Ադրբեջանի նախագահը թուրք-ադրբեջանական անվերջանալի նախապայմանների շարքում նոր նախապայման է դրել` Թուրքիայի անունից։ Որ եթե ուզում ենք կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա Հայաստանը պետք է հրաժարվի իր Սահմանադրությունից եւ ընդունի նորը։ Իլհամ Ալիեւին, օրինակ, դուր չի գալիս ՀՀ Սահմանադրության պրեամբուլան, որտեղ հղում կա ՀՀ անկախության հռչակագրին, որի 11-րդ կետն ասում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Ինչպե՞ս կարող են կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, եթե տարածքայինից ու ճանապարհային պահանջներից մինչեւ Սահմանադրություն փոխելու պահանջ է դրվում մեր առաջ։ Հարցն ուղղեցինք ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան դատապարտված են հարաբերությունների կարգավորման։ Նա ասում է․ «Չէի ուզի որեւէ մեկնաբանություն, մենք էլ ենք էդպիսի անհեթեթ բաների հետեւից ընկնում, հետո ի՞նչ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում։ Հիմա եթե ասում եք՝ մենք պետք է Սահմանադրությունից հրաժարվենք, թե ոչ, ես ասում եմ՝ էդպիսի խնդիր չկա եւ չի կարող լինել։ Ադրբեջանի ղեկավարն ո՞վ է, որ նման խնդիրներ է առաջադրում․․․ իրեն ասեք՝ թող Սահմանադրություն գրի․․․»։
Բագրատ Ասատրյանը կրկնում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի թեզը թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛ արցախյան հիմնահարցի կարգավորման կապակցությամբ։ Որ պետք է այսօր արժանապատվորեն անել այն, ինչը հետո մուրալու ենք, եւ կամ մեզ պարտադրելու են։ «Մենք իսկապես դատապարտված ենք այդ հարաբերությունները կարգավորելու, հակառակ դեպքում Հայաստանն ապագա չի ունենա։ Դա ցույց տվեց վերջին 20-30 տարիների զարգացումը։ 98 թվականին, ուզում եմ հիշեցնել՝ ես էլ եմ էն սերնդից, որն ասում էր՝ եկեք գնանք կարգավորման, որովհետեւ Հայաստանը չի զարգանալու։ Այդ տեսակետը կարծես հրապարակվեց՝ ԱԽ տեղեկանքը, որ գալու են, պարտադրելու են։ Ավելի լավ է այսօր (98 թվականին), երբ բարձր դիրքի վրա ենք, շանս տանք, որ Հայաստանը զարգանա»։
Ինչպես ցույց են տալիս անկախությունից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների առանձին դրվագներ, դրանցում ժամանակ առ ժամանակ, հատկապես ամենասկզբում, եղել են իսկապես «դրական ազդակներ» եւ պահեր:
Օրինակ՝ 90-ականների սկզբների պարենային ճգնաժամի օրերին Թուրքայի կողմից հացահատիկ ուղարկելու, 1999 թվականին Իզմիրի հզոր երկրաշարժից հետո Հայաստանի` Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու, նույն թվականի հոկտեմբերի 30-ին պետական նախարար Մեհմետ Ալի Իրտեմչելիկի գլխավորած թուրքական պատվիրակության այցը Հայաստան` ներկա գտնվելու Հայաստանի վարչապետի, ԱԺ խոսնակի եւ 27-ի մյուս զոհերի հուղարկավորության արարողությանը: Կամ՝ 1991թ. ապրիլին ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալի եռօրյա պաշտոնական այցը ԽՍՀՄ կազմում գտնվող Հայաստան եւ Տեր-Պետրոսյանի հետ նրա հանդիպումը, որից հետո «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում թուրք դեսպանը հայտարարել էր. «Ես կարող եմ ասել, որ ներկայիս հայկական ղեկավար մարմինների որդեգրած նոր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ ժամանակակից է եւ բխում է երկու ժողովուրդների շահերից»։ Մի քանի ամիս անց Վոլկան Վուրալը Մոսկվայում հայտարարում է, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երեւանում։ Եվ վերջապես՝ Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, թեեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չէին։
Կամ երբ 2000-ին Կարս՝ «Կովկասյան նախաձեռնության պակտի» համաժողովին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությանն արգելվեց մասնակցել համաժողովին, եւ նրանք վտարվեցին Թուրքիայից, ապա Թուրքիայի նախկին արտգործնախարար Մուրատ Կարայալչինը եւ նախկին վարչապետ Թանսու Չիլլերը քննադատում էին միջադեպը եւ, առհասարակ, Երեւանի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությունը։
Բայց մյուս կողմից նաեւ փաստ է, որ տարեցտարի Թուրքիան ավելի ու ավելի կասկածամտորեն է վերաբերվել Հայաստանին ու սկսել է խոսել նախապայմանների լեզվով։
Այսպես. արդեն 92-ին ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակության անդամներն «Ազգ» թերթի թղթակցի հետ զրույցում պնդել են, թե հայկական կողմը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ, եւ որպես ապացույց՝ մեջբերել Անկախության հռչակագրում, իբր, նշված հողային պահանջին վերաբերող կետերը: Հայաստանից պահանջում էին սահմանների անձեռնմխելիության եւ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի հաստատում, այսինքն՝ հայ-թուրքական սահմանի ճանաչում։ Արցախյան հաղթանակներից հետո՝ ազատագրված շրջաններից հայաստանյան զինուժի դուրսբերում։ Հիմա, մեր պարտությունից հետո, բոլոր այս պայմաններն ու նախապայմանները շատ ավելի կոշտ եւ գռեհիկ ձեւով՝ փաթեթով դրվում են կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանի առաջ։
«Մենք միշտ խոսել ենք կոնտակտների մասին, հարաբերություններ ունենալու մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Անկախության հռչակագիրն ԱԺ-ում կարդացած Արամ Մանուկյանը: Հարցրինք՝ այնուամենայնիվ, իրենք էլ չէի՞ն սխալվում՝ ակնկալելով, որ հարաբերությունների կարգավորումից հետո ամեն ինչ լավ կլինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն փոխզիջումից հետո պահանջում են ավելին ու ավելին, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն։ Արամ Մանուկյանն ի պատասխան ասաց, թե շատ մանրանալով՝ կորցնում ենք գլխավորը, շատ ենք հոխորտում։ Մենք չենք հոխորտում, նրա՛նք են հոխորտում։ «Թող հոխորտան, հին ասացվածք կա՝ հաչացող շունը չի կծում։ Եթե կարող ես հարցերդ լուծել` լուծիր։ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք չէինք հոխորտում, բայց բանակն ազատագրում էր տարածքներ։ Գործի մասին ե՞նք խոսում, թե՞ ճոռոմաբանության։ Հիմա էլ կան, անգամ՝ էս պարտությունից հետո։ Քուռ-Արաքս, Թուրքիային պատժենք, Ադրբեջանին ոչնչացնենք…»։ Ըստ ՀԱԿ անդամի՝ նման հիմարություններն ու հոխորտանքներն արվում են ներքին շուկայի համար։
Բայց նման հոխորտանք անում է նաեւ Ադրբեջանի ղեկավարը, ասենք` ՄԱԿ-ի ամբիոնից։ «Ալիեւը միշտ էլ այդ բառապաշարն օգտագործել է, դա իր համար հնարք է, ներքին շուկայի համար։ Իսկ Նիկոլը մինչ այդ նման հայտարարություններ չէ՞ր անում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ։ Թուրքիային պետք է պատժել, Ադրբեջանի իշխանությունները ոչ լեգիտիմ են»։ Դա՝ ներքին շուկայի համար, պարզունակ պոռոտախոսություններ են, որոնք դիվանագիտության հետ կապ չունեն»։