Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո, տեղեկատվական պատերազմի բոլոր կանոնների համաձայն, տարատեսակ լուրեր ենք ստանում: Մասնավորապես հայաշատ Թեհրան քաղաքի վերաբերյալ լուրեր էին պտտվում, որ քաղաքի բնակչությունը խուճապահար հեռանում է, դրա հետևանքով խցանումներ են առաջացել և որ քաղաքում անջատված է ջրամատակարարումը:
«Հրապարակի» հետ զրույցում Իրանում հրապարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը տեղեկացրեց, որ Իսրայելի կողմից հրթիռակոծության արդյունքում, բարեբախտաբար հայերի շրջանում վիրավորներ կամ զոհեր չկան:
«Որևէ վիրավորներ կամ զոհեր մինչ այս պահը, որ Ձեզ հետ խոսում եմ, չկան: Բարեբախտաբար, իրանահայ համայնքում նման դեպքեր չենք ունեցել: Պատերազմական վիճակ է, լարվածություն կա, բայց խուճապ չկա: Ինչ վերաբերում է քաղաքից դուրս գալուն, ապա որոշ ընտանիքներ մտածում են ժամանակավոր քաղաքից դուրս գալ, որոշ մարդիկ էլ կարող են Հայաստան գալ, բայց համայնքի մեծ մասը քաղաքում է: Մեր ազգային իշխանությունները՝ թեմական խորհուրդները, բոլորն էլ փորձում են իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկել, որ Տեր մի արասցե բան պատահի, կարողանան օբեյկտիվ օգնություն ցուցաբերել և իրավիճակին համապատասխան միջոցներ ձեռնարկել»,-ասաց Շահնազարյանը:
Խնդիր ունեցողները առաջնորդարանի հետ կարող են կապ հաստատել, քանի որ իրավիճակով պայմանավորված առաջնորդարանն անընդհատ աշխատում է և հնարավորության սահմաններում խնդիրները լուծվելու են:
«Իսկ եթե դրա անհրաժեշտությունը կա, պետական մարմինների հետ կապի մեջ ենք, նաև պետական օգնություն կստանանք, սակայն շեշտում եմ, նման անհրաժեշտություն մինչ այս պահը դեռևս չի եղել: Երկրում սննդի խնդիր չկա, կապի խնդիր դեռևս չկա, այդպիսի վտանգավոր երևույթ, որ ստիպված լինենք շտապ միջոցներ ձեռնարկել՝ դեռևս չկա: Ես դեռևս բառը շեշտում եմ, որովհետև պատերազմ է ու ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել: Սակայն դեռ ամեն ինչ ստաբիլ է, կայուն է, ազգային իշխանությունների գործունեությունը ծավալվում է հենց իրավիճակին համապատասխան»,-շեշտեց «Ալիքը» օրաթերթի խմբագիրը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ Թեհրանում ջրամատակարարումն անջատված է ու մարդիկ խուճապահար հեռանում են, ասաց, որ այս պատերազմը պետք է դիտարկել նաև քաորզչական-հոգեբանական տեսնակյունից ու Իսրայելի հրթիռակոծության ժամանակ Թեհրանի թաղամասերից մեկի ջրամատակարարումն էր խաթարվել, սակայն ջրմուղն արագ արձագանքել էր ու ժամերի ընթացքում այդ թաղամասի ջրամատակարարումը վերականգնվել էր, խոսքը գնում էր միայն մեկ թաղամասի մասին:
«Պատերազմական իրավիճակով պայմանավորված պետական հիմնարկներում աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, և շատերը առիթն օգտագործում են ճամփորդելու համար: Բացի այդ, տարածվող տեսանյութերի ժամանակագրությունն ու իսկությունն էլ պիտի ստուգվի, որովհետև, օրինակ, երկու ամիս առաջ, վեց ամիս առաջ արձակուրդներ կային ու նորից ճանապարհներին խցանումներ էին առաջացել, որովհետև մարդիկ դեպի ծով էին գնում: Ես չեմ ասում այդ հոսքը չկա՝ կա այդ հոսքը, բայց որ խուճապ է, ճգնաժամ է, որ Թեհրանը վերածվելու է ուրվականների քաղաքի՝ նման բան չկա»,-եզրափակեց Շահնազարյանը։