Հայ Հեղափոխական Դաշնակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի կառույցի շուրջ իրավիճակը շարունակում է նույնը մնալ։
Մարտի 8-ին ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ Բյուրոն, հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ ՀՅԴ շարքերից արտաքսվել էին Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը, Կարո Իսբենճյանը։
Հայտարարության մեջ նշվում էր, որ ԱՄՆ Արևմտյան շրջանի կառույցում երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ վարած մի խումբ «ունեցել է խիստ հակակարգապահական ընթացք, ի շարս այլ հակականոնագրային քայլերի, «գումարել» է ապօրինի «ժողով» և «ընտրել»՝ ապօրինի «մարմին», որն ապօրինի կերպով հանդես է գալիս «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե» անունով, կուսակցության պաշտոնաթերթ «Ասպարեզ»-ը իր վերահսկողության տակ է պահում, զավթել է կուսակցապատկան անշարժ ու շարժական գույքեր ու դրամատնային հաշիվները»։
«Հրապարակը» երեկ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է այժմ այս հարցի շուրջ։ «Նույն իրավիճակն է», - ասաց Ռուստամյանն ու խնդրեց այս հարցով խոսել ՀՅԴ Բյուրոյի անդամ (Հայաստան) Կիրո Մանոյանի հետ։
«Նորություն, որ լինի, կասենք»,- այսօր «Հրապարակին» ասաց Մանոյանը։
Հարցին՝ ե՞րբ նոր ժողով կկազմակերպվի՝ նոր Կենտրոնական կոմիտե ընտրելու համար, ՀՅԴ գործիչն պատասխանեց, որ առաջիկա երկու-երեք ամսիներին։ «Արևմտյան շրջանն է ժողովը կազմակերպում։ Առաջիկա երկու-երեք ամիսներին կլինի», - հավելեց ՀՅԴ գործիչը։
«Չէի ասի, որ ուղղակի կապ ունեն», - ասաց Մանոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ապօրինի ճանաչված «Կենտրոնական կոմիտեի» գործողությունները կապ ունեն Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ։
Փաստորեն ստացվում է, որ ՀՅԴ Բյուրոյի կողմից ապօրինի ճանաչված «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե»-ն շարունակում է իր վերահսկողության տակ պահել կուսակցության պաշտոնաթերթ «Ասպարեզ» թերթը, կուսակցապատկան անշարժ ու շարժական գույքերն ու դրամատնային հաշիվները։
Մարտի 11-ին ՀՅԴ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հեռացված անդամներն «այսօր փորձում են, ՀՅԴ շարքերը պառակտելով, հարվածել հայաստանյան և սփյուռքյան քաղաքական կյանքում ապիկար իշխանություններին գահընկեց անելու գլխավոր գործող ուժերից մեկին՝ ՀՅԴ-ին, որը, բնականաբար, համարվում է վարչապետի, նրա աթոռապաշտ թիմի և ինչպես պարզվում է թուրքիայի, ադրբեջանի, գորշ գայլերի ու էլի նման հակահայկական տանդեմի դեմ ծառացած և աշխատող համար մեկ թշնամին»։
Բյուրոյի կողմից ընդունված դեռևս չփոփոխված Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն ՀՅԴ պառակտելու փորձերի վերաբերյալ կրկին հայտարարություն էր տարածել նաև ապրիլի 5-ին։ «Մենք քաջ գիտակցում ենք, որ անցյալը կրկնվում է։ Այն իմաստով, որ ամեն անգամ երբ վտանգված է Հայաստանի ազգային ապահովությունը, կամ անկյունադարձային հանգամանքներ են ստեղծված հայ ազգին համար, Դաշնակցությունը հարվածվում է ճիշտ ա՛յդ պահին, որպեսզի չկարողանա լիարժեքորեն կատարել դիմադրողի ու պաշտպանի իր դերը, որովհետև այն միշտ հետամուտ լինում է մեր ազգին ու հայրենիքին բովանդակ շահերին», - նշված էր հայտարարության մեջ։
ԱԱ ԿԿ-ն նշել էր, որ «Դաշնակցության տկարացման միակ շահավորը մեր ազգի ու հայրենիքի թշնամիներն են (Բաքուն և Անկարան)»։ «Վստահեցնում ենք բոլորին, որ մենք իբրև ՀՅ Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտր․Կոմիտե, մնում ենք հաստատակամ ու անզիջող՝ հայրենիքի ու պետականության պաշտպանի մեր դիրքերի վրա», - եզրափակված էր հայտարարության մեջ։