Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերություններով պարծեցող ալիեւյան ռեժիմը վերջին օրերին իր «սազանդար» քարոզիչների եւ լրատվամիջոցների միջոցով սկսել է հակառուսական տրամադրություններ գեներացնել: Պատրվակն ադրբեջանցի երեխաներն են՝ ուղիղ իմաստով:
Առհասարակ, նորություն չէ, որ Ադրբեջանն իրեն պարբերաբար ներկայացնում է «զոհի» կերպարում՝ իրականում թաքցնելով սեփական դահճային բնույթը: 44-օրյա պատերազմից եւ Արցախի հայաթափումից հետո գրոտեսկային ու հաղթական տեքստեր արտաբերող Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ի լուր աշխարհի «կոկորդիլոսի արցունք թափել», թե տասնամյակներ շարունակ «Հայաստանը հալածել, կեղեքել է մեզ»:
Նորություն չէ նաեւ, որ Երեւանի ու Մոսկվայի հարաբերությունները վերջին շրջանում, մեղմ ասած, լարված են, ինչը, թվում է, պետք է ոգեւորեր նախկինում ռուս-հայկական ջերմ հարաբերությունների նկատմամբ «մանկամիտ» խանդով լցված Բաքվի բռնապետին: Բայց պարզվում է, որ այդ խանդն այսօր էլ կա, մանավանդ, երբ Ռուսաստանից ու Հայաստանից հնչող փոխադարձ մեղադրանքների ֆոնին քիչ չեն նաեւ պաշտոնական շրջանակների վստահեցումները, թե երկու բարեկամ երկրների միջեւ քաղաքական ճգնաժամը ժամանակավոր է, իսկ դրա լուծումը՝ անխուսափելի եւ ցանկալի: Կարճ ասած՝ Ադրբեջանը մտավախություն ունի, որ որեւէ պահի Երեւանն ու Մոսկվան «հաշտության ձեռք կսեղմեն»:
Հենց այս նկատառումով էլ Բաքուն անցել է հակառուսական «գրոհի»: Ադրբեջանում բողոքում են, թե Ռուսաստանը շարունակում է խստացնել կանոնները միգրանտների, այդ թվում՝ ադրբեջանական համայնքի համար: Հիշեցնում են՝ Պետդուման արդեն երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաների (խոսքը 6 տարեկան երեխաների մասին է) գրանցումը դպրոցներում։ Ըստ օրենքի՝ մինչեւ ուսումնական հաստատություն ընդունվելը ռուսաց լեզվի թեստավորումն այսուհետ կլինի պարտադիր եւ անվճար։ Քննության անցկացման կարգը կսահմանի կրթության նախարարությունը։ Այս որոշումն Ադրբեջանում խտրական են համարում եւ նշում, որ բարեկամ, դաշնակից ռուսները խաթարում են իրենց իրավունքները, հատկապես՝ այնտեղ սովորող ադրբեջանցի երեխաների: Ավելին, ալիեւյան ռեժիմի քարոզիչները պնդում են, թե այդպիսով Ռուսաստանն «էթնիկ զտումներ է անում» իր կրթօջախներում: Միաժամանակ ասում են, թե այդ երեխաների ռուսերենի իմացություն ապահովելը հենց ռուսական դպրոցների խնդիրն է:
«Ադրբեջանում ռուսալեզու ընտանիքների երեխաներին, ովքեր շատ վատ գիտեին ադրբեջաներենը, հաճախ ուղարկել են ադրբեջանական դպրոցներ՝ հենց այդ լեզուն լավ սովորելու համար։ Ե՛վ Բաքվում, ե՛ւ Ադրբեջանի շրջաններում դա ոչ մեկին չբարկացրեց։ Դպրոցը նրա համար է, որպեսզի այնտեղ երեխաները սովորեն՝ սա աքսիոմ է»,- գրում է իշխանական քարոզչամիջոցներից մեկը՝ Մինվալ.ազ-ը:
«Ռուսաստանը «պատերազմում» է մեր երեխաների հետ». ահա մեկ այլ հակառուսական թունավոր հոդված: Հարեւան երկրում «նեղվել» են ռուսաստանցի գործիչ Սերգեյ Մարդանի խոսքերից, որը քննադատել է Կիեւում Ադրբեջանի դեսպանատանը՝ ուկրաինացի երեխաների՝ Ադրբեջան ուղեւորություն կազմակերպելու համար: Ի դեպ, Բաքուն նման ճամփորդություններ կազմակերպում է պարբերաբար։ «Ադրբեջանն ազովցիների երեխաներին հրավիրել է հանգստանալու։ Ուղեւորությունը կազմակերպել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։ Մի մոռացեք, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է»,- նշել էր ռուս գործիչը։ Նրան արձագանքել էր լրագրող Ռոման Գոլովանովը, որը նույնպես քննադատել էր Բաքվին: «Այս կերպարն իր Telegram ալիքում վրդովված գրում է, որ Ադրբեջանի իշխանություններն Ուկրաինայի զինված ուժերի երեխաների համար կազմակերպել են ուղեւորություն դեպի իրենց երկիր»,- հիստերիկ տոնով շարունակում է ադրբեջանցի հոդվածագիրը:
Նման հակառուսական հիստերիա Ադրբեջանում բարձրացել էր նաեւ անցյալ ամիս, ճիշտ է՝ ոչ թե երեխաների առիթով, այլ՝ ադրբեջանցի երիտասարդների, որոնց դեմ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել: Պատճառն այն էր, որ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ պատկերված էին Մոսկվայի ֆինանսաիրավական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ ադրբեջանցիներ։ Հատկանշական է, որ հետաքննությունն իր անձնական վերահսկողության տակ վերցրել էր Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մի խումբ ուսանողներ իջնում համալսարանի շենքի աստիճաններով՝ վանկարկելով «Կեցցե Ադրբեջանը» կարգախոսը։ Սակայն ռուսական մի շարք լրատվամիջոցներ եւ Telegram ալիքներ հաստատեցին, որ ադրբեջանցի երիտասարդները վանկարկել են նաեւ «Մորթե՛ք ռուսներին» կարգախոսը: Ավելի ուշ ուսանողները խմբակային լուսանկարվել են Ադրբեջանի եւ համալսարանի դրոշներով՝ այն հրապարակելով սոցիալական ցանցերում։ Մինչդեռ Բաքվում շտապեցին արդարացնել իրենց կրտսեր հայրենակիցների խուլիգանական եւ հանցավոր արարքը, որը, վստահաբար, վերջին նման միջադեպը չէ: Սա «պատմական» ակունքներ ու պատճառներ ունի:
Ի դեպ, երբ ադրբեջանական քարոզչամեքենան իր թեզերն է պնդում, հիշեցնենք իրական աքսիոմի մասին: Այդ երկիրը եղել եւ շարունակում է մնալ մարդատյաց, հայատյաց՝ առավելապես: Ադրբեջանում հայատյացության կոչերն ու գաղափարները համակարգային բնույթ են կրում. օրինակ՝ դպրոցական դասագրքերում եւ այլ ուսումնական ձեռնարկներում «հայը ներկայացված է որպես թշնամի»: Հենց այս թշնամական լույսի ներքո, էթնիկ զտումներով եւ ցեղասպան գործողություններով Ադրբեջանը բռնի հայաթափեց Արցախը՝ արցախցի երեխաներին զրկելով սեփական հողում, սեփական տանն ապրելու եւ կրթվելու համամարդկային իրավունքից: