Մշակույթ

Թուրք պատգամավորին «փոխարինած» հայ հետախույզի պատմությունը

Թուրք պատգամավորին «փոխարինած» հայ հետախույզի պատմությունը

Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող բացառիկ օպերացիայի մասին է Աշոտ Աղաբաբյանի նոր՝ «Նմանակը» վեպը։ Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է։ Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»։ Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ 3 տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչեւ բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից։

Հասկանալի պատճառով, թուրք պատգամավորի եւ որոշ գործող անձանց անունները փոխված են։ «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը։   

Հեղինակը՝ Աշոտ Աղաբաբյանն ասում է՝ դեռեւս 2007-ի մայիսի 2-ին «Հայաստանի զրուցակից» թերթում տպագրվում է «Հայ հետախույզը՝ Թուրքիայի Մեջլիսի անդամ» իր փոքրիկ հոդվածը։ Այն թարգմանում ու տպագրում են նաեւ Թուրքիայի առաջատար թերթերը՝ «Հուրիեթը», «Միլլիեթը» եւ «Զամանը»։ Բանը հասնում է նրան, որ թերթերի խմբագիրները հոդվածի իսկությունը ճշտելու համար պաշտոնապես դիմում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին․

«Թուրքիայի խորհրդարանում հնչած հարցին (բառացի մեջբերում եմ), թե «հայկական թերթերից մեկի համաձայն՝ 1980-ականներից առաջ ազգությամբ հայ, ԽՍՀՄ-ի կողմից ուղարկված մի գործակալ թուրք պատգամավորի մահից հետո նրա փոխարեն թափանցել է ԹԱՄԺ եւ ծավալել հետախուզական գործունեություն, նման բան դուք լսե՞լ եք, Շահինը պատասխանել է․ «Ոչ, չեմ լսել։ Ես էլ եմ նոր կարդացել։ Սակայն ասեմ՝ համոզիչ չի թվում այդ պնդումը։ Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են։ Մի՞թե հնարավոր է այդպիսի բան։ Հնարավոր չէ»»,- մեջբերում է գրողն ու հավելում, որ «Նմանակը» վեպը պետք է կարդալ որպես գեղարվեստական ստեղծագործություն, որը, այդուհանդերձ, հիմնված է իրական փաստերի վրա։  
«17 տարի է՝ մտմտում եմ, այս նյութերը հավաքելով, բայց կուզենամ, որ, ինչպես «Սեւ հովազ 1 եւ 2» վեպերը, այնպես էլ  «Նմանակը» վեպը ժողովուրդն ընկալի որպես գեղարվեստական վեպ՝ միաժամանակ հավատալով այն ամենին, ինչը գրված է գրքում։ Ես գրում եմ վեպ այն ժամանակ, երբ զգում եմ, որ չեմ կարող չգրել դրա մասին։ Մեր ժողովրդին այսօր «Նմանակը», կարծում եմ, շատ է օգնելու, իսկ պատկան մարմիններին էլ հուշող շատ բան կա այստեղ։ Ու չնայած 74 տարի առաջվա պատմություն է, բայց խնդիրն այսօրվա հետ առնչվում է։ Ես գրում եմ նրա մասին, ինչը պակասում է մեզ այսօր»։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ «Էլիտ պլազայում» (Խորենացի 15), ժամը 18.30-ին։ «Նմանակն» Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է, որի շնորհանդեսի օրը վաճառվելու են մյուս գրքերը եւս։ «Բոլորին հրավիրում եմ, լինելու են անակնկալներ»,- ասում է Աղաբաբյանն ու գաղտնազերծում դրանցից մեկը․ օրեր առաջ զանգ է ստացել անծանոթ համարից, պարզվել է՝ «Նմանակի» աղջիկն է, որը թոռան հետ ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու գրքի շնորհանդեսին։

Չնայած գրքի շնորհանդեսը դեռ տեղի չի ունեցել, բայց «Նմանակը», ինչպեսեւ նախորդ գրքերը, արդեն իսկ տպարանից մեծ տպաքանակներով վաճառվում են․ «Գրքի վաճառքով զբաղվող կազմակերպություններն արդեն 520 օրինակ տարել են, ու տպարանը 2-րդ հերթով սկսեց աշխատել, որպեսզի եւս 1200 օրինակ տպագրի շնորհանդեսի համար։ Ուրախալի է, որ «Նմանակն» այսպիսի ստարտ է տալիս, հուսով եմ՝ երկար ճանապարհ ունի անցնելու նաեւ այլ լեզուներով տպագրվելով։ Գրքի հովանավորը Կոստրոմայի հայ համայնքն է․ հրաշալի մարդիկ, որոնք անմիջապես ֆինանսավորման հարցերը լուծեցին, որպեսզի գիրքը հնարավորինս շուտ լույս տեսնի»։

Մեր այն հարցին, որ իր շատ գրքերի հերոսներ կամ իրադարձություններ առնչվում են մեր հարեւան երկրների հետ, այս հանգամանքից ելնելով, եղե՞լ են որոշակի խոչընդոտներ, ազդանշաններ՝ իրեն ուղղված, Ա․ Աղաբաբյանը նկատում է․ «Այնքան լուրջ բան չի եղել, որ ասեմ՝ եղել է նման բան, ոչ։ Բայց, ցավոք, ոչ թե թշնամի կամ ոչ բարեկամ երկրներից է նման բան լինում, այլ հենց քո երկրի ներսից, հատկապես՝ «Սեւ հովազների» դեպքում։ Ու երբ գրքերը տպագրում էինք, անձամբ «հովազները» հարց դրեցին՝ տպագրե՞նք, թե՞ զգուշանանք ինչ-որ բաներից։ Ընտրությունը մեկն էր՝ սա պետք է մեր ժողովուրդը, հայ մարդն իմանա, որովհետեւ, ամեն ինչից բացի, նաեւ ճանապարհ է ցույց տալիս։ Հետո՝ եթե զգուշանանք այս կամ այն հանգամանքներից, ապա ո՛չ կեղծված պատմությունը կարող ենք սրբագրել, ո՛չ էլ պատմություն կարող ենք ավելացնել մեր պատմությանը, իսկ հավի նման ապրելն ինչի՞ նման է»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image