Մշակույթ

Քաշով մեկ ոսկի են ոչ միայն թանգարանային շենքերը, այլեւ թանգարանային հավաքածուները

Քաշով մեկ ոսկի են ոչ միայն թանգարանային շենքերը, այլեւ թանգարանային հավաքածուները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ աշխատանքային առօրյան հագեցած է ինչպես հեծանիվ վարելով, ոտանավորներ գրելով, այնպես էլ թանգարանային այցերով։ Այսպես, օրինակ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացված է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը: Տեղում վարչապետն անդրադարձել էր հայաստանյան թանգարանների ընդհանուր վիճակին։ «Թանգարանային գործը մեզ համար հիմնականում մնում է մութ անտառ եւ ոչ միայն Դիլիջանում»,- այցի ընթացքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ում տեղեկացրել էին, որ տարեկան 4 հազար այցելու է այս թանգարանն ունեցել։ «Մեր թանգարաններում շարժ չկա։ Մեր թանգարանները հիմնականում պահեստ են։ Օրը 17 մարդու համար։ Լավ թանգարաններ, քիչ այցելուներ, քիչ եկամուտներ։ Այս խնդիրը պետք է լուծենք»,- ասել էր նա։ Վարչապետի նման դատողություն-դիտարկմանը, ցավալիորեն, ոչ մի թանգարանի տնօրեն չընդդիմացավ, եւ կարծես լռությունը համաձայնության տեղ անցավ։  

Ե․ Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի նախկին տնօրեն Կարո Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ վարչապետի կողմից նման գնահատականն անգիտության հետեւա՞նք է, թե՞ թիրախային որակում։ «Մի քանի տեսանկյունից կարելի է մեկնաբանել․ առաջին հերթին, որ նա եկած օրից սիրում է բոլորին սովորեցնել իրենց գործը՝ ինքը չունենալով կոնկրետ մասնագիտություն։ Հավանաբար, այդ կիսատ-պռատության բարդույթը, որ իր մեջ կա, մղում է իրեն՝ չկայացած մարդու դիրքերից հարձակվել բոլորի վրա։ Այդ պատճառով էլ իր եկած օրից նկարչին նկարել է սովորեցնում, բեմադրիչին՝ բեմադրել, հիմա էլ նույնկերպ մտել է թանգարան»։

Նախկին տնօրենը նկատում է՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանը մարզային կամ պետական թանգարան չէ, այլ համայնքային ենթակայության թանգարան․ «Ըստ այդմ, համայնքն է իր ավագանիով, որպես քաղաքական ընտրովի մարմին, որոշում՝ պահե՞լ դա, թե՞ չպահել, կամ՝ պահելուց ինչկերպ պահել, ինչ քաղաքականություն մշակել, բնականաբար, հետեւելով լիազոր մարմնի մշակած քաղաքականությանը։ Ու համայնքային թանգարանում ինքը կանգնի ու ինչ-որ բա՞ն թելադրի,... նույնիսկ օրենքի տեսանկյունից դրա իրավունքը չունի, հասկացանք, որ ամեն ինչ թղթի վրա է, եւ գիտենք, թե այդ ընտրություններն էլ ինչպես են կազմակերպում, քո ավագանիներն են, եւ կարող ես մի կուսակցական ժողովի ժամանակ ականջներին ասել, եթե ուզում ես մշակութային մի օջախի հետեւից ընկնել։ Ասելիքս այն է, որ դու քո արատավոր ձեռքերն իրավունք չունես մտցնելու համայնքային որեւէ կառույցի մեջ եւ միջամտելու նրա գործունեությանը»։

Ինչ վերաբերում է թանգարանային ոլորտի արդյունավետությանը, ապա Կ․ Վարդանյանը նկատում է․ «Մինչեւ այդպիսի հայտարարություններ անելը, թե թանգարանները պահեստներ են, որտեղ մարդ չի մտնում (ես՝ ինքս, երկար տարիներ աշխատել եմ այդ ոլորտում, դրանից առաջ էլ՝ շուրջ 10 տարի հենց իմ համակարգման ոլորտներից մեկն է եղել մշակույթի նախարարությունում), պարզապես կարող էիր տեղեկություններ ուզել թանգարանների մասին, եւ քեզ կտրամադրեին, ըստ այդմ՝ կտեսնեիր վերջին տարիների շարժը՝ առաջընթաց կա՞, թե՞ չկա։ Ինչ վերաբերում է պահեստ լինել-չլինելուն, ապա խնդիրներ կան, որ բնորոշ են աշխարհի բոլոր թանգարաններին, մանավանդ՝ մեծ թանգարաններին։ Ենթադրենք, Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը կամ հենց Գրականության եւ արվեստի թանգարանը, դրանց ցուցադրական մակերեսները հնարավորություն են տալիս իրենց պահպանմանը վստահված արժեքների ընդամենը 1-2 տոկոսը ցուցադրել, մնացած գանձարանը, այո, պահոցներում է պահպանվում։ Հետո՝ բացի մշտական ցուցադրությունը պարբերաբար փոփոխելուց, թարմացնելուց, կան բազմաթիվ այլ եղանակներ, եւ այդկերպ մեր բոլոր առաջատար թանգարաններն են աշխատում»։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Դիլիջանի երկրագիտական թանգարանը թեպետ այդքան հարուստ հավաքածու չունի, բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ տարեկան ընդամենը 30 մլն կամ մի քիչ ավելի է թանգարանի ողջ աշխատակազմի մեկ տարվա աշխատավարձը, որի մեջ մտնում են նաեւ շենքի պահպանման եւ մյուս բոլոր ծախսերը, որը մեկ ՔՊ-ականի 1-2 ամսվա եկամուտն է։
«Ինչ է՝ տնտեսելու ուրիշ տեղ չգտա՞ք, ինչո՞ւ եք մշակույթը հալածում, ինչո՞ւ եք պատերազմ հայտարարել մեր մշակութային ժառանգության դեմ։ Այդ խեղճուկրակներն էլ, բնական է, բերանները ջուր առած՝ պետք է կանգնեին ու ոչ մի ծպտուն չհանեին, որովհետեւ համատարած է դարձել աշխատատեղի, աշխատավարձի հարցը»։

Հատկանշական է, որ թանգարան այցի ժամանակ Փաշինյանը խոսել է «քիչ այցելուներ-քիչ եկամուտներ» հարաբերակցության մասին եւ եզրահանգել, որ այդ խնդիրը պետք է լուծվի։ Ինչը չի բացառում, որ օպտիմալացում կամ շենքերի օտարում սկսվի նաեւ թանգարանային ոլորտում․ «Այդ մտահոգությունը կա, հատկապես որ իրենք իրենց նպատակները չեն էլ թաքցնում, վերջին հայտարարությունները՝ ստեղծագործական միությունների շենքերի օտարման մասին, այդ կապիկությունը՝ ակադեմիական քաղաք ստեղծելու շուրջ, բնականաբար, ստեղծում են այդ մտավախությունը։ Այո, շենքերը գայթակղիչ են, եւ եթե նրանք շարունակեն մնալ, կասկած չունեմ, որ այդ շենքերն էլ իրենցով կանեն՝ անհեթեթ հիմնավորումներով, որովհետեւ այդ շենքերը քաշով մեկ ոսկի են եւ եկամտի աղբյուր»։
«Քաշով մեկ ոսկի են» ոչ միայն թանգարանային շենքերը, այլ նաեւ թանգարանային հավաքածուները․ «Ինձ մտահոգում է այլ բան․ 44-օրյա զարհուրանքի օրերին, 18-20 օր հետո մեզ՝ թանգարանների տնօրեններին հրահանգեցին, որ բեռնատարներ վարձեք եւ թանգարանային արժեքները տեղափոխեք Մատենադարանի ստորգետնյա տարածքներ, որտեղ ապահով է։ Բայց քանի որ իրենց չեմ վստահում, ամեն հնարանք բանեցրի, որպեսզի կոնկրետ իմ տնօրինած թանգարանից մի թուղթ էլ դուրս չգա, քանի որ մի չգրված օրենք կա, երբ արժեքներն իրենց ամբողջ ծավալով դուրս են գալիս թանգարանից, չգիտես ինչու, լիարժեք հետ չեն վերադառնում։ Դրա բացատրությունը չկա․․․, դրա համար ես կարողացա համոզել, որ մեր պահոցները կիսանկուղային են, պակաս ապահով չեն, եւ թույլ տվեք դրանք պահել մեզ մոտ։ Եվ այդպես ես կարողացա ինձ վստահված թանգարանն ու թանգարանային արժեքներն անձեռնմխելի պահել։ Բայց, միեւնույն ժամանակ, ոչ մի կերպ չէինք կարողանում բացատրել, որ առաջին հերթին հենց Շուշիի թանգարանների արժեքները պետք է տեղափոխել, որը մի քանի բեռնատարի խնդիր էր։ Ինչո՞ւ այդ արժեքները չտեղափոխվեցին Հայաստան։ Ես հիմա իրավունք ունե՞մ մտածել, որ միտումնավոր դա արվեց․․․ այսինքն՝ ոչ միայն երկիր պետք է հանձնես, այլեւ պատմությունն էլ հե՞տը։ Արդյո՞ք պատճառը միայն նախարարների ու փոխնախարարների անպատասխանատու, փնթի կեցվածքն էր, թե՞ այլ միտում կար․․․ այս հարցի պատասխանը ես մինչ օրս չունեմ»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image