Հարցազրույց

Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին դուրս եմ գալիս

Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին դուրս եմ գալիս

Դեկտեմբերի 5-ին արդեն խոշորացված Աբովյան համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այս կիրակի՝ հոկտեմբերի 31-ին։ Մենք տեղեկացանք, որ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որը, եթե համայնքի խոշորացում տեղի չունենար, դեռ երկու-երեք տարի ժամանակ ուներ պաշտոնավարելու, չի առաջադրվելու եւ չի մասնակցելու ընտրություններին։ Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը։

- Պարոն Գեւորգյան, լսել ենք՝ չեք առաջադրվում այս ընտրություններում, ինչո՞ւ։

- Այդպես եմ որոշել։ Երկու սռոկ աշխատել եմ, պատվով աշխատել եմ, ունեմ ահագին կատարած աշխատանք։ Ժամանակին օրենք էր գործում, որ համայնքի ղեկավարը երկու սռոկից ավելի չպիտի աշխատի, ես կարծում եմ՝ դա ճիշտ օրենք էր։ Ես յոթ տարի արդեն աշխատել եմ, բավականին ծրագրեր եմ կյանքի կոչել։

- Բայց Ձեր պաշտոնավարման ժամկետը չէր ավարտվել, Դուք կարող էիք առաջադրվել, նորից ընտրվել եւ Ձեր կիսատ թողած ծրագրերը կյանքի կոչել, հատկապես, որ աբովյանցիները Ձեզ հարգում են, գնահատում են Ձեր կողքին են, ինչպես կասեր պարոն Ծառուկյանը։

- Չէ, ամեն ինչ ունի վերջ նաեւ, հեչ պարտադիր չի, որ չընտրվես՝ դուրս գաս, հեչ պարտադիր չի, որ քեզ չուզենան, ու դուրս գաս։ Հետո՝ համայնքի ղեկավարը երկար աշխատելով՝ ժամանակի ընթացքում շատ մարդկանց «չէ» է ասում, շատ մարդկանց կարող է նեղացնել․․․ Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին դուրս եմ գալիս։

- Իսկ գուցե պարտադիր չէ, բայց պարտադրվա՞ծ է Ձեր այդ «ճիշտ ժամանակին» դուրս գալը։

- Ինձ թվում է՝ սխալ հասցեատիրոջ ես տալիս հարցը, ինձ ոչ մեկը չի կարող պարտադրել, դա իմ որոշումն է եղել։

- Տեղեկություն կա, որ Ձեր ընկեր եւ աջակից Գագիկ Ծառուկյանը Ձեզ հորդորել է, որ այս անգամ չմասնակցեք ընտրապայքարին, քանզի ԲՀԿ-ն Կոտայքում պատրաստվում է ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով` որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանին։

- Ես Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան չկա։ Ընդհակառակը, Ծառուկյանի հետ մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, անկեղծ եմ ասում՝ նման զրույց չի եղել։ Զրույց-քննարկում եղել է, իհարկե, որի ժամանակ ես Ծառուկյանին ասել եմ, որ որոշել եմ չառաջադրվել։

- Իսկ ինչպիսի՞ն է եղել Գագիկ Ծառուկյանի կարծիքը Ձեր այդ որոշման վերաբերյալ։

- Դե, արի չմանրամասնեմ նեղ-անձնական, ընկերական զրույցը, բայց Ծառուկյանի հետ մենք շատ ջերմ հարաբերություններ ունեցել ենք, ունենք ու, վստահ եմ՝ կունենանք։

- Պարզապես հետաքրքիր է՝ Գագիկ Ծառուկյանը ոգեւորվա՞ծ է ընդունել Ձեր այդ որոշումը, թե՞ հակառակը՝ փորձել է համոզել, որ մնաք եւ առաջադրվեք։

- Դե, դա նեղ-անձնական, նեղ-ընկերական, նաեւ ընտանեկան զրույց է եղել, որ պետք չի հրապարակել։ Այսինքն՝ ինքը քաղաքական զրույց չի եղել։

- Որքան էլ փորձեցիք փիլիսոփայորեն բացատրել, թե ինչու չեք առաջադրվում, միեւնույն է, Ձեր ընտրողները կտարակուսեն, թե ինչու որոշեցիք կեսից հետ կանգնել, հատկապես, որ Ձեր պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել։

- Չէ, տեսեք, պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Այլ բան է, եթե ես պաշտոնավարման կեսից հրաժարական տայի, դա կնշանակեր, որ պաշտոնավարման ժամկետը չլրացած՝ ես հրաժարական եմ տալիս։ Ուղղակի գնում է համայնքների խոշորացում ու նորից ընտրություն։ Այսինքն՝ էնպես չի, որ ես կես-ճանապարհից հետ եմ դառնում։ Բայց եթե համայնքների խոշորացում չլիներ, եւս երկու տարի ես պետք է պաշտոնավարեի։

- Դե, ես էլ հենց դա նկատի ունեմ։

- Բայց դա չի նշանակում, որ չի ավարտվել։ Փաստորեն, եթե օրենքն ընդունվել է՝ վարչատարածքային փոփոխության մասին, ուրեմն ավարտվել է քո սռոկը։

- Իսկ քաղաքական ուժերից Ձեզ առաջարկներ եղե՞լ են, որ իրենց ցուցակը գլխավորեք։

- Չէ, չի եղել, որովհետեւ իմ կողմնորոշումը բոլորն էլ գիտեն, ե՛ւ իմ կապերը, ե՛ւ իմ հայացքները․․․

- Այսինքն՝ իշխանության ցուցակով, միեւնույն է, չէիք առաջադրվելու, ԲՀԿ-ով էլ չեք ցանկացել։

- Նախ ասեմ՝ էդպիսի առաջարկ չի եղել՝ իշխանության ցուցակով առաջադրվելու, այլ քաղաքական ուժերի կողմից էլ չեն եղել, ԲՀԿ-ով էլ՝ ասեմ, որ իմ անձնական որոշումն է եղել, որ ոչ թե ԲՀԿ-ով, այլ ընդհանրապես չառաջադրվեմ։

- Ճի՞շտ է, որ ԲՀԿ ցուցակի առաջին համարն Էդուարդ Բաբայանն է լինելու։

- Որ անկեղծ ասեմ՝ չգիտեմ, հրապարակումը կլինի, կտեսնենք։

- Իսկ ովքե՞ր են արդեն առաջադրվել` որպես համայնքապետի թեկնածուներ։

- Դե, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակն արդեն, ըստ հրապարակումների, Պավել Ցուգունյանն է գլխավորելու, ԲՀԿ-ն հաստատ հայտ ներկայացնելու է, բայց դեռեւս տեղյակ չեմ՝ ում դեմքով, չի բացառվում՝ նաեւ Էդուարդ Բաբայանը գլխավորի ցուցակը, որքանով տեղյակ եմ՝ Դաշնակցությունն է ուզում առաջադրվել Աբովյանում, նաեւ ՀԱԿ-ն է ուզում առաջադրվել՝ իմ ունեցած տեղեկություններով։

- Գորիսում, օրինակ, քաղաքապետ Առուշ Առուշանյանը, գտնվելով կալանքի տակ, առաջադրվեց ու հաղթեց, Կապանում Գեւորգ Փարսյանը պայքարում է, որ վերընտրվի, էլի մի շարք համայնքներում գործող համայնքապետերը փորձում են պայքարել եւ վերընտրվել, իսկ Դուք, փաստորեն, որոշեցիք Աբովյանը «հանձնել» այլ ուժերի։

- Ես Աբովյանը չեմ փորձել հանձնել ինչ-որ մեկին։ Ես էլի եմ ասում՝ նույն 2019 թվականին, ի տարբերություն իմ շատ գործընկերների, առաջինը պայքարի մեջ ես եմ եղել՝ հանուն համայնքի, որովհետեւ ես ուզում էի գալ, դրանք կյանքի կոչել, ինչը ստացվեց ինձ մոտ։ Հիմա ես որոշել եմ չառաջադրվել, եւ դա իմ անձնական որոշումն է։

- Չհամոզեցիք, բայց... լավ։ Իսկ Ձեզ հետ կապված քրեական գործեր կա՞ն, որոնցով  անցնում եք այս պահին։

- Ոչ մի քրեական գործով ես մեղադրյալ չեմ, բայց ընթացիկ գործեր կան։ Դրանք ոչ թե կոնկրետ իմ գործունեության հետ են կապված, որով ինձ մեղադրել են, այլ ընթացիկ քաղաքապետարանի գործունեության հետ կապված՝ կան հարուցված քրեական գործեր, որոնք դեռ նախաքննության փուլում են։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image