ՔՊ-ի «փրայմերիզից» ու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Գյումրիում կրքերը որոշակիորեն հանդարտվել են։ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ գյումրեցիներից շատերի մոտ արդեն իսկ կարծիք է ձեւավորվել, որ հենց նա է իրենց հիմնական քաղաքապետը լինելու։ Ակնհայտ է, որ փրայմերիզյան շոուն` բուն ընտրություններից առաջ, ՔՊ-ի նախընտրական խաղն էր եւ ուղղված էր հենց դրան` մարդկանց ներշնչել, որ իրենք արդեն քաղաքապետ ունեն: Իրենց թեկնածուն, որն արդեն ունի բոլոր վարչական ռեսուրսները, գարնանը սպասվող արտահերթ ՏԻՄ ընտրություններում փորձելու է ընտրվելու համար բավարար քանակի ձայներ կորզել գյումրեցիներից եւ իշխանության որոշումն ամրագրել նաեւ ընտրությունների արդյունքներով։
Սակայն մի քանի ճամբար փոխած, նշանակվելուց հետո ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանի նշանակման առաջին օրերից նրա եւ մարզի հնաբնակ ՔՊ-ականների «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Մամուլում տեղեկություն տարածվեց Սարիկ Մինասյանի եւ նորանշանակ ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի տարաձայնությունների, անգամ քաշքշուկի մասին։ Մեր տեղեկություններով, գործին խառնվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, հրահանգել, որ մինչեւ ընտրությունները որեւէ մեկի «ձայնն ու ծպտունը» չլսվի, խաղաղ ու համերաշխ աշխատեն, հակառակ դեպքում բոլորը խիստ կպատժվեն։
Մինչ ՔՊ-ականներն արտաքուստ զսպում են իրենց կրքերը, մյուս քաղաքական ուժերը փնտրտուքների, լայն քննարկումների փուլում են, փորձում են ընտրությանը մասնակցելու ձեւաչափի եւ քաղաքապետի թեկնածուի հարց լուծել։ Մինչ այս պահը, թերեւս, միայն «Ապրելու երկիր» խմբակցությունն է, որ թեկնածուի եւ իր մասնակցության շուրջ տարաձայնություն չունի։ «Մասնակցելու ենք մեր կուսակցությամբ՝ ի դեմս ինձ, ձեւաչափի փոփոխություն չկա, նախնական որոշումն ուժի մեջ է»,- մեզ ասաց «Ապրելու երկիր» խմբակցության Գյումրու ավագանու ղեկավար Կարեն Մալխասյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ տատանվում է։ Ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով` հիասթափեցնելու են շատերին․ «Շատերն են ուզում, որ չմասնակցենք, բայց հիասթափեցնելու ենք, իսկ ձեւաչափի հարցում դեռ քննարկման փուլում ենք»։
Անդրադառնալով ՀՀԿ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուին՝ նշենք, որ, մեր տեղեկություններով, նրանք մի քանիսն են, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում։ Շրջանառվում է քաղակտիվիստ, իրավաբան Կարապետ Պողոսյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործերի պատճառով նրա թեկնածությունը կարծես թե մերժվում է։ Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի անունը եւս քննարկվում է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մխիթարյանը՝ ինքը, հակված չէ իր թեկնածությունն առաջադրելու եւ արդեն մեկ անգամ մերժել է ՀՀԿ-ի առաջարկը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի հավանական թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդին:
Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է իր մասնակցության մասին, հանդես է եկել մեկնաբանությամբ, հերքել ասեկոսեները, թե հնարավոր է, որ միանա ՔՊ-ին: Իր ելույթում նա նշել է, որ «դավաճան ՔՊ-ի» հետ ճանապարհ չունի գնալու: «Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում իր քվեներով աջակցել ոչ միայն ՔՊ-ին, այլեւ ո՛չ նախկին, ո՛չ ներկա ոչ մի կուսակցության: Նրան ընտրողները պետք է աներկբա իմանան, որ իրենց քվեները չեն վաճառվելու որեւէ կեղտոտ քաղաքական խաղերի կամ պայմանավորվածությունների արդյունքում»,- հայտարարել է նա: Ըստ որոշ լուրերի, նա պատրաստվում է առաջադրվել Կոմունիստական կուսակցության ցուցակով:
Մեր տեղեկություններով, ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա առաջադրվելու ցանկություն է հայտնել՝ վստահեցնելով, որ իր կայուն ընտրազանգվածն ունի, եւ շանսերը մեծ են: Հիշեցնենք, որ 2008 թվականին Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար էր գնում նրա եւ Վարդան Ղուկասյանի միջեւ։ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվեց 30 հազարից ավելի ձայն հավաքելով, իսկ մրցակիցը՝ Մարտուն Գրիգորյանը, 19 հազարից ավելի էր հավաքել: Համեմատության համար ասենք, որ նրանց՝ երկուսի հավաքած ձայները մի քանի անգամ գերազանցում էին «Բալասանյան դաշինքի» ձայներին, որի օգտին ընդամենը մոտ 8 հազար քաղաքացի էր քվեարկել:
Ըստ որոշ լուրերի, Մարտուն Գրիգորյանն առաջադրվելու է «Պատիվ ունեմ» կուսակցության ցուցակով:
Հայտնի են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք հայտնել են ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշման մասին։ ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին: Այն բանից հետո, երբ կնշանակվի ընտրությունների օրը, կհայտարարենք»,- հայտարարությամբ էր հանդես եկել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն էլ է հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին, սակայն թեկնածուի հարցը դեռեւս անորոշ է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՅԴ կուսակցության մասնակցությունը։ «ՀՅԴ կուսակցության համար կարեւոր է այդ ընտրությունը, եւ, որպես կայացած կուսակցություն, մենք քննարկում ենք եւ մտադիր ենք մասնակցել գարնանը կայանալիք արտահերթ ընտրություններին։ Դա քաղաքական լուրջ պրոցես է, որը բաց թողնել պետք չէ։ Մոտ օրերս նաեւ կորոշենք, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, որից հետո կհայտնենք մեր տեսակետը»,- ասաց նա։ Թեեւ ՀՅԴ-ն թեկնածու չունի եւ, ըստ լուրերի, այդ պատճառով մտադիր էր չմասնակցել Գյումրու ընտրություններին:
Ըստ լուրերի՝ «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ տնօրեն Արմեն Տոնոյանը եւս հնարավոր է առաջադրվի։ Ուշագրավ է, որ Տոնոյանի թեկնածությունը քննարկվում է ՔՊ-ում․ նա Գյումրիում որոշակի վարկանիշ ունի, եւ ՔՊ-ն տատանվում է Սարիկ Մինասյանի եւ Տոնոյանի միջեւ։
Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ, երբ մոտ երկու ամիս առաջ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը` իշխանության ճնշումների ներքո, հրաժարական տվեց։ Ապա մանդատները վայր դրեցին իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու 14 անդամները։ Գյումրիում կառավարման ճգնաժամ առաջացավ, որի ելքը Նիկոլ Փաշինյանը «գտավ» օրենքում փոփոխություն կատարելով: Իսկ նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ` «փրայմերիզ», որով կորոշվի ՔՊ-ի թեկնածուների ռեյտինգը, եւ ամենաբարձր ռեյտինգ ունեցողին ինքը քաղաքապետի ԺՊ կնշանակի։ «Փրայմերիզի» արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն (253 ձայն)՝ Սարիկ Մինասյանը, նշանակվեց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Գյումրիում ընտրությունները կկայանան մարտի 30-ին: