նախարարի որոշման բոլոր կետերը կպահպանվեն համապատասխան կարգով սահմանված ժամկետներում»։ Նա չբացառեց, որ կառավարության աշխատակազմում էլ կլինեն մարդիկ, որ կհրաժարվեն պատվաստումից, բայց իրեն նման դեպք հայտնի չէ։
Ասաց, որ կառավարության բոլոր անդամները պատվաստվել են, եւ այդ մասին հրապարակային հայտարարություններ բազմիցս եղել են։ 

ՀԳ․ Մի բան պարզ է, որ այս հարցում էլ միասնական մոտեցում չկա` խառնաշփոթ է․ մի նախարարությունում հրամանի կատարումը սկսելու են հոկտեմբերի 1-ից, մյուսում` 14-ից: Ըստ որոշ լուրերի` չպատվաստված եւ թեստ չունեցող անձանց չեն թողնելու մտնել աշխատավայր եւ անհարգելի բացակա են դնելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image