Քաղաքականություն

Սպեկուլյացիա՝ սպեկուլյանտ, կապիտուլյացիա ստորագրող՝ կապիտուլյանտ

Սպեկուլյացիա՝ սպեկուլյանտ, կապիտուլյացիա ստորագրող՝ կապիտուլյանտ

ԱԺ-ում, որպես կանոն, կռիվները սկսվում են նրանից, որ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի մասին ինչ-որ բան է ասում, նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը նկատողություն է անում, երկրորդ նկատողությամբ ձայնի իրավունքից է զրկում, ապա ԱԺ դահլիճից դուրս է հրավիրում, հաջորդիվ՝ ծեծկռտուք է սկսվում, քանի որ ընդդիմության տղամարդ պատգամավորները չեն կարող թույլ տալ, որ անվտանգության աշխատակիցները քաշքշելով դուրս տանեն աղջկան։ Այս գրեթե կրկնվող տեսարաններից հետո (մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ բռունցքի հարվածներ կամ քացիներ) ընդդիմությունը հայտարարում է, թե ԱԺ նախագահը վերազանցում է՝ չունի նման լիազորություններ։ 

ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-ը սահմանում է պատգամավորի էթիկայի կանոնները, որոնք վերաբերում են  պատգամավորի ամենօրյա վարքագծին: Պատգամավորի էթիկայի կանոններն են․ ա) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, բ) հարգել հանրության բարոյական նորմերը, գ) պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: 

Ալեն Սիմոնյանը ճի՞շտ է կիրառում ԱԺ կանոնակարգ օրենքը։ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ նախագահն ունի պատգամավորի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու իրավունք, բայց դրա համար նախատեսված հիմքերը նույն՝ օգոստոսի 24-ի նիստին չեն եղել։ «Տվյալ դեպքում՝ Աննա Մկրտչյանին ընդհատելու, նախազգուշացնելու որեւէ հիմք չկար, որովհետեւ նման սանկցիաները տրվում են, երբ պատգամավորը խախտում է օրենքը։

Աննա Մկրտչյանն ընդամենը ասաց՝ «այդ անձնավորությունը ներս է բերել իր ախրաննիկներին»։ «Այդ անձնավորությունը» արտահայտությունը որեւէ օրենքի խախտում չէ։ Անգամ «կապիտուլյանտ» բառը վիրավորանք չէ»,-ասում է Գեւորգ Պետրոսյանը։ 
Նա որպես օրինակ բերում  է նախկին Քրեական օրենսգրքում «սպեկուլյացիա» հանցակազմը եւ այդ հանցակազմի մեղավորին, որը Քրեական օրենսգրքով կոչվում էր սպեկուլյանտ։ Կամ՝ վերցնենք բառարանների «սիմուլյացիա» բառը․ այն իրականացնողը սիմուլյանտ է։ Հետեւաբար, առակն այն կցուցանե, որ կապիտուլյացիոն ակտ ստորագրած պաշտոնատար անձը կապիտուլյանտ է։

«Այսինքն՝ սա վիրավորանք չէ, սա գործունեության գնահատական է։ Ուրիշ պատմություն է, երբ դա ասելով՝ ոմանք դիպչում են Նիկոլ Փաշինի սրտի նուրբ լարերին, բայց «կապիտուլյանտ» բառն ինքնին նույնն բանն է, ոնց որ ասես՝ սիմուլյանտ, սպեկուլյանտ։ Այսինքն՝ դա որոշակի գործունեության գնահատական է։ Եվ Ալեն Սիմոնյանն իրավունք չուներ այդ  բառի հիմքով կամ, որ ասաց՝ «այս անձնավորությունը բերել է ախրաննիկներին»։ «Էս անձնավորությունը» վիրավորա՞նք է, բոլորն էլ կարող են մեկը մյուսին ասել՝ «այս անձնավորությունը»։

Հետեւաբար, քանի որ Ալեն Սիմոնյանը բացարձակապես հեռու է օրինականությունից, նա նույնպես իր շեֆի աչքին բարձրանալու կամ եղած դիրքերը պահպանելու փորձեր է անում։ Եվ դրա համար էլ հիմնազուրկ կերպով նախազգուշացում է հայտնում, հետո խոսափող է անջատում, հետո՝ հեռացնում։ Այսինքն՝ բավական է, որ այդ պատժամիջոցներից մեկն ապօրինի լինի, ապա դրան հաջորդող սանկցիաներն արդեն ինքնին ապօրինի են, որովհետեւ դրանք թույլատրվում են կիրառել ըստ հերթականության»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image