Այլ

Կասպից ծովը «սպանած» ադրբեջանցիները հայերին մեղադրում են էկոտեռորիզմի մեջ

Կասպից ծովը «սպանած» ադրբեջանցիները հայերին մեղադրում են էկոտեռորիզմի մեջ

Իլհամ Ալիևի գրասենյակից իջած ուղիղ հրահանգով ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանին մեղադրել մտացածին ու անիրական, բայց բարձագոչ մեղադրանքներով: Մասնավորապես, Կասպից ծովը ոչնչացրած ադրբեջանական բռնապետական ռեժիմը Հայաստանին մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս էկոտեռորիզմի մեջ: Մեզ մեղադրում են ոչ միայն իբրև թե Արցախի բնությունը ոչնչացնելու ու հանքերը շահագործելու մեջ, այլև Հայաստանի բնությունը` հանքարդյունաբերությամբ փչացնելու ու էկոլոգիական աղետի պատճառ դառնալու մեջ: 

Առաջին հայացքից կարող են ծիծաղելի թվալ այս մեղադրանքները, սակայն ամեն ինչ շատ ավելի լուրջ է ու ողբերգական: Ադրբեջանական կողմը, որքան էլ զարմանալի թվա` ոչ ավել ոչ պակաս, Հայաստանին մեղադրում է էկոտեռորիզմի մեջ եւ դա անելիս մի շարք հայ բնապահպանների՝ հայտարարություններին է հղում անում: Պարզ է, որ կարևոր են ոչ թե փաստերն են, այլ քարոզչությունը: 

Մասնավորապես, ադրբեջանական day.az-ում Լեյլա Թարվերդիևան «Արաքսը կործանման եզրին. Հայաստանը շարունակում է էկոտեռորիզմը տարածաշրջանում» վերնագրով մանիպուլյատիվ ու ոչ այնքան գրագետ հոդվածում գրում է այն մասին, որ Հայաստանը միտումնավոր աղտոտում է Արաքս գետը: Նա երևի ոգևորված այն հանգամանքից, որ բացի զինվորականներից ու հատուկ պատվիրակություններից օկուպացված Արցախ մարդիկ չեն կարող այցելել, անամոթաբար գրում է, որ իբր Հայաստանը քառորդ դար Արցախը վերածել է անկյանք անապատի՝ ահաբեկչական մեթոդներով քամելով Արցախի ընդերքը: Ալիևի այս քարոզիչը շեշտում է, որ այսօր էլ Հայաստանը միտումնավոր թունավորում է խմելու ջրի աղբյուրները, գետերը, որոնք հոսում են Ադրբեջան: Ավելին, փորձում է նույնիսկ հրահրել լարվածություն Իրան-Հայաստան փոխհարաբերություններում` չգիտես ինչպես որոշելով, որ Իրանում խմելու ջրի դեֆիցիտում էլ է Հայաստանը մեղավոր: Եթե այս վայ-վերլուծաբանը մեկ անգամ գոնե քարտեզ նայեր եւ հարգանք ունենար սեփական ընթերցողի նկատմամբ կհասկանար, թե ինչ աբսուրդ է իր գրածը: Նա նշում է նաև, որ Արաքսի ջրերում նույնիսկ ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Հավանաբար այս տիկինը դպրոցում աշխարհագրության դասերն է բաց թողել եւ տարրական բարոյականության կանոններին չի տիրապետում: Հուշենք միայն, որ Արաքս գետը Մեծամորի ատոմակայանի կողքով չի անցնում, հետևաբար ռադիոկատիվ նյութեր չէին կարող հայտնվել Արաքս գետում, ավելին` ատոմակայանի ռադիոկատիվ թափոնների համար պատասխանատու է ատոմակայանը սպասարկող ռուսական անձնակազմը եւ այդ թափոնները մինչեւ վերջերս արտահանվում էին մեր երկրից: Ադրբեջանական քարոզիչը շեշտում է նաեւ, որ ոչ պակաս վտանգ են նաև ծանր մետաղները: Այս զավեշտալի հակահայկական հոդվածի հեղինակն այնքան հեռուն է գնացել, որ եզրակացրել է՝ Հայաստանը միտումնավոր «ոչնչացրել է» Արցախի բնությունը և դրանով իսկ վնասել է նաև Իրանի էկոհամակարգին: Եւ քանի որ Իրանում այդ մասին տեղյակ չեն, Թարվերդիևան փորձում է բացել մեր հարևանների աչքերը: 

Հավանաբար նման «ցնցող» ու «հակագիտական» հոդվածներ կարդացող Ադրբեջանի, այսպես կոչված, քաղհասարակությունն էլ Հայաստանին ուղղված կոչ է հրապարակել, թե` մեզ թույլ տվեք գալ ու տեղում ուսումնասիրել ձեր էկոտեռորիզմի հետևանքով առաջացած վնասները: Փաշինյանի ամենաօրյա զիջումները մեր ոչ բարով հարևանների մոտ վստահություն են առաջացրել, որ խելքներին ինչ փչի՝ հայկական կողմը կիրագործի: Այդ հայտարարությունը հնչեցրել է Environmental Protection First կազմակերպության ներկայացուցիչ Էմին Մամեդովը` «Հայաստանի հանքարդյունաբերությունը Հարավային Կովկասի բնության և ադրբեջանական գետերի աղտոտվածության պատճառ» թեմայով կոնֆերանսի ժամանակ, տեղեկանում ենք ադրբեջանական https://report.az/-ից: Ադրբեջանցիները հայտարարում են, թե Իրանի՝ Արաքսի ափերին տեղակայված բնակավայրերի բնակիչների մոտ աղեստամոքսային համակարգի թթվայնությունը բարձրացել է, որովհետև հայերը աղտոտում են Արաքսը: Ադրբեջանական կողմի զառանցանքները ծիծաղելի կթվային, եթե հայկական կողմից որպես պատասխան քար լռությունը չլիներ եւ զրպարտիչների ֆանտազիան օր օրի չկատարելագործվեր: 
Փաշինյանական «իրական» Հայաստանում վախենում են պատասխանել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու հակահայ զառանցանքներին, իսկ ադրբեջանական կողմի շարունակական մեղադրանքները` կաթիլը ջուր է ծակում տարբերակով իրենց սեւ գործն են շարունակում:

report.az

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image