Հասարակություն

Նույն քրեական գործով 12 մեղադրյալ կա․ Ավինյանի շրջապատը նոսրանում է

Նույն քրեական գործով 12 մեղադրյալ կա․ Ավինյանի շրջապատը նոսրանում է

Երեւանի քաղաքապետարանում էլ պաշտոնյա չմնաց, օրը մեկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին՝ քննվող նույն քրեական վարույթի շրջանակներում 12 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, որոնցից՝ 3-ը գործող պաշտոնյաներ են, 2-ը՝ նախկին։ Անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։ Երեւանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներն են՝ հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ, եւ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն, գրավ եւ չբացակայելու արգելք։ Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը, ով քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել եւ նրա տեղակալ Արամ Այվազյանը։ Մենք գրել էինք, որ ըստ մեղադրանքի, Արամ Գյուլզադյանը ավելի քան 600 հազար դրամի կաշառք է ստացել՝ ինչ-որ գործարք անելու համար։ «Սա ընդամենը վարութն իրականացնող մարմնի ենթադրությունն է, ոչ մի ապացույց, փաստ չկա»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է Գյուլզադյանի փաստաբան Հայկ Սարգսյանը։
«Գյուլզադյանն, իհարկե, չի ընդունում մեղադրանքը։ Նա հաստատ կոռումպացված պաշտոնյա չէ, ու կաշառքի մասին որ խոսում են, դա ընդամենը սուտ է։ Գյուլզադյանին ոչ ոք գումար չի տվել։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչու է այս գործով նա եւս անցնում։ Ոչ՛ վկա կա, ոչ՛ կոնկրետ մեղադրանք։ Ընդամենը օպերատիվ միջոցառում ունեն կիսատ-պռատ, ու կասկածում են, որ կարող է Գյուլզադյանը կաշառք վերցրած լինի»,-ասաց փաստաբանը։ Ստացվում է, որ Գյուլզադյանը վարույթն իրականացնող մարմնի ինչ-որ կասկածների հիմքով կալանավորվել է։ Ի՞նչ հիմքեր է տեսել դատարանը՝ կալանք տալու համար։ «Կալանք տալու հիմքերն այնքան վերացական են։ Գրեթե բոլոր գործերով դատարանները շաբլոն հիմք են դնում, ենթադրություններ։ Իր պարագայում կալանքի հիմք բացարձակ չկար, բայց դատարանն այլ կարծիք է ունեցել, իրենց իրավունքն է»,-հավելեց նա։
Գյուլազադյանի կալանքի որոշումը բողոքարկվել է, վարույթ է ընդունվել, բայց դեռ որոշում չկա։ Նշենք, որ մի քանի ամսում քաղաքապետարանի մեկ տասնյակից ավելի աշխատակից է ձերբակալվել։ 4 ամիս առաջ էլ իրավապահները Կենտրոնի թաղապետարանի չորս աշխատակցի էին կալանավորել՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչներն Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, որին նույնպես մեղադրեցին կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով: Այս գործով եւս 12 մեղադրյալ կա, այդ թվում՝ Արաբկիրի թաղապետը։ Քրեական գործն արդեն դատարանում է:

Կալանավորված պաշտոնյաները Տիգրան Ավինյանի մտերիմներն են, ժամանցի ընկերները։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ ձերբակալելով ու պաշտոնանկ անելով Ավինյանի մտերիմներին՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջներ է ուղարկում նրան։ Պատահական չէր նաեւ Արաբկիրի թաղապետի ձերբակալությունը, ով դեռ կալանքի տակ է: Այսպես Փաշինյանը հասկացնում է, որ «ցարն» ինքն է ու թույլ չի տալու Ավինյանին իր թիմը հավաքել, ուժեղանալ, ավելի բարձր պաշտոնի հավակնել։ Նա հենց այդ նպատակով էլ փոխքաղաքապետ էր կարգել ԱԻՆ նախկին փոխնախարար Արմեն Փսմբուխչյանին, ով պետք է հսկեր ու ինֆորմացիա փոխանցեր իրեն Ավինյանի գործողությունների մասին։ Բացի այդ, Փամբուխչյանը քաղաքապետի «պահեստային» տարբերակն էր, որ Փաշինյանը ցանկացած պահի կարողանա հեռացնել Տիգրան Ավինյանին եւ ավագանու կազմից նոր քաղաքապետ նշանակել, ինչպես արեց Հայկ Մարությանի դեպքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image