Շատ է գրվում, որ ՔՊ ընտրական ցուցակից դուրս է մնացել այս կամ այն պատգամավորը, բայց բացակայում է քաղաքական մեկնաբանությունը՝ ինչու են դուրս մնացել։ Հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլ Փաշինյանը զբաղված է կուսակցության ներսում «մաքրման» գործընթացով։ Այնինչ, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ՔՊ ցուցակից դուրս մնացողներն ու ցուցակում գտնվողները նույն «աչքի գրողն են» հանրության աչքում։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի աներձագի կամ մի ուրիշի դուրս մնալը փրկում է ՔՊ-ի վարկանիշը։
Այնուամենայնիվ ինչու՞ են դուրս մնացել։ Միանգամից ասեմ, որ ՔՊ-ականների «Ես ինքս եմ որոշել չմասնակցել» պատճառաբանությանն ուշադրություն չդարձնեք։ Իրականությունն այլ է․ ոչ թե իրենք չեն ուզում, այլ իրենց չեն ուզում։ Ճշմարտությունը դա է։ Չեն ուզում, ոչ թե այն պատճառով, որ նրանց դուրս են դնում քաղաքական խաղից, որ նրանք ավելի շահարկված անուններ են, այլ դա պայմանավորված է քաղաքական ռազմավարությամբ։ Ութ տարվա փորձը ցույց է տալիս, որ ՔՊ-ն հաճախ կիրառում է «սառեցման» մեթոդ՝ երբ առաջնորդը գիտակցում է, որ ներկայիս փուլում տվյալ անձի ակտիվությունը կարող է ավելորդ ռիսկ լինել, իսկ նրա ժամանակավոր հեռու մնալը՝ ավելի շահավետ։ Մի օրինակ վերցնենք։ Տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես չի առաջադրել իր թեկնածությունը՝ 2026 թվականի ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար։ Ուրիշ ոչ մի պատճառաբանություն՝ Փաշինյանը աներձագին «սառեցրել է» մի նպատակով, որ կրկին օգտագործի նույն թարմությամբ։ Օրինակը կարող եք տարածել մյուս «սառեցվածների վրա»։
ՔՊ-ականը ցուցակում չի հայտնվում քաղաքական տրամաբանությամբ․ այն պահում է ներսի հավասարակշռությունը՝ ապագա մարտավարական խաղերի համար։ Այս ընթացակարգերը տեղի են ունենում կուլիսային պայմանավորվածությունների շրջանակներում՝ պայմանավորված թե՛ արտաքին դերակատարների, թե՛ քաղաքական այլ խմբերի շահերով։ Ներկայիս դուրս մնալը չի նշանակում անգործություն. այն թույլ է տալիս այդ անձին կենտրոնանալ վերահսկող կամ կազմակերպչական դերերում, ավելի մեծ ազդեցություն ունենալու նպատակով։ Բոլորն ունեն իրենց առաջադրանքը, և այս «սառեցումը» ժամանակավոր է՝ նոր ցատկի նախապատրաստվելու համար։ Փորձել դրա հետ կապել ինչ որ գործընթաց, անտեղի էներգիայի վատնում է։ Դրանք ՔՊ-ից «քաշվածներ» չեն, այլ հերթի դրված պահեստային ռեզերվ։