Քաղաքականություն

Իրանի թուլացման պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի գերակայության աճը մեր տարածաշրջանում անխուսափելի է

Իրանի թուլացման պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի գերակայության աճը մեր տարածաշրջանում  անխուսափելի է

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ անկախ Իսրայելի՝ Իրանի դեմ սանձազերծած պատերազմից, Սյունիքի նկատմամբ թշնամու նկրտումների մասով տարածաշրջանում Իրանի կարմիր գծերը չեն հատվել: Այնինչ, Թուրքիա այցով պայմանավորված Փաշինյանը չի գիտակցում, որ այս պահի դրությամբ Իրանը կենտրոնացած է Իսրայելից ու նրա հզոր դաշնակցի կողմից հարձակումները կանխելու ու վրա և ՀՀ-ն ինքը պետք է փորձի իր անվտանգային հարցերն ինքնուրույն լուծել: 
Մասնագետներն ասում են, որ արդեն ՀՀ ԶՈՒ-ում պետք է հայտարարվեր մարտական պատրաստվածության թիվ մեկ վիճակ՝ այն պահից, երբ Իսրայելը հարվածեց Իրանին: 

Սակայն, ՊՆ-ի անձնակազմը Եվրոպայի մի հատվածում երկրորդական ինչ-որ հարցերով քննարկումների է մասնակցում, Փաշինյանն էլ մեկ Չեխիա, մեկ էլ Թուրքիա է մեկնում եւ փորձում է արժանանալ Էրդողանի բարեհաճությանը՝ եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում: Ինչո՞ւ է կարևոր ՀՀ ԶՈՒ-ն մարտական պատրաստվածության բերելը: Գաղտնիք չէ, որ Իսրայելի հարձակմանը զուգահեռ Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ են իրականացնում՝ ինչի համար թուրքական կողմը հավելյալ զորք ու զինամթերք էր տեղափոխել Նախիջևան, իսկ պարզ է, թե ինչու է Նախիջևանը ընտրվել: Հիշեցնենք, որ դեռ 44-օրյա պատերազմից հետո այդտեղ թուրքական հսկայական ստորաբաժանում էր տեղակայվել, որն այդպես էլ չէր հեռացել: Չնայած, 44-օրյա պատերազմից հետո հաջորդած հակահայկական գործընթացների ֆոնին թշնամին կարող է օգտվել իրավիճակից ու ոչ միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը լուծել: Մտածել, որ Նախիջևանում Թուրքիա-Ադրբեջան տխրահռչակ դուետի մեկնարկած զորավարժությունների ու Իսրայելի հարձակման ժամանակը պարզապես համընկել է՝ միամտություն է: Բավական է հետեւել ադրբեջանական կայքերում հակաիրանական քարոզչությանն` ամեն ինչ պարզ կդառնա: 

Այն, որ Իրանի թուլանալը բերելու է նաև տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի կատարյալ գերակայությանը, այս մասին ասում է նաև միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «ԱՄՆ–Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել–Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա: Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը և դրա հետևանքով Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը, հետևաբար՝ ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին, խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։ Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ և ուժեղ խաղացող՝ իր տարածաշրջանային շահերը նաև Ադրբեջանի միջոցով առաջ մղելու ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև՝ ողջ թյուրքական աշխարհը։ Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա»: 

Այս ամենը հրաժարվում են տեսնել կամ ընդունել, այսպես կոչված, արևմտամետները Հայաստանում, որոնք շարունակում են մարդկանց հավատացնել, թե ԱՄՆ-ն է այն փրկիչը, որը պաշտպանելու է Հայաստանը վատ թուրքերից: Այնինչ, նույն ԱՄՆ-ն իր անմիջական ու անվերապահ աջակցությունն է հայտնել Իսրայելին, ավելին` սպառնում է միանալ Իրանի դեմ պատերազմին: Դա քիչ է, ԱՄն-ի դեսպանությունը Երևանում այսօր ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսություն, Երևանում իրանական Կապույտ Մզկիթ, Իրանի տուն այցելություններից: 
Հասկանում եք չէ՞, նման հայտարարության բովանդակությունն ինչ է նշանակում: 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image