Սամվել Կարապետյանին դիմավորեցին որպես ազգային հերոսի։ Արդեն պարզ գծագրվում է, թե ինչու իշխանությունը բանտային կալանք խափանման միջոցը փոխարինեց տնային կալանքով․ եթե նման քայլ չարվեր, ազգային բարերարը կդառնար ազգային հուսո հենասյուն, հուզական-հերոսական սիմվոլ։ Իսկ նման սիմվոլները հասարակության մեջ արագ են ուժեղանում, որովհետև Հայաստանում գոյություն ունի քաղաքական և հոգեբանական վակուում․ մարդիկ մեծ սպասում ունեն հավասարակշռող, վստահելի դեմքի նկատմամբ։
Ժողովուրդը Սամվել Կարապետյանին չի ընկալում որպես սովորական քաղաքական խաղացող։ Նրա կերպարը դիտվում է որպես ազգային հենասյուն, ով կարող է իր հեղինակությամբ միավորել հասարակությանը և ծառայել պետությանը։ Այսինքն՝ հանրային ընկալումը նրան արդեն դուրս է բերել քաղաքական փոշու տարածքից և տեղափոխել ազգային արժեքի դաշտ։
Հենց այստեղ է թաքնված գլխավոր սկզբունքը․ նա պետք է հանդես գա ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, ոչ որպես հերթական բողոքավոր, այլ պետք է ամրապնդի ժողովրդի կողմից իրեն վերագրված «ազգային հեղինակություն» կարգավիճակը։ Նրա հաջողության բանալին իշխանության դեմ պատերազմելը չէ, այլ՝ իշխանությունից անկախ ազգային հենասյուն լինելու կարողությունը պահելը։ Այնպիսի հեղինակություն, որ իշխանությունը չկարողանա չեզոքացնել՝ ոչ լրատվամիջոցներով, ոչ ֆեյքերով, ոչ իրավական ճնշումներով։
Սամվել Կարապետյանի դեմքը հանրային գիտակցության մեջ ձևավորվել է որպես «ուժեղ», «ազգային», «հավասարակշռող գործիչ»։ Նա ստեղծել է սպասումների դաշտ, և հենց այդ դաշտն էլ իշխանությունը փորձում է տնային կալանքի միջոցով կարգավորել/սահմանափակել։ Տնային կալանքը ոչ թե պատիժ է, այլ վերահսկողություն․ սահմանափակել շփումները, նվազեցնել հանրային էֆեկտը, «ցրել» ուշադրությունը։
Ի՞նչ է լինելու իշխանության հաջորդ քայլը։ Մեկ բառով՝ քաղաքական պիտակավորում։ Ութ տարի իշխանությունը նույն մեխանիզմով թույլ չի տալիս, որ որևէ մեկը մոտենա վարչապետի աթոռին․ նա արագ պիտակավորում է ցանկացած հեղինակություն՝ հանրության աչքում զրոյացնելով նրան։ Նույնը կփորձի անել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Իրավական գործերի «կախոցով», ինֆորմացիոն հարվածներով, պետական մեդիայի քարոզչությամբ նրան կներկայացնեն որպես «հերթական ընդդիմադիր»՝ դուրս մղելով նրա ազգային հենասյուն, հեղինակություն լինելու պատմությունը։ Սա նույն տեխնոլոգիան է, որով փորձում են կուսակցականացնել և աղտոտել Եկեղեցու հեղինակությունը․ ազգային արժեքը իջեցնել քաղաքական դաշտ և այնտեղ «աղմուկի մեջ» չեղարկել։
Հետևաբար Սամվել Կարապետյանի միակ ճիշտ ճանապարհը լուծում բերող ուժ դառնալն է, ոչ թե ընդդիմադիր։ Նա պետք է պահպանի «համազգային արժեք» լինելու կարողությունը։ Քանի դեռ նա կանգնած է ոչ թե ընդդեմ իշխանության, այլ՝ վերևում՝ որպես համազգային հեղինակություն, իշխանությունը դժվար թե կարողանա նրան ներկայացնել որպես շարքային ընդդիմադիր։ Այդ դեպքում նա ընկալվում է ոչ թե որպես քաղաքական մրցակից, այլ որպես ազգային ռեսուրս։