«Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել», - ասել է Ռուբեն Հակոբյանը Հ2-ի հեռուստամեկնաբան Շավարշ Գեւորգյանի եթերում, վարչապետի հրաժարականի հարցի շուրջ: Դիպուկ արտահայտությունը վերնագիր է դարձել ու տարածվել համացանցով մեկ, խորապես վիրավորելով նիկոլական իշխանությանը:
Հաղորդումը խոսելու իրավունքի մասին է, եւ այդպես էլ կոչվում է՝ «Խոսքի իրավունք»: Բաց խոսքի իրավունքը Հայաստանում այլեւս վտանգավոր է: Այն իրացնելու համար կալանավորում են, ինչպես կալանավորեցին Միքայել Սրբազանին, Սամվել Կարապետյանին, Ռուբեն Հակոբյանին, դրանից առաջ Արմեն Գրիգորյանին եւ ուրիշների:
Վաղը ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումներն են, հավանաբար, քննարկվելու է կալանքի հարցը: Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանն այս մասին գրառում է արել, նշելով, որ նիստը կայանալու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, «Աջափնյակ 1» նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40), դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ:
«Հրապարակի» հարցերին պատասխանելով փաստաբանը կատակեց. «Անցյալ տարվա մոդան տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանությունն էր, այս տարվա մոդան էլ իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչի հոդվածն է:
Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանն ու Ռուբեն Հակոբյանը` երեքն էլ այս նույն հոդվածով են մեղադրվում: Այստեղ կարևոր է շեշտել, որ սա միջին ծանրության հանցագործություն է, եւ այս հանցագործության սանկցիաների մեջ հանրային աշխատանքներ, տուգանք, այսինքն, նվազ ծանրության սանկցիաներ կան, ինչը ցուցիչն է այն բանի, որ նման հանցակազմով անձին` մինչև դատական ակտը կալանքի տակ պահելը համաչափ չի: Ակնհայտ երևում է, որ կալանքը ոչ եթե խափանման միջոց է, այլ պատիժ, հակառակի բացատրությունը ուղղակի չեմ կարողանում գտնել»:
Նա հրաժարվում է անդրադառնալ կալանքի քրեադատավարական հիմնավորմանը: «Ես դա չեմ էլ քննարկում այս պահին, որովհետեւ երեքի դեպքում էլ կալանքը պատիժ է: Ռուբեն Հակոբյանի կալանքի դեպքում դատարանը դրել էր նոր հանցանք կատարելու ռիսկը, այսինքն, որ նորից նման բան կասի: Հիմա հարց է ծագում, բա էն այլընտրանքային խափանման միջոցները, որ 2021 թվականին նոր Քրեական դատավարության օրենսգրքով ներդրեցիք՝ վարչական հսկողությունը, տնային կալանքը, ինչի՞ համար են:
Հռչակվել էր, որ դրանք ներդրվում են, որպեսզի դատարաններին հնարավորություն տան այն դեպքերում, երբ որ ռիսկը նվազ է, բայց իրենք դա տեսնում են, ավելի շատ գործիքներ ունենան այդ ռիսկը զսպելու, քան գրավն է, կամ բացակայության արգելքը: Եւ այն ժամանակ, ասենք, նվազ ռիսկի պայմաններում դատարանները կալանք էին տալիս, հիմա կարող են չտալ: Օրինակ, «Իմնեմնիմիի» տղաների գործով նոր հանցանք կատարելու ռիսկը զսպելու համար դատարանը վարչական հսկողություն էր սահմանել, արգելելով «Իմնեմնիմի» հաղորդաշարը վարել, եւ խափանման միջոցի պայմանը չէր խախտվել, ամեն ինչ նորմալ էր անցել:
Հիմա ի՞նչն է խնդիրը, որ այդ էֆեկտիվ խափանման միջոցը չի կիրառվում, այլ կիրառվում է ամենախիստ, դաժան խափանման միջոցը՝ բանտային կալանքը, մի պարագայում 70 -ամյա անձի նկատմամբ, ինչպես Ռուբեն Հակոբյանն է, մի պարագայում՝ արքեպիսկոպոսի նկատմամբ, մի պարագայում՝ ազգային բարերարի նկատմամբ:
Ողջամիտ հարց է առաջանում, բա էսպիսի պատկառելի անձանց նկատմամբ` եթե միջին ծանրության հանցանքի համար կալանք է կիրառվում, բա հանցավոր տարրերի նկատմամբ ի՞նչ պիտի կիրառեք», - ասում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: