Հարցազրույց

UNIFIL-ը Լիբանանում զբաղված է Իսրայելի խախտումները գրանցելու «քարտուղարուհու» աշխատանքով

UNIFIL-ը Լիբանանում զբաղված է Իսրայելի խախտումները գրանցելու «քարտուղարուհու» աշխատանքով

«Հրապարակի» զրուցակիցը Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն է:

-Նախօրեին Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Բեյրութին՝ մինչև այդ Լիբանանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ տալով տարհանվել: Ի՞նչ է կատարվում այս պահին Բեյրութում, արդյո՞ք հարվածները հասցվել են բացառապես «Հըզբալլահի» թիրախներին:

-Այո, ափսոս, որ երեկ կեսօրին Իսրայելի օդուժը հարվածեց Բեյրութի հարավային արվարձանին մերձակա Հատաս կոչվող շրջանի մեջ գտնվող բնակելի շենքին: Իսրայեկան բանակը նմարօրինակ պահերի համար, իրեն բնորոշ ոճով, հարձակումից քիչ ժամանակ առաջ զգուշացրել էր թիրախավորված թաղամասի բնակիչներին: Իսրայելն այս ոճով մտադիր է աշխարհին ցույց տալ, որ իբր թե ինքը նախանձախնդիր է քաղաքացիների կյանքով, սակայն զանց է առնում այն փաստը, որ նման, այսպես կոչված զգուշացումները կատարվում են հարվածից ընդամենը րոպեներ առաջ, մինչդեռ Լիբանանի ոչ ամեն քաղաքացի է հետևում Իսրայելի բանակի X հարթակին, որի միջոցով հրապարակվում են «զգուշացում»-ները: Նման հարձակումներով լթշնամի երկիրը օրը ցերեկով խախտում է ամեն սահման ու համաձայնություն: Լիբանանյան կողմի և Իսրայելի միջև կնքված այսպես կոչված զինադադարից, այսինքն՝ 2024թ. նոյեմբերի 27-ից ի վեր, երեկ իսրայելական առաջին հարձակումն էր մայրաքաղաք Բեյրութի վրա: Նշյալ օրվանից ի վեր Իսրայելը միշտ խախտել է զինադադարը, սակայն իր ոտնձգությունները սահմանափակելով հարավային Լիբանանի մեջ:

-Մարդկային կորուստների մասին տեղեկություններ կա՞ն: 

-Այո, կան: Առայժմ հայտարարված է 7 զոհի մասին, սակայն նկատի ունենալով շենքի ամբողջական փլուզումը՝ կարելի է ենթադրել, որ զոհերի թիվը առաջիկա ժամերին կաճի:

-Իսկ ի՞նչ վիճակ է հայաշատ թաղամասերում:

-Հիշեցնեմ, որ Լիբանանի դեմ սանձազերծված Իսրայելի վերջին պատերազմի ամբողջ շրջանում իսրայելական բանակը հատկապես թիրախավորում էր շիա համայնքով բնակեցված՝ «Հըզբալլահի» համակիր զանգվածի թաղամասերը, որտեղ ընդհանրապես քրիստոնյա և հատկապես հայեր չեն ապրում: Բացառված չէ, որ ոչ շիաները կարող են տուժել պատահական այնտեղ գտնվելու հանգամանքով: Հետևաբար, հայկական թաղամասերը առ այժմ ապահով են ուղղակի թիրախավորումից:

-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիններից էր, որն արձագանքեց Իսրայելի ավիահարվածներին: Նա խստորեն դատապարտեց դա՝ այն համարելով հրադադարի միակողմանի և անհիմն խախտում:

-Տարածաշրջանի մեջ ապրած կյանքի փորձս հուշում է, որ այն մեծ երկիրը, որը գործնական օգնություն ուղարկելու հնարավորություն կամ տրամադրություն չունի, հայտարարություններ է հրապարակում, ընդ որում՝ նաեւ «զորակցական»: Նույնը վերաբերում է այն փաստին, որ եթէ բանակ ուղարկելու տրամադրութիւն չունի, փոխարենն ուղարկում է պատվիրակություններ: Այսքանը Միջազգային ընտանիքի զորակցություն կոչված խեղկատակության մասին. Արցախը վկա...

-Բացի այդ, Մակրոնը կոչ է արել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի հինգ շրջաններից և հիշեցրել է Ֆրանսիայի առաջարկը՝ այդ տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ: Թել Ավիվում կանսա՞ն այս կոչին:

-Չեմ կարծում, որ գործնականում ինչ-որ բան արժե նշյալ կոչը: Ամեն դեպքում, անկախ Մակրոնի կոչից, Լիբանանի հարավը՝ Լիբանան-Իսրայել սահամանին, տարիներ ի վեր գործում է ՄԱԿ-ի դրոշը կրող խաղաղապահ առաքելությունը՝ UNIFIL-ը: Մինչև այս պահը այդ «խաղաղապահություն»-ը սահմանափակված է իսրայելական խախտումները գրանցելու «քարտուղարուհու» աշխատանքով:

-Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, ով ներկայում Փարիզում է, Մակրոնի հետ հանդիպման ժամանակ նույնպես դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Բեյրութի վրա՝ դրանք որակելով որպես հրադադարի համաձայնագրի խախտման շարունակություն։ Իսկ նրան ուղղված պահանջ չունե՞ն լիբանանցիները:

-Նախագահ Աունը լավ է արել, սակայն պետք է նաև հիշել, որ Իսրայելի վերջին հարձակումը լիբանանյան տարածքից դեպի Իսրայել արձակված ռումբերի պատասխանն էր: Նշյալ ռումբերն արձակված լինեն հակաիսրայելական խմբաւորումների, թե  Իսրայելի շահերին ծառայող գործակալների կողմից, ի վերջո լիբանանյան պետության, որի նախագահը Ժոզէֆ Աունն է, պարտականությունն է՝ չարտոնել նման պատահարները, ձերբակալելով և համապատասխան պատժի ենթարկելով բոլոր օրինախախտներին, պատերազմական մթնոլորտը ավելի հրահրողներին:

-Թրամփի վարչակազմը, ինչպես Գազայում սկսված ռազմական նոր գործողությունների դեպքում, Բեյրութին հասցված հարվածների դեպքում ևս աջակցել է Իսրայելին: Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսի պնդմամբ, Իսրայելն իրավունք ունի հակահարված տալ: Նա նշել է, որ Լիբանանը չի կարող համեմատվել Գազայի հետ, քանի որ ակնտեղ պատերազմը բորբոքվել է Իրանի և «Հըզբալլահի» կողմից:

-Այս մասին չեմ ուզում երկար խոսել, մանավանդ, երբ հարցը վերաբերում է «երկու չափ - երկու կշիռ» աշխատելաոճին: Կարծում եմ, որ ամեն ինչ բացահայտ է անկախ բոլոր այլ հանգամանքներից: Տարիներ ի վեր շրջանի մեջ պատահածը «Հեռասփռված ցեղասպանություն և մարդկության դեմ ոճիր է», որի լուռ հանդիսատեսն է ամբողջ աշխարհը այսօր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image