Ռուսական որոշ աղբյուրներ հաղորդում են, թե պատահական չէ, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշանակումից ի վեր ամեն շաբաթ մեկնում է Մոսկվա, որտեղ նրա ռուսաստանցի գործընկեր Շոյգուն նրան խորհրդանշական ժեստով դաշույն է նվիրում, եւ նա ջերմ ընդունելության է արժանանում։ Ոմանք ռուսական ռազմաքաղաքական եւ, առհասարակ, պաշտոնական ղեկավարության ջերմ վերաբերմունքը պատահական չեն համարում եւ կարծում են, որ Արշակ Կարապետյանը Ռուսաստանի իշխանությունների համակրանքն է վայելում ու կարող է առաջիկայում ավելի բարձր կարգավիճակ ստանալ։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։
- Թեպետ ՀՀ պաշտպանության նախարարներն առհասարակ հաճախ են Մոսկվա այցելում, նախարար Կարապետյանն ավելի հաճախ է լինում։ Գուցե դա պայմանավորված է այս վճռորոշ ժամանակահատվածո՞վ, գուցե՝ պարոն Կարապետյանի նկատմամբ ռուսական իշխանությունների բարեհաճ վերաբերմունքո՞վ։
- Այո, Դուք էլ իրավացիորեն նկատեցիք, որ նաեւ նրա իրավանախորդները Մոսկվայում հաճախ էին լինում։ Բայց հետո մենք տեսանք, թե ինչ կատարվեց պատերազմի ժամանակ։ Ավելի ճիշտ՝ Հայաստանին չհաջողվեց օգտագործել ռեսուրսները եւ գրագետ կերպով գլուխ հանել տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության նյուանսներում։ Հիմա նոր նախարարը, իհարկե, փորձում է կարգավորել կոնտակտները մոսկովյան ռազմական ղեկավարության հետ, ամեն ինչ ճիշտ է անում, բայց պետք է այս ոլորտում աշխատանքները լինեն հեռանկարային տիրույթում, որովհետեւ հայկական բանակը պետք է բարեփոխվի, այն վերաձեւավորման կարիք ունի։ Բացի այդ, տարածաշրջանում իրադարձությունները դրամատիկ բնույթ են ստանում։ Եվ որքան էլ Աֆղանստանի իրադարձությունները հեռու են թվում, բայց առ ժամանակ հետո Հարավային Կովկասը կզգա դրա հետեւանքները։ Ուստի, հայկական բանակի պաշտպանունակության ավելացման հարցում ՌԴ-ն շահագրգռված է՝ տարածաշրջանային համատեքստում։ Եթե դիտարկենք նեղ ասպեկտով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, ապա այստեղ փոփոխությունները շարունակում են նույնը մնալ, ու գործում են 20 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի առաջնահերթությունները։ Եվ կողմերը պետք է կարողանան գտնել․․․ Ավելի ճիշտ, ինձ թվում է՝ Մոսկվան Երեւանին կստիպի սկսել առավել կոնստրուկտիվ երկխոսություն։
- Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի նոր կաբինետը վերջնականապես ձեւավորվեց օրերս։ Դրանում կա՞ն անձեր, որոնք ՌԴ-ի համար առավել ընդունելի են։ Մասնավորապես, ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը կամ նույն՝ Արշակ Կարապետյանը։
- Գիտեք․․․ ոչ, Հայաստանում չկան, չունի որոշակի մարդիկ, որոնց վրա Մոսկվան խաղադրույք կատարի։ Երեւանը ճիշտ է գործում՝ փորձելով դուրս գալ Մոսկվայի հետ առավել կոնստրուկտիվ երկխոսության։ Բայց, ուղղակի, նրանց հետեւում չկան լուրջ քաղաքական բագաժ եւ կառավարման հմտություններ։ Եվ Մոսկվան դա հասկանում է, ու Մոսկվայի խնդիրը հիմա այն է, թե պատասխանատվության ինչ բեռ կարելի է դնել նոր ղեկավարության վրա, որը ոչ կոմպետենտ է։ Ոչ թե այդ պատճառով, որ վատն է, կրթված չէ, այլ որովհետեւ կոմպետենտ չէ։ Եվ այդ ապարատային նշանակումները, մեծ հաշվով, ոչինչ չեն տալիս։ Ինչ-որ փոխատեղումներ են, իսկ Մոսկվային անհրաժեշտ են լուրջ քաղաքական գործիչներ, որովհետեւ, կրկնում եմ՝ հասունանում են լրջագույն իրադարձություններ։ Ուշադրություն դարձրեք Աֆղանստանին։ Դա կարող է առնչվել Իրանին, եւ այդ ցունամին կգա Հարավային Կովկաս, որտեղ պետք են լուրջ քաղաքական գործիչներ։ Իսկ Փաշինյանի հեղափոխությունն ուշացել է առնվազն 10 տարով։ Ադրբեջանը կարողացավ առաջանցիկություն ապահովել, թեպետ այս երկրի համար էլ կարող են առաջանալ խնդիրներ, որովհետեւ իրենք թուրքերի հետ մտադիր էին այնտեղ երկար մնալ, մեծ աշխարհաքաղաքականություն խաղալ, բայց իրենց մոտ ոչինչ չստացվեց։
Եվ հիմա այս մեծ իրադարձությունների ֆոնին չեմ բացառում, որ հայերը սկսել են մի տեղով այս ամենը զգալ։ Նրանք հասկանում են, որ բազմավեկտոր քաղաքականությունն այլեւս չի անցնում, եւ այն պետք է նեղացնել։ Մանավանդ որ ամերիկացիները բացարձակ պարտություն կրեցին այս տարածաշրջանում։ Առավել եւս ինչ-որ մի այլ կոնտինգենտի ի հայտ գալ, որ նրանք Հայաստանին կօգնեն, հնարավոր չէ։
- Ասում եք՝ ոչ կոմպետենտ։ Արարատ Միրզոյանը տարիներ ի վեր աշխատել է «Ռեգնում»-ում, որտեղ Դուք էլ եք աշխատում։
- Ես աշխատում եմ, բայց դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ինձնից լավ նախարար դուրս կգա։ Ես չեմ ուզում նեղացնել ինչ-որ մեկին, բայց տպավորություն է, որ Հայաստանի փոխարինողների նստարանը շատ նեղլիկ է։ Նախկինում հայ գեներալները համամիութենական մասշտաբով մեծ հեղինակություն էին վայելում, նաեւ գիտնականները․․․ իսկ հիմա եկել են երեխաներ, որոնք չեն կռվել։ Իսկ բանակ ղեկավարելն այլ, հատուկ արվեստ է։
- Ի դեպ, Կարապետյանին, ըստ որոշ լուրերի, Ռուսիայի իշխանությունները տեսնում են ապագա վարչապետի պաշտոնին։
- Ես գոնե չեմ տեսնում, որ Մոսկվայում փորձեին փոխել Երեւանի իշխանությանը։ Փաստ է, որ Մոսկվան աշխատում է Փաշինյանի հետ։