Մարտի 5-ին «Հրապարակն» անդրադարձել էր այս տարվա փետրվար ամսին Հայաստանը լքած ու վերադարձած քաղաքացիների թվին, որոնց մեջ մեծամասնություն են կազմում հայերը։
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») փակ բաժնետիրական ընկերության տվյալներով՝ 2021-ի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել էր 58,297 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով ժամանել էր 31,901 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։
Մեկնածների և ժամանածների միջև թվային տարբերությունը 26,396 էր։ Մարտ ամսվա տվյալներն առավել մտահոգիչ են, սակայն պետք է հաշվի առնել նաև արտերկրյա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը։ Բայց նաև պետք է հաշվի առնել 44-օրյա պատերազմի հետևանքով սոցիալական ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների հանգամանքը, որի դեպքում քաղաքացիներն այլևս հույս չեն կապում այսօրվա իշխանությունների հետ և լքում են հանրապետությունն անվերադարձ։
Այս տարվա մարտ ամսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,197 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով ժամանել է 42,283 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ Մարտին մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմում է 31,914։ Այս դեպքում չնչին է օտարերկրացիների թիվը, որովհետև կորոնավիրուսային համավարակի սահմանափակումների և հետպատերազմյան պայմաններում զբոսաշրջիկների թիվը նվազել է։ Նշենք նաև, որ մարտ ամսվա տվյալները համարյա նույնն են փետրվար ամսվա հետ համեմատած՝ 31,901 (փետրվար) և 31,914 (մարտ)։
«Հրապարակը» նաև հետաքրքրվել էր, թե որ երկրներ են ՀՀ քաղաքացիները մեկնել, սակայն «Արմենիան» պատասխանել է, որ «տարանցիկ չվերթներով պայմանավորված՝ ուղղությունների հետ կապված հստակ տեղեկատվություն չենք կարող փոխանցել»։
Մենք նաև խնդրել էինք տրամադրել 2018 և 2019 թվականների տվյալները, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում նաև իմքայլականների դատարկ խոստումների ու մինչիշխանափոխական շրջանում։
2019 թվականի մարտ ամսին «Զվարթնոց»-ից և «Շիրակ»-ից մեկնել է 98,736 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), նույն օդանավակայաններով Հայաստան է ժամանել 101,119 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ Այս դեպքում տարբերությունը ընդամենը 2383 է` ի օգուտ վերադարձածների։
2018 թվականի մարտին վերոնշյալ օդանավակայաններից մեկնել է 89,507 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով՝ հանրապետություն է վերադարձել 97,236 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ 2018-ի դեպքում տարբերությունը նույնպես ի օգուտ հանրապետություն վերադարձածների թվի է՝ 7729։