Հասարակություն

Որմնանկարի վերականգնումը խախտումներով է, բնօրինակից շեղվել են․ ահազանգում են մասնագետները

Որմնանկարի վերականգնումը խախտումներով է, բնօրինակից շեղվել են․ ահազանգում են մասնագետները

Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը երկար տարիներ տեղադրված էր Գյումրու դրամատիկական թատրոնի ճեմասրահում, մոտ մեկ ամիս է՝ հանվել է այնտեղից եւ վերականգնման փուլում է, տեղադրվում է համայնքապետարանի շենքում:

Թատրոնի շենքի վերանորոգումից հետո, երբ փոխվեցին նաև պատուհանները,  խնդիր էր առաջացել ։ Բանն այն է, որ նախկինում  որմնանկարը պատուհաններից էին ներս մտցրել , վերանորոգումից հետո  փոխվել են պատուհանների չափերը, եւ որմնանկարն այնտեղից դուրս է բերվել մեծ  դժվարությամբ ։National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանն է ահազանգում՝ որմնանկարի ճակատագրով անհանգստացած․

« Գյումրու վերականգնվող որմնանկարների ոդիսականը ոչ հացով կուտվի, ոչ մեղրով։ «Սարերում»  որմնանկարը, որը դրված էր թատրոնում, հիմա վերականգնում են 2 անգամ։ Վերականգնումը սկսել էին 4 մասի բաժնելով, ինչը հորդորով, աղմկելով, բացատրելով կանգնեցրել ենք ու պահանջել  մասնատման թույլտվություն։Արդյունքում վերականգնողները գնում են ու բերում 8 մասի մասնատելու մասին որոշում ու մասնատում, որ վերականգնեն։

Շատերը կհիշեն, որ դեռ Մինասի որմնանկարների հետ կապված ամիսներով փորձեցինք թույլ չտալ, որ տանեն Երևան, երկուսն արդեն տարել էին, երկուսն էլ ուզում էին տանել»,-նշում է Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Հակոբ Հակոբյանի «Սարերում»  որմնանկարին՝ շեշտում․ 

«Այդ որմնանկարի հետ կապված վերջին 3 տարում բազմաթիվ անգամ քանդակագործության ազգային պարկ թանգարանն ահազանգել է, տվել բազմաթիվ հարցազրույցներ, դեմ կանգնել Գյումրուց տեղափոխմանը, բայց ստացվում է, որ կառավարության լիազոր մարմինը թույլ է տալիս կտրատել մասերի ամբողջական որմնանկարը, որը նախորդ կառավարությունը չկտրատեց։ Թնջուկ սարքելը հին մեթոդ է ու ու մի բան նոր չէ բովանդակ աշխարհում, բայց ամեն անգամ զարմանալի է էս ամենը։

Եւ եթե հույս ունեինք, որ ինչ -որ  տեղ եզրեր կգտնենք և հարցը լուծում կստանա, բայց ստացվեց նույն իրավիճակը։ Հիմա էլ վերականգնում են, բայց կտրատելով։ Պարկ-թանգարանը մշտադիտարկում է անում և էս ողջ գործընթացը մեր արխիվում կա փաստերով» ։ 

Hraparak.am-ի հետ զրույցում քանդակագործը մանրամասնում է․

«Երբ քննարկեցին, որ քաղաքապետարանի 3-րդ հարկ է տեղափոխվելու, ես կողմ եղա, քանի որ թե միջավայրի, թե պահպանման առումով  հարմար է,  եւ վերականգնումից մեկ շաբաթ առաջ հայտնեցին, որ որմնանկարը չի կարելի մասնատել , բայց հիմա դրել 7-8 մասի են բաժանել ։  Կտրատելու հետևանքով ամեն կողմից նկարը 10սմ-ով  փոքրանում է, զգալի շեղվում բնօրինակից։ Եթե պետք է նման խախտումներով, նման ձևով որմնանկարը վերականգնվի, ապա վերականգնելու իմաստը ո ՞րն է, չէ՞ որ,  որպես  ազգային արժեք, հուշարձանային նմուշ ենք ուզում թողնել  ժառանգություն մեր սերունդներին, նկարը փչացնելուց հետո, էլ   ի՞նչ հուշարձանային նմուշ․․․։ Պատկան մարմինները պետք է հիմա մի բան հասկանան, որ սա այլևս 10-15 տարի առաջվա Հայաստանը չէ, որ վերականգնումը չգիտեինք՝ ինչ է։ Իսկ եթե մասնագետ չունեն, թող դրսից հրավիրեն։ Հին տեխնիկայով, հին մեթոդներով նկարը տեղափոխել են, հիմա էլ նույն ձևով վերականգնում են։ Տեսեք՝ խնդիրն ինչ է․ բանն այն է, որ եթե չեն մասնատում, պետք է որմնանկարը հավաքեն  « սենդվիչ պանելի» վրա , իսկ Հայաստանը այն չի արտադրում, պետք է դրսից պատվիրեն, որը թանկ է։ Կառավարությունն էլ այդքան գումար չի հատկացրել, հիմա փորձում են քիչ ծախսով տեղավորվեն, դրա համար էլ նկարը կտրատում են »,-ասաց մեր զրուցակիցը ։

Ըստ քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրենի՝ Շիրակի մարզում  որմնանկարների, հուշարձանների պահպանության հարցը այս  կառավարությանն առհասարակ չի էլ հետաքրքրում ։ «Շիրակի մարզում վերջին 5-6 տարին ոչ մի հուշակոթող չի վերականգնվել։ Նիկողայոս Նիկողոսյանի՝ թատրոնի շենքի դիմաց տեղադրված Ավետիք Իսահակյանի արձանի պատվանդանը քայքայվում է, բազմաթիվ անգամ դիմել ենք նախարարություն, բայց ոչ մի պատասխան ։Երկու տարի առաջ հուշարձանների ցուցակ ուզեցին, որ պետական պահպանության տակ մտնեն,  3-4 ամիս աշխատեցի, հավաքագրեցի , ուղարկեցի, մինչև այսօր ոչ մի պատասխան ։ Գիտեք՝ խնդիրը ո՞րն է․ մյուս մարզերում ՝ Տավուշ, Կոտայք, Վայոց Ձոր , Լոռի,  որոշ աշխատանքներ  անում են, տեղյակ եմ,  հարց՝ ինչու՞ են  Շիրակի մարզն այսքան անտեսել»,-ասաց Արթուր Գևորգյանը ։

Անդրադառնալով «Սարերում» որմնանկարի պատմությանը՝ հիշեցնենք, որ այն նախկինում  մեկ անգամ ևս  վերականգնվել է 2016թ-ին՝  ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ , որից հետո է տեղափոխվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 2-րդ հարկ՝ հանրության համար տեսանելի վայրում: 

Երկար տարիներ որմնանկարը գտնվել է Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում:
Վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանի որմնանկարները ներառված են Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image