Քաղաքականություն

Այդպես կվարվեր ՀՀ ազգային շահով առաջնորդվող ղեկավարը

Այդպես կվարվեր ՀՀ ազգային շահով առաջնորդվող ղեկավարը

Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը նախորդ գիշեր սկսել է Իրանի վրա հարձակում՝ դա չի խանգարել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին մեկնել Չեխիա՝ Պրահա, «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով:

Փաշինյանի աշխատակազմից տեղեկացրել են, որ «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես մասնակցելու՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ նման իրավիճակներում երկրի մասին մտածող ղեկավարը մնում է իր երկրի տարածքում:

«Բայց քանի որ այնտեղ կար մի պանելային քննարկում, որը վերաբերվում էր իր նախընտրական կամպանիային՝ հարևանների հետ ինչ-որ բարիդրացիական հարաբերություններ ունենալու մասին, ինքը չէր կարող բաց թողնել առիթն ու չմասնակցել այդ գործընթացին»,-շեշտում է Բադալյանը:

Փաշինյանի համար դա կարևոր է, քանի որ դա իր նախընտրական օրակարգի շրջանակներում է: Փաշինյանը այդ քաղաքական գիծն է որդեգրել ու իր համար նպատակ է դարձել՝ ամեն գնով կնքել խաղաղության պայմանագիր, մինչև մյուս տարվա ընտրությունները:

«Դրա համար ինքը ցանկացած միջոցառման գնում է, և գնում է նման թեմաներով քննարկումներին մասնակցություն ունենալու, ելույթ ունենալու, քննարկումներ իրականացնելու համար: Ինքը գիտի, որ Հայաստանի շուրջ կատարվող ոչինչ իրենից կախված չէ, գիտի, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետությունն է ապահովում և ինքը Հայաստանում կլինի, թե Հայաստանից դուրս կլինի՝ դա էական նշանակություն չունի: Տրամաբանական է, որ նման իրավիճակներում երկրի ղեկավարը մնա երկրի տարածքում, սակայն դա վերաբերվում է ազգային շահով առաջնորդվող գործընթացներին և ոչ թե մեր իրավիճակին»,-ասաց Բադալյանը:

Փաշինյանից ոչինչ կախված չի, և Հայաստանը չունի թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքը» կանխելու ցանկություն անգամ, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանն է պահում, իր ներկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի փոխում, նկատում է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը հավելում է, իշխող քաղաքական ուժն այնքան գործընթացներ է ծավալել ընդդեմ Հայաստանի շահի, որ մեկ հատ ավել, մեկ հատ պակաս՝ արդեն նշանակություն չունի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image