Ընդդիմության սկսած շարժումը, որն օր-օրի վերածվում է համաժողովրդական շարժման՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, նոր թափ է հավաքում։ Հանրահավաքին եկող մարդկանց շարքերում շատ են նաեւ եկեղեցականները, օրերս նրանցից մեկը՝ Տավուշի թեմի հոգեւորականներից Տեր Աբել քահանա Քարտաշյանը, նաեւ հարթակից ելույթ ունեցավ։ Տեր Աբելին մի քանի հարց ուղղեցինք՝ շարժման ընթացքի եւ նպատակների վերաբերյալ։
- Տեր Հայր, ի՞նչ տպավորություններ ունեք շարժման ընթացքի վերաբերյալ, այն մարո՞ւմ է, թե՞ ակտիվանում՝ հաշվի առնելով նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ցուցարարներին, իսկ վերջին 2 օրվա ընթացքում ոստիկանությունը մասսայական ձերբակալություններ է իրականացնում։
- Ժողովուրդ ջան, պիտի հնազանդվենք Աստծուն։ Աստծուն հնազանդվենք, ամեն ինչ լավ կլինի։
- Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր իշխանությունն Աստծուց է, հիմա այս աղետները, որ եկան հայ ժողովրդի գլխին, սրանք Աստծո իշխանության գործունեության արդյո՞ւնք են։
- Այո, որովհետեւ մարդիկ սխալմամբ կարծում են, թե Աստված պատժում է։ Աստված չի պատժում, այս տեսակ խիստ վերաբերմունքը հայրական, Աստծո կողմից, սիրո արտահայտություն է։ Մենք փորձությունների ենք ենթարկվում՝ Աստծո սիրո դաշտ վերադառնալու, Աստծո սերը ճանաչելու համար։ Ինչպե՞ս է, որ տան մեջ հայրիկին իր զավակը չի ենթարկվում, չարաճճիություն է անում, հայրիկը խրատում է։ Ավելի արդիական օրինակ բերեմ՝ «հիմա հեռախոսիդ ինտերնետը կանջատեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ»․ դրանք պատիժներ չեն, դրանք սիրո արտահայտություն են, որ դու սխալ ճանապարհով ես գնում, հետ դարձիր։ Աստծո սերն անսահման մեծ է, մի կասկածեք, սիրելիներ, Աստված սեր է, եւ Աստծո սիրո մեջ եղողները ոչ մի բանից չեն վախենում։ Ամբողջ մարդկությունն ականատես է լինելու Աստծո խոսքի իրական կիրառման հայտնությանը, այսինքն՝ իրականում տեսնելու են, որ եթե Աստված ինձ հետ է, ո՞վ է ինձ հակառակ․ ոչ մեկը չի կարող հակառակվել։
- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ համար փորձությո՞ւն է։
- Այո։
- Եվ ի՞նչ եք կարծում՝ կհաղթահարե՞նք այդ փորձությունը։
- Այո, միաբանությամբ։ Ախր մեր լեզուն այնքան քաղցր է։ Մոռանում ենք, որ միաբանություն՝ նշանակում է մեկ խոսքի․ հենց բոլորս եկանք մի խոսքի, բոլոր խնդիրները լուծվելու են։ Ես Աստծո զորության վրա չեմ կասկածում, ես անվերապահ վստահում եմ Աստծուն։ Չեմ ասում՝ «բա այսպես, բա այնպես, բայց․․․», «բայց»-եր չկան, Աստված մեծ է եւ ամենազոր։
- Արցախցիների մի մասը շարունակում է մնալ Արցախում անորոշ կարգավիճակով, մի մասն էլ՝ մոտ 300 հոգի, տեղափոխվել է Հայաստան։ Հայաստանի բնակչությանն ի՞նչ հորդոր ունեք՝ կապված արցախցիներին Հայաստանում ընդունելու հետ։
- Եղբայր, հորդորը ո՞րն է, հորդորի ի՞նչ կա, սա ամեն մեկիս ընտանիքի խնդիրն է։ Եթե իմ եղբորը, իմ եղբոր ընտանիքին մի վատ բան պատահի, ես ամեն ինչ թողնում եմ ու զբաղվում եմ իմ եղբոր ընտանիքով, որովհետեւ իմ եղբոր ընտանիքն իմ ընտանիքն է։ Այնքան զարմանալի՞ է, որ հայերի մոտ այդ հարցն օրակարգում է, ինձ համար շատ զարմանալի է, մենք միշտ էլ Աստծո մեկ ընտանիքի, Աստծո զավակները լինելու շատ կարեւոր, դարերից եկող ապրելակերպ ունենք, չեմ կարող այդտեղ հորդոր անել։
- Իշխանությունների ուղղորդմամբ՝ արցախցիների նկատմամբ ատելության քարոզ է տարվում, խոսքը սրա մասին է։
- Ատելությունը սատանայի ծրագիրն է, հակառակության ոգին, ստանայի ոգին է։ Աստծո հոգին, սուրբ հոգին, սիրո հոգին, մենք կյանքով պետք է այս փորձաքարը հաղթահարենք։ Եթե հասկացանք, որ հակառակության ոգուց պիտի հրաժարվենք, ուրեմն հայտնվելու ենք Աստծո սիրո մեջ հենց հաջորդ վայրկյանին։
- Եթե այս շարժումը հաջողի, եւ իշխանափոխություն տեղի ունենա, կհամարվի՞, որ Աստծո փորձությունը հաղթահարվել է։
- Ես չգիտեմ, թե այսօր մարդկանց պատկերացման մեջ որն է համարվում հաջողություն, ինձ համար հաջողությունը միաբանության մեջ է։