Հասարակություն

Գնել Սանոսյանն ու իր քարտուղարուհին նույն գրաֆիկով են աշխատում 

Գնել Սանոսյանն ու իր քարտուղարուհին նույն գրաֆիկով են աշխատում 

Տարածքային կառավարման նախարարի խոսնակը, ով իր լրագրողական գիտելիքները ստացել է «Հրապարակի» խմբագրությունում, որոշել է մեր հրապարակումների հերքմամբ կայանալ այդ պաշտոնում։ Մինչդեռ առաջին դասը, որ նրան փոխանցել ենք մեր խմբագրությունում՝ ոչ մի պաշտոնյայի ստվերն ու փաստաբանը լինել չի կարելի, պետական պաշտոնյան կոչված է ծառայելու հասարակությանը, այլ ոչ թե իր ամեն քայլն արդարացնող ծառաներ պահելու։ 

Այսօր խոսնակը «Հերքում» խորագրի ներքո գրել է, թե տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ոչ թե աշխատանքային ժամերին է Վեդի քաղաքում մասնակցել Գարիկ Սարգսյանի նախընտրական արշավին, այլ ժամը 19։30-ին։

Այսինքն, պաշտոնյան, որը պատասխանատու է տարածքային կառավարման եւ համայնքների բնականոն գործունեության համար չի մեկնում Գեղարքունիք, որտեղ գյուղացիները միջպետական ճանապարհ են փակել, չի մեկնում Սյունիք, որտեղ համայնքապետերը չգիտեն ինչպես թշնամուն դուրս մղեն մեր հողից եւ հողային աշխատանքներ իրականացնեն, չի մեկնում Թալին ու Վանաձոր, Վարդենիս ու Փարաքար, որտեղ ՏԻՄ ընտրություններից հետո քաոս է եւ ոչ մի կերպ չեն կարողանում բնականոն գործունեությունը վերականգնել, չի զբաղվում ՏԿԵ նախարարի առաջ ծառացած հազարավոր խնդիրների լուծմամբ, այլ զբաղված է ՔՊ-ականի քարոզարշավով եւ դա նորմալ է։

Խնդիրը միայն այն է, որ Աշխատանքային օրենսգրքով որոշված ժամերից հետո՝ 19։30-ին է գնացել վեդեցիներին համոզելու, որ հերթական անհաջող կադրին դարձնի համայնքապետ։ 
Կառավարման տգիտությունը հասել է այնտեղ, որ համարում են, թե նախարարն ու նրա քարտուղարուհին նույն աշխատանքային գրաֆիկը պետք է ունենան եւ 17։00-ին Սանոսյանը պետք է գնա տուն կամ իր ընկերների հետ տժժալու։

Պատերազմող երկրում պաշտպանության նախարարն ու տարածքային կառավարման նախարարը չեն կարող իրենց հազարավոր պարտականությունները մի կողմ դնել ու մի մերժված համայնքապետի քարոզիչները դառնալ։ Մանավանդ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, նրա աշխատաժամանակը նորմավորված չէ, հակառակ դեպքում՝ օրենքը կնախատեսեր նաեւ արտաժամյա աշխատանքի համար վարձատրություն, ինչը պետական ծառայողների համար նախատեսված է։

Անի Առաքելյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image