Երեկ՝ շաբաթ օրը, ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ արգելվել է կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը:
Արտաշես սարկավագ Աջապահյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Վեհափառի դեմ հարուցված գործին, ասում է․ «Այս իշխանության համար կարմիր գծեր գոյություն չունեն և եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե կան ինչ-որ կարմիր գծեր, որոնք իշխանությունները չպետք է հատեն, ապա չարաչար սխալվում են և դա իրենց խնդիրն է։ Այս մարդկանց վարած քաղաքականությունը, նրանց հոգևոր և հոգեմտավոր կարողությունները բացարձակապես ոչ մի թույլատրելի և անթույլատրելի սահման չունեն։ Սրանց համար ամեն ինչ թույլատրելի է։ Անգամ այն, ինչ մենք կարող ենք անվանել սահմռկեցուցիչ, սրանց համար նորմալ է։ Եթե այսպես շարունակվեց, ես հավատում եմ, որ անգամ մարդակերությամբ սկսեն զբաղվել։ Սատանայական ճանապարհով են գնում, լիակատար կործանման ճանապարհն են բռնել, սակայն դժոխքը հատակ չունի, ինչքան ընկնեն, այնքան ավելի են խորը իջնելու։ Ցավոք, իրավիճակը սա է։ Մեր պետական համակարգը վերածվել է տեռորիստական համակարգի, պետական կառույցները, ԱԱԾ-ն շեղվել են իրենց բուն առաքելությունից և ոչ թե ազգի անվտանգությունն են ապահովում, այլ հակառակը՝ ազգը մեծ վտանգի մեջ են դրել։ ԱԱԾ-ն դարձել է ազգային վտանգաբերության ծառայություն։ Շատ ցավալի է այս ամենը տեսնելը։ Ես համարում եմ, որ մենք այլևս չունենք պետականություն, որովհետև եթե մի երկրում եկեղեցին հալածվում է, հալածվում է պետական այրերի կողմից, դա նշանակում է, որ իշխանությունը ազգինը չէ, չի կարող ազգային եկեղեցին հալածվել մի տեղ, որտեղ կա ինքնիշխան պետություն։ Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ օտարի տիրապետության ժամանակ է հալածվել։ Հիմա էլ բացառություն չէ, մենք օտար տիրապետության տակ ենք գտնվում, սակայն ես հույս ունեմ, որ գոնե ինչ-որ մի պահի Աստծո ողորմածությամբ կկարողանանք այս ցավալի էջը շրջանցել, վերականգնելով մեր պետականությունը»։