Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորությամբ, հանդիպումներ ունեցան ՀՀ ԱԺ խմբակցությունների ու ոլորտային հանձնաժողովների անդամների հետ։ Հանդիպումներից հետո Փրայսն ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդես եկան համատեղ ասուլիսով։ Հարցադրումներն ու պատասխանները, ԱՄՆ կոնգրեսականի շեշտադրումներն ու դիվանագիտական շրջանցումները հիմնականում նույնն էին, ինչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Հրապարակն» այս անգամ նույնպես ԱՄՆ կոնգրեսականից հետաքրքրվեց, թե Միացյալ Նահանգները պատրա՞ստ են անհրաժեշտության դեպքում անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին ու Արցախին՝ ապահովելու ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ սահմանների անվտանգությունը։ Արդյոք դրա համար ԱՄՆ-ն ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական կուրսը, օրինակ՝ թուլացնի ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այլն։
Նույն հարցն ուղղեցինք նաեւ Էդուարդ Աղաջանյանին, ով վերջերս հայտարարել էր, թե Հայաստանն այլեւս ռեսուրս չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Հարցրինք՝ եթե Հայաստանը հրաժարվում է Արցախի անվտանգությունն ապահովելուց, արդյոք իրենք համարո՞ւմ են, որ միայն Ռուսաստանն է այսօր Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ ԱՄՆ-ն եւս կարող է մասնակցություն ունենալ։
Մինչ Դեյվիդ Փրայսը կպատասխաներ, նախ մեր հարցին անդրադարձավ Էդուարդ Աղաջանյանը, ով հասկացել էր, որ մեր հարցի ենթատեքստում ընկած են իր՝ օրեր առաջ տված հարցազրույցն ու արտահայտած միտքը։ Եվ սկսեց արդարանալ, թե ինչ է իրականում ինքն ասել ու ինչու է այդպես ասել․ «Ես ենթադրում եմ՝ հարցն առաջացել է վերջերս իմ կողմից տրված հարցազրույցում հնչեցրած կարծիքից։ Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ տվյալ հարցազրույցի ժամանակ։ Նախքան տվյալ գնահատականին հանգելը՝ ես կարեւորել եմ արձանագրել հետեւյալը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որեւէ վերահսկողություն տվյալ տարածքների նկատմամբ չունեն, եւ սա փաստ է։ Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանը տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն Արցախին եւ շարունակելու է այս օգնությունը տրամադրել։ Սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական եւ անվտանգային երաշխիքների հետ, եւ, այս առումով, ես կարծում եմ, որ պետք է ընդամենը արձանագրել, որ, այո, ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայության պայմանով է պայմանավորված արցախցիների անվտանգությունը եւ այն փաստը, որ մեր քաղաքացիները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»։
Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ, ընդհանրապես, միջազգային գործընկերների ներգրավվածությանն այս գործընթացում, ապա Էդուարդ Աղաջանյանը դարձյալ հիշեցրեց իր հարցազրույցը, որտեղ ինքն արձանագրել է միջազգային հանրության՝ տվյալ հարցում ներգրավվածության եւ Հայաստանի դիվանագիտության գործադրած այն ջանքերի կարեւորությունը, որոնց արդյունքում այդ ներգրավվածությունը պետք է լինի հնարավորինս խոր եւ համապարփակ։
Իսկ մեր հնչեցրած հարցին ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Փրայսը տվեց հերթապահ պատասխան՝ առանց առարկայական դիրքորոշում հայտնելու։ «ԱՄՆ-ն պատրաստակամ է՝ ներգրավվել բազմակողմանի եւ երկկողմանի բանակցություններում, եւ մենք, իհարկե, Մինսկի խմբի մեր համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում եւ հասկանում ենք, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների, եւ պահանջվում են անդադար քննարկումներ։ Մեր երկիրն ամենայն պատրաստակամությամբ իր աջակցությունը կհայտնի, եւ մենք չենք ուզում, որ որեւէ մի կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր։ Ընդհակառակը, ուզում եմ ասել, որ մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա»,- ասաց Դեյվիդ Փրայսը։
ԱՄՆ կոնգրեսականը, ով հպարտորեն հայտարարեց, թե իրենք լրջորեն են ընկալում Մինսկի խմբի իրենց համանախագահողի դերը, հավանաբար, տեղյակ չէ Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններից, թե Մինսկի խումբն այլեւս գոյություն չունի, այդ ֆորմատն իրեն սպառել է, եւ իրենք 2020 թվականին վերջնականապես լուծել են Արցախի հարցը, հետեւաբար՝ ԱՄՆ-ն էլ որեւէ լուրջ դերակատարում հազիվ թե ունենա այդ «սպառված ֆորմատում»։ Փրայսի խոսքում, սակայն, ուշագրավն այն միտքն էր, որ իրենք չեն ուզում, որ որեւէ մի կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր։ Սա նշանակում է՝ ԱՄՆ-ն թողնում է Հայաստանի հայեցողությանը, թե Հայաստանն ինչ դեր է նախատեսում ԱՄՆ-ի համար, արդյոք նույնը, ինչ Ռուսաստանի՞ն է վերապահված, թե՞ մի փոքր ավելի։