Այս տարվա դասագրքերի մրցույթին «Աշխարհագրություն-8» առարկայի դասագրքի ստեղծման հայտ էր ներկայացրել 4 կազմակերպություն՝ «Էդիթ Պրինտ», «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ները, «Տիգրան Մեծ հրատարակչություն», «Մանմար հրատարակչություն» ՓԲԸ-ները։ Համաձայն ԿԳՄՍՆ մրցութային հանձնաժողովի արձանագրության՝ ներկայացված բոլոր դասագրքերը հաղթահարել էին սահմանված անցողիկ շեմը, սակայն ԿԳՄՍ նախարարություն մուտքագրված բողոքների հիման վրա ներկայացված բոլոր դասագրքերը սահմանված կարգով ուղարկվել էին կրկնակի փորձաքննության, որի արդյունքում դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը հաղթահարել է միայն «Մանմար» հրատարակչության ներկայացրած դասագիրքը, որը սահմանված կարգով ուղարկվել է լրամշակման։ Ի վերջո, նախարարություն է ներկայացվել «Մանմար հրատարակչություն» ՓԲԸ-ի ներկայացրած դասագրքի լրամշակված տարբերակը, որն այս տարի կմտնի դպրոցներ։
ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված դասագրքի հեղինակներն են Արմեն Հովսեփյանն ու Ռուդիկ Մարգարյանը։ Դասագրքի համահեղինակ Ռ․ Մարգարյանն ասում է՝ չնայած իրենց դասագրքի դեմ 3 անգամ բողոքներ են եկել, 3 անգամ էլ դասագիրքն ուղարկվել է փորձաքննության, այդուհանդերձ․ «3 անգամ էլ դասագիրքը հաջողությամբ հաղթահարել է այդ փորձաքննությունը»։
Մրցույթից դուրս մնացած դասագրքերի հեղինակներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակային գրառումներով են հանդես եկել՝ հրավիրելով ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը։ Այսպես, օրինակ՝ Լուսինե Հակոբյանը նոր դասագրքից մի քանի էջ էր տեղադրել, ապա գրել․ «Տեղադրել եմ բացված QR կոդերը եւ հին գրքի էջերը։ Պարզվում է՝ QR կոդերն ընդամենը շապիկ են՝ 20 տարվա հնության թվերը քողարկելու համար… Եվ սա հաստատվել է այն նախարարության կողմից, որն ուսուցիչներին պարտադրում է շարունակական վերապատրաստումներ՝ նոր չափորոշիչների պահանջներին ծանոթանալու համար։ Հետաքրքիր է՝ գրքի հեղինակները, բացի վերջնարդյունքները ծածկագրի տեսքով անիմաստ QR կոդի վերածելուց, էլ ի՞նչ մասով են հետեւել չափորոշչի պահանջներին։ Ժամանակակից աշակերտները չեն սիրում երկար տեքստեր կարդալ, մի՞թե տարածաշրջանների աշխարհագրության վերաբերյալ հնարավոր չէր մի քանի հետաքրքիր տեսանյութ տեղադրել։ Հին դասագիրքը copy անելով եւ 2018 թվականից որպես օժանդակ նյութ օգտագործվող, բոլորիդ հայտնի ManMar հրատարակչության ատլասի քարտեզներն ավելացնելով՝ «նոր» դասագիրք են գրել»։
Ռ․ Մարգարյանն այս մասով նախ զարմանում է, ապա՝ հակադարձում․ «Իրենց ուզածն ի՞նչ է, նոր գիրք գրեինք, որտեղ Ռուսաստանի մայրաքաղաքը լիներ Պեկի՞նը․․․, թե՞ տարածքները շատ գրեինք․․․ թե՞, որ Չինաստանը գտնվում է Աֆրիկայում․․․ սա երկրագրական աշխատանք է, որը հիմնականում պահպանվում է»։
Այն, որ դասագիրքն ամբողջությամբ նախորդի կրկնությունն է, եւ ինչպես նկատել են հակադիր ճամբարից՝ չափորոշչային պահանջները ապահովված չեն ո՛չ բովանդակային առումով, ո՛չ էլ մեթոդական, Ռ․ Մարգարյանը դա անվանում է ենթադրություն եւ վերացական խոսակցություն․ «Պետք է կոնկրետ խոսել, թե որ թեման, որ հարցն է սխալ գրված․․․ ինչ վերաբերում է կրկնությանը, ապա աշխարհագրության դեպքում 10-20 տարին այն մեծ ինտերվալը չէ, որ աշխարհը քանդվի․․․, շատ քիչ փոփոխություններ են եղել այս ընթացքում, ի՞նչ պետք է գրեինք, որ չենք գրել»։
Ընդդիմախոսների այն դիտարկմանը, որ մեթոդական ձեռնարկն էլ մրցույթի սկզբում գոյություն չուներ ու մեկ էլ «կախարդական փայտիկի օգնությամբ հայտնվեց», զրուցակիցս ասում է․ «Ո՞նց չի եղել, մենք գրել ենք, բայց ոչ թե սկզբում ենք ներկայացրել, այլ՝ հետո, դրա մեջ ի՞նչ կա։ Կարեւորը՝ մինչեւ մրցույթը ներկայացրել ենք, ինչի՞ մասին է խոսքը․․․»։
Մրցույթից դուրս մնացած դասագրքի հեղինակ Ակսել Պոտոսյանն էլ իր ՖԲ-յան գրառման մեջ մասնավորապես նկատել էր․ «Բազմաթիվ դասեր շարադրված են 20-25 տարվա հնացած նյութով։ Մինի քարտեզները նախատեսված են 3-4-րդ դասարանների աշակերտների համար, գիտականության մակարդակը միջինից ցածր է` աշխարհի երկրները զարգանում են, զարգանում է նաեւ աշխարհագրություն գիտությունը, իսկ այս գիրքը մնացել է հնում։ Դասանյութերի մեծ մասում շատ ցածր մակարդակով է տրված ֆիզիկաաշխարհագրական մասը։ Օրինակ, ՌԴ-ի կլիմայի մասին ընդամենը գրված է՝ ՌԴ-ի կլիման բազմազան է… եւ վերջ։ Հարյուրավոր անճշտություններ եւ այլն»։
«ՌԴ-ի կլիման, այո, շատ բազմազան է,- ասում է Ռ․ Մարգարյանն ու շարունակում։- Դա աշխարհի 1/6 մասն է, ուրեմն դասագիրքը դարձնենք աշխարհի 1/6 կլիմայի մասի՞ն․․․։ Այդպես չի լինի, կարեւորը՝ որ 8-րդ դասարանի աշակերտի համար ներկայացվում է աշխարհի տնտեսական, սոցիալական, նաեւ՝ տարածաշրջանային պատկերը, եւ դասագրքի ամենավերեւում գրված է՝ Տարածաշրջանի երկրներ։ Հիմա Ռուսաստանի դեպքում չես կարող ամեն ինչ մանրամասն գրել, աշխարհի մեծ մասն է, հարյուրավոր լեռնաշղթաներ կան, ես այդ ամենը լավ գիտեմ, բուհում դաս եմ տվել, դոցենտ եմ, ձեռնարկներ ունեմ, ատլասներ, քարտեզներ, աշխարհագրական բառարան եմ գրել եւ եթե այդ ամբողջը գրեմ, ապա դասագիրքը կլինի 5-6 հատորանի․․․։ Աշխարհագրությունը սահման չունի, եթե սկսես ամեն ինչ գրել, դա կլինի ամենինչագրություն, ոչ թե աշխարհագրություն, իսկ մեր հիմնական նպատակը յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունների մասին աշակերտին տեսական մակարդակով գիտելիքներ տալն է, թե ինչ գծերով է այն տարբերվում այլ տարածաշրջաններից»։
Ինչո՞ւ դասագրքում զետեղված չէ մայրցամաքների, օվկիանոսների աշխարհագրությունը։ «Դա մնացել է 7-րդ դասարանի աշխարհագրության մեջ, որտեղ գրված են երկրագնդի մայրցամաքները, օվկիանոսները, ծովերը եւ այլն։ Այսինքն՝ 7-րդ դասարանի ուսումնական նյութը չի կարելի նորից դասավանդել 8-ում։ Ճիշտ է՝ աշխարհը մեկն է, բայց այնտեղ աշխարհը դիտվում է ըստ նրա տարրերի՝ մայրցամաքներ, օվկիանոսներ, գետեր, լճեր, սառցադաշտեր եւ այլն, իսկ այստեղ բոլորը դիտարկվում են ըստ տարածաշրջանի ու դրա վրա գոյություն ունեցող երկրների, դրա համար էլ դասագրքի վրա գրված է՝ Աշխարհագրություն․ տարածաշրջաններ եւ երկրներ։ Այսինքն՝ շեշտադրումը դրա վրա է, ու դրա համար չես կարող գրել աշխարհի բոլոր գետերի, լճերի մասին, որովհետեւ այդպես դուրս կգա ֆիզիկաաշխարհագրական գիրք կամ հանրագիտարան»,- նշում է դասագրքի հեղինակը։
Հետաքրքրական է, որ անցած տարի էլ «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից տպագրված 7-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքն էր (հեղինակներ՝ Թրահել Վարդանյան, Ակսել Պոտոսյան, Վարդան Ասատրյան, Լուսինե Հակոբյան) երաշխավորվել ԿԳՄՍՆ-ի կողմից, որի հետ կապված էլ՝ անցած տարի, նույն իրավիճակի կրկնությամբ, Ռ․ Մարգարյանն էր հարյուրավոր սխալներ մատնանշել։