Քաղաքականություն

«Հրապարակ». «Վարժեցնում» են, որ մի օր էլ ՀՀ քաղաքացի «հանցագործների՞ն» հանձնեն

«Հրապարակ». «Վարժեցնում» են, որ մի օր էլ ՀՀ քաղաքացի «հանցագործների՞ն» հանձնեն

Հայաստանի իշխանությունը երեկ բարեկամական հերթական ժեստն արեց՝ ուղղված իր թուրք գործընկերներին, եւ արժանացավ այդ երկրի ԱԳՆ-ի դրվատանքին։

«Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,-այսպես գնահատեցին թուրքերը հայ գործընկերների հետ համագործակցությունը, որի արդյունքում հունվարի 19-ին Հայաստանը երկու անձի էր արտահանձնել Թուրքիային՝ Ինտերպոլի խնդրանքով։ Թուրքիայի ՆԳ նախարարությունն էլ X-ում էր շնորհակալություն հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար։ Ըստ աղբյուրի, Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են արտահանձնվել 6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։

Այս համագործակցությունն ուշադրություն չէր գրավի, եթե խոսքը Թուրքիայի մասին չլիներ, որի հետ ու որի մեղքով Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, հետեւաբար, չկա նաեւ իրավապայմանագրային այն հիմքը, որի շրջանակում կարգավորվում են նման հարցերը։ Հայ հասարակության կողմից ոչ միանշանակ ընկալվեցին նաեւ դիմակավորված թուրք ուժայինների լուսանկարները, որոնք ցուցադրաբար արվել էին իրենց օդանավում, որով Հայաստան էին ժամանել, եւ նիկոլական «մասկի շոու» հիշեցնող տեսանյութը, որի վերջում լայն ծածանվում էր թուրքական դրոշը։ Ու չէինք նկատի, եթե հարցին չանդրադառնար Հայաստանի ԱԳՆ-ն՝ հաղորդելով, թե արձագանքել է Ինտերպոլի՝ «Կարմիր» ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։  

Եթե սա Ինտերպոլի շրջանակում սովորական համագործակցություն էր, որն իրավապահների համապատասխան բաժինների  ամենօրյա աշխատանքն է, ի՞նչ իմաստ ուներ ՀՀ ԱԳՆ մակարդակով հաղորդագրություն տարածելն այդ մասին, ու սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի ԱԳՆ-ն, այդ թվում՝ Թուրքիային ու Ադրբեջանին առնչվող ու երկրի անվտանգության համար էական բազմաթիվ հարցերում վախվորած ու խղճուկ կեցվածք է դրսեւորում եւ լռում է։ Ակնհայտ է, որ նպատակը Թուրքիայի հետ համագործակցության շեշտադրումն էր, ինչի մասին վկայեցին նաեւ Անկարայից ստացված ջերմագին արձագանքները եւ, ինչու ոչ՝ նպատակը հայ հասարակությանը «վարժեցնելն» է, թե մի օր էլ ՀՀ քաղաքացի «հանցագործներին» կարող են հանձնել Թուրքիային ու Ադրբեջանին։ Թե այս երկրների համար ովքեր կարող են դիտարկվել «հանցագործ», մեկնաբանության կարիք չունի։ 

Իսկ թե հանցավորության մեջ մեղադրվող երկու անձինք երբ եւ ինչպես էին ներթափանցել Հայաստան, որ երկրից ու ինչ հանգամանքներում են ձերբակալվել, գաղտնի է պահվում։ Այս մասին Հայաստանի իրավասու մարմինները լռում են ու պարզաբանումների «բեռը» միմյանց վրա գլորում։

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ուղղորդեցին դատախազություն՝ նշելով, որ հարցերն իրենց իրավասության ներքո չեն, իսկ դատախազությունից հորդորեցին դիմել ԱԳՆ՝ նույն պատճառաբանությամբ։
Որոշ մանրամասներ իմացանք Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդագրությունից ու թուրքական մեդիաների անդրադարձներից։  Ըստ այդմ, Էրջան Յըլմազի եւ Իբրահիմ Քայմաքի արտահանձնումը համակարգել են բազմաթիվ թուրքական գերատեսչություններ՝ արդարադատության, ԱԳ նախարարությունները, ՆԳՆ անվտանգության գլխավոր տնօրինության Ինտերպոլ-Եվրոպոլի վարչությունը: Սա նշանակում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տարբեր օղակներում բավականին կայուն համագործակցություն է ձեւավորվել։

Ըստ նույն աղբյուրի, արտահանձնված անձանցից մեկը՝ Էրջան Յըլմազը, կապված է եղել «Բարըշ Բոյուն» հանցավոր կազմակերպության հետ, 15 տարի հետախուզվել է Թուրքիայում, իսկ Ինտերպոլի  կողմից միջազգային հետախուզման մեջ է եղել 14 տարի՝ ձերբակալման 43 օրդերով։ Նույն հանցավոր ցանցի անդամ է եղել նաեւ Իբրահիմ Քայմաքը, որը Թուրքիայում հետախուզվել է վեց տարի՝ ձերբակալման 10 օրդերով, եւ մեկ տարի եղել է միջազգային հետախուզման մեջ։ 

Արտահանձնման կամ էքստրադիցիայի համար, սովորաբար, որպես հիմք են ընդունվում ազգային օրենսդրությունը, պետությունների միջեւ երկկողմ պայմանագրերը եւ որոշ դեպքերում՝ բազմակողմ կոնվենցիաները, մասնավորապես,  «Արտահանձնման մասին»  եվրոպական կոնվենցիան։  Սակայն Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունեցող Հայաստանն այդ ամենը, բնականաբար, չունի:

Ուշագրավ է, որ հանցանք կատարած անձանց հանձնումը պետության պարտականություն չէ, այլ՝ իրավունք, որը կարող  է պարտականություն դառնալ միայն փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ պետությունների միջեւ կնքված երկկողմ պայմանագրերի առկայության դեպքում, ինչը Հայաստանն ու Թուրքիան, հասկանալիորեն, չունեն։ Ի դեպ, անգամ այն պետությունները, որոնք ունեն նման պայմանագրեր, երբեմն մերժում են արտահանձնման դիմումները` ելնելով տարբեր հանգամանքներից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image