Մշակույթ

Երկուսուկես անգամ ավել շինթույլտվություն է տրվել՝ գլխավոր հատակագծի բացակայության ժամանակ

Երկուսուկես անգամ ավել շինթույլտվություն է տրվել՝ գլխավոր հատակագծի բացակայության ժամանակ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նոյեմբերի 19-ի նիստում հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավել գումար է հավաքագրել: «Գիտե՞ք՝ Հայկ Մարությանի ժամանակ այդ ոլորտից ինչքան էր հավաքագրվում տուրքերի, վճարների տեսքով․ զրո»,- ասաց նա՝ շեշտելով, որ 2020-21 թվականներին մեծ ծավալի շինթույլտվություններ են եղել։

Թե ինչ նկատի ուներ Տիգրան Ավինյանը, ավելի պատկերավոր ու հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված նախագծման թույլտվությունների, շինարարության թույլտվությունների եւ ավարտական ակտերի վերաբերյալ վիճակագրական տվյալներին, համաձայն որի՝ 2018 թվականին տրամադրվել է 1788 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 1480 շինարարության թույլտվություն, 532 ավարտական ակտ: 2019 թվականին տրամադրվել է 1853 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 2612 շինարարության թույլտվություն, 497 ավարտական ակտ: 2020 թվականին տրամադրվել է 1600 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 2964 շինարարության թույլտվություն, 374 ավարտական ակտ: 2021 թվականին տրամադրվել է 1863 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 3044 շինարարության թույլտվություն, 529 ավարտական ակտ: 2022 թվականին տրամադրվել է 2173 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 4014 շինարարության թույլտվություն, 591 ավարտական ակտ: 2023 թվականին տրամադրվել է 2023 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) 4448 շինարարության թույլտվություն, 599 ավարտական ակտ:

Ինչպես երեւում է նշված տվյալներից, 2019-2023 թվականների հինգ տարվա շինարարության թույլտվությունների քանակը (17 082) երկուսուկես անգամ գերազանցում է 2014-2018 թվականների հինգ տարվա ցուցանիշներին (6 913): Էական աճ է գրանցվել առավելապես 2022-2023 թվականներին: Եվ դա նրանից չէ, որ նախորդ քաղաքային իշխանությունները վատ էին աշխատում, ճարտարապետական եւ քաղաքաշինական բլոկի մոտ ցածր էր մասնագիտական որակավորումը, կամ նրանց մոտ բացակայում էր թույլտվությունների տրամադրման ձգտումը: 2024թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է 76 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 933 շինարարության թույլտվություն, 356 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Նշված ցածր ցուցանիշների պատճառը քաղաքի գլխավոր հատակագծի բացակայությունն էր: Իսկ արդեն 2024թ. հոկտեմբերի ընթացքում տրամադրվել է 152 նախագծման թույլտվություն, 380 շինարարության թույլտվություն, 145 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):

Երեւանի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 26-ի «Երեւան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N42-Ն որոշման համաձայն՝ Երեւանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքերի չափերը շեշտակի բարձրացվեցին, որի արդյունքում Երեւան համայնքի բյուջեի մուտքերը 2024 թվականին միայն շինարարության ոլորտից ավելացան Տիգրան Ավինյանի նշած 18 մլրդ դրամով:

Հիշատակված 18 միլիարդ դրամը, բնականաբար, օդից չի մտնելու Երեւան համայնքի բյուջե: Այն վճարվելու է կառուցապատողների (ներդրողների) կողմից, որոնք, բնականաբար, նշված գումարը չեն մուծելու իրենց շահույթների հաշվին, այլ այն լրացուցիչ ներառելու են վաճառվող բնակարանների արժեքի մեջ: Արդյունքում համայնքի բյուջեի համալրումը կատարվելու է նոր բնակարաններ ձեռք բերող քաղաքացիների միջոցների հաշվին: Այսինքն՝ այն, ինչը Հայկ Մարությանի «մտքով չի անցել», կամ «հարմար առիթը ձեռքից բաց է թողել», այսօր դարձել է Տիգրան Ավինյանի հպարտության թեման, ճիշտ՝ ինչպես Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեւորավարձի թանկացումը:
«Շինարարական թույլտվության գործող տուրքերը 2024 թվականից փոփոխվել են, դա լրացուցիչ բեռ է դարձել կառուցապատողների համար։ Շինարարության ինքնարժեքը միայն թանկանում է, եւ կառուցապատողը չի կարող ինքնարժեքից ցածր վաճառել։ Եթե ստանդարտ էկոնոմի դասի բնակարանի 1 քմ-ի ինքնարժեքը, որը չունի որեւէ լրացուցիչ հարմարավետություն, նախկինում 500-600 դոլար կարող էր արժենալ եւ վաճառվել 700-800 դոլարով, ապա հիմա նման դասի բնակարանի միայն ինքնարժեքը 900 դոլարի սահմաններում է։ Հետեւաբար, նախկին ցածր գներով վաճառք լինել չի կարող։ Գաղտնիք չէ, որ, ինչպես ցանկացած շուկայական հարաբերություններում, այստեղ էլ ներդրողները պետք է հետաքրքրություն ունենան»,- մի քանի ամիս առաջ մամուլում հայտարարել էր Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ակնհայտ է, որ նոր ստեղծվող (կառուցվող) հիմնական անշարժ գույքի (բնակարանների) արժեքի թանկացումն ավտոմատ բերում է նաեւ երկրորդային էֆեկտների, այն է՝ նախկինում կառուցված բնակարանների, բնակվարձերի, գույքահարկի, շինանյութերի, շինպատրաստվածքների եւ այլնի գների թանկացման:

Հատկանշական է, որ Երեւանում շինարարության թանկացումն անուղղակիորեն անդրադառնալու է նաեւ հանրապետության մյուս բնակավայրերի բնակարանների արժեքի վրա, ինչպես նաեւ ուղղակիորեն՝ անմիջապես Երեւանի մերձքաղաքային գոտում գտնվող քաղաքի սահմանին անմիջապես հարող մարզերի բնակավայրերում բուռն ձեւով իրականացվող բնակելի թաղամասերի նորակառույց շենքերի արժեքի ձեւավորման վրա:
Վերջինիս դեպքում մենք նաեւ ականատես ենք լինում մայրաքաղաքի տարածքի ոչ պաշտոնական, բայց փաստացի ընդլայնմանը՝ Երեւանի համար բուֆերային գոտու ստեղծման փոխարեն արվարձաններում ստանում ենք ինտենսիվ կառուցապատման բնակելի գոտիներ, որի բնակչությունը, երեւանցիների նման, սպասարկվում է մայրաքաղաքի կողմից եւ ավելացնում քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image