ՄԻԱՎ-ով հիվանդ դատապարտյալ Ա.Դ-ն մոտ 20 օր հացադուլի մեջ էր եւ անգամ ինքնասպանության փորձ էր կատարել, պահանջելով, որ նրան Նուբարաշենի բերդից տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ պահվում են նման հիվանդները: Բազմաթիվ բողոքներից, նաև «Հրապարակ» թերթի անդրադարձներից հետո դատապարտյալին վերջապես` ապրիլի 23-ին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն նրա ուրախությունը երկար չտեւեց:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Ա. Դ.-ն մատնվել է կատարյալ անուշադրության։ Առհասարակ հացադուլի մեջ երկար ժամանակ անցկացրած հիվանդների համար հատուկ վերականգնողական թերապիա է նախատեսված օրենքով: Ա. Դ-ի դեպքում ոչ մի բուժում չի իրականացվել:
«Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Ա-ի որովայնը սկսել է ուռել, օր օրի ուռուցքը ավելանում է, բայց նրան մոտեցող չկա: Ոչ դեղ են տալիս, ոչ մի բուժում, ոչ մի ուշադրություն», - գանգատվում է Ա. Դ-ի հարազատը, ահազանգելով մեզ նրա վիճակի մասին եւ նորից հույս կապելով մամուլի հրապարակումների հետ: Բացի դա, նա հայտնեց, որ ՄԻԱՎ վարակակիր դատապարտյալին պահում են հոգեբուժական բաժանմունքում հոգեխախտ ազատազրկվածների հետ: «Նա երբեք ոչ մի հոգեկան հիվանդությամբ չի տառապել, մենք չենք հասկանում ինչո՞ւ են նրան այնտեղ պահում: Նա խնդրել է իրեն տեղափոխել այլ խուց, կամ բաժանմունք, բայց հիվանդանոցի բժիշկը նրան պատասխանել է, որ ինքը իրավունք չունի տեղափոխել», - ասում է դատապարտյալի հարազատը։