Կալիֆոռնիա նահանգը եւ անձամբ նահանգապետ Գեւին Նյուսոմը դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփին, Պենտագոնին եւ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման կապակցությամբ։ Սան Ֆրանցիսկոյի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված 22 էջանոց հայցում ասվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը եւ Սահմանադրությունը։ Նահանգը խնդրել է դատարանին՝ դադարեցնել Ազգային գվարդիայի տեղակայումը եւ վերահսկողությունը վերադարձնել նահանգապետին։
«Թրամփը բազմիցս օգտագործել է արտակարգ իրավիճակի հետ կապված լիազորությունները՝ գերազանցելու օրինական գործադիր իշխանության սահմանները։ Հունիսի 7-ին՝ շաբաթ օրը, նա օգտագործեց տեղական կառավարվող բողոքի ցույցը՝ եւս մեկ՝ աննախադեպ իշխանություն զավթելու համար, այս անգամ՝ Կալիֆոռնիայի ինքնիշխանության հաշվին եւ նահանգապետի լիազորություններին ու նահանգի Ազգային գվարդիայի գլխավոր հրամանատարի դերին հակառակ»,- ասվում է փաստաթղթում։ Ազգային գվարդիայի օգտագործումը մեծացրել է նահանգի բնակիչների շրջանում վախն ու լարվածությունը, իսկ ոստիկանությունն արդյունավետորեն հաղթահարել է բռնությունը՝ ասվում է հայցում։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի տալու որոշումն անվանել է «խղճուկ»։ «Նյուսոմն ավելի շատ հետաքրքրված է սեփական դեմքը փրկելով, քան իրավապահ մարմիններին պաշտպանելով եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելով։ Այս ամենը խղճուկ է։ Ինչպես նախագահն ասել է, Նյուսոմը պետք է շնորհակալություն հայտնի նրան՝ կարգուկանոնը վերականգնելու համար»,- CNN-ին տված մեկնաբանություններում ասել է Քելլին՝ կապված հունիսի 9-ին Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանում ներկայացված հայցի հետ։ Թրամփը դիմել է մի օրենքի, որը նախկինում կիրառվել էր միայն մեկ անգամ՝ 1970 թվականին, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը զինվորականներին օգտագործեց փոստն առաքելու համար՝ այդ ժամանակ տեղի ունեցող փոստային գործադուլի ժամանակ․ լրագրողներին ասել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան։ Բացի այդ, 1965 թվականից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ օրենքն ընդունվեց առանց նահանգապետի համաձայնության, երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը զորքեր տեղակայեց Ալաբամայում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանների պաշտպանության համար, քանի որ նահանգապետերը դիմադրում էին հանրային դպրոցների տարանջատումը վերացնելու դատարանի որոշումներին։
Ամերիկյան օրենսդրության համաձայն, դաշնային վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերն անկարգությունների դեմ պայքարում կամ արտակարգ իրավիճակների դեպքում ներգրավելու համար նահանգային իշխանությունները պետք է իրենք Վաշինգտոնին համապատասխան խնդրանքով դիմում ներկայացնեն։ Բացառություններ են օտարերկրյա ներխուժումը կամ նահանգային համակարգին սպառնացող վտանգը։ Այլ իրավիճակներում Ազգային գվարդիայի ստորաբաժանումները գտնվում են տեղական իշխանությունների վերահսկողության տակ։ Կալիֆոռնիայում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին Թրամփը միակողմանիորեն հրաման է տվել՝ Ազգային գվարդիան իր հրամանատարության տակ փոխանցելու մասին՝ առանց սպառնալիքների, որոնք կարող էին դա արդարացնել՝ նշել է Նյուսոմը։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ստորագրված հրամանագիրը չի սահմանափակվում միայն Կալիֆոռնիայով եւ թույլ կտա նմանատիպ գործողություններ իրականացնել ԱՄՆ ցանկացած նահանգում։ Ինքը՝ Թրամփը, մեկնաբանելով Լոս Անջելեսում տեղի ունեցած բողոքի ցույցերը, մեղադրել է «պրոֆեսիոնալ խռովարարներին եւ անկարգությունների կազմակերպիչներին»՝ խժդժություններ առաջացնելու մեջ։
Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել ավելի շատ դաշնային, քան տեղական իրավապահ մարմինների։ Իսկ իր Truth Social սոցիալական ցանցում արած գրառման մեջ Թրամփը սպառնացել է բռնություն գործադրել այն ցուցարարների նկատմամբ, ովքեր «անհարգալից» կլինեն իր ուղարկած զինվորների նկատմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը գովել է Ազգային գվարդիային՝ «լավ կատարած աշխատանքի» համար։ Թրամփն իր որոշումը ճիշտ է անվանել եւ լրագրողներին ասել է, որ առանց զորքերի տեղակայման քաղաքը «կայրվեր մինչեւ հիմքը»։ Նա մեղադրել է Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարությանը՝ բողոքի ցույցերի ժամանակ բռնության դեմ պայքարի համար բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ եւ թույլ է տվել նահանգապետին ձերբակալել։
Նշենք, որ ԱՄՆ իշխանությունները զանգվածային անկարգությունների սկսվելուց հետո, որոնք առաջացել էին ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) կողմից անօրինական ներգաղթյալների դեմ իրականացված ռեյդերի հետեւանքով, որոնց արդյունքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, Կալիֆոռնիա ուղարկեցին Ազգային գվարդիայի 2 հազար զինծառայողի եւ 700 ծովային հետեւակայինի։ Բողոքի ցույցերը տարածվեցին Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում։ Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Նահանգապետը Սպիտակ տան որոշումն անվանել է անօրինական եւ պահանջել է անհապաղ հետ կանչել Ազգային գվարդիան: Ըստ տեղեկությունների, ամերիկյան վարչակազմի միգրացիոն կոշտ քաղաքականության, ձերբակալությունների եւ հարակից խիստ միջոցառումներին ընդդիմացող միգրանտները, հատկապես մեքսիկացիները, շարունակում են ոստիկանական մեքենաներ այրել, բարիկադներ կառուցել, փոխհրաձգության մեջ մտնել ուժայինների հետ, ինչի հետեւանքով իրավապահներ եւ քաղաքացիներ են վիրավորվել, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրող:
Հատկանշական է, որ Կալիֆոռնիայում, մասնավորապես՝ «հրեշտակների քաղաք» Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում շարունակվող զանգվածային անկարգությունները սկիզբ առան ճիշտ այն ժամանակ, երբ սկսվեց Թրամփի եւ նրա վարչակազմի երբեմնի ղեկավարներից մեկի, նախկին հավատարիմ զինակցի՝ միլիարդատեր Իլոն Մասկի միջեւ բուռն կոնֆլիկտը: Հիշեցնենք, որ Թրամփը եւ Մասկը հունիսի 5-ին սոցիալական ցանցերում միմյանց հասցեին կոշտ հայտարարություններ արեցին։ Գործարարը հայտարարեց, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024-ի նոյեմբերի ընտրություններում, հավանություն տվեց Թրամփին իմպիչմենտ հայտնելու գաղափարին, քննադատեց Սպիտակ տան նախաձեռնած օրինագիծը՝ կառավարության ծախսերը եւ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը կրճատելու վերաբերյալ, եւ կանխատեսեց ամերիկյան տնտեսության անկում 2025 թ․ երկրորդ կեսին։ Նա նաեւ ազդարարեց քաղաքական կուսակցություն հիմնելու մտադրության մասին՝ «Ամերիկա» անվամբ: Սպիտակ տան ղեկավարը, ի պատասխան Մասկի քննադատությունների, նրան խելագար եւ թմրամոլ անվանեց՝ հույս հայտնելով, որ գործարարը Սպիտակ տանը թմրանյութեր չի օգտագործել: Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը թմրանյութեր է օգտագործել Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Նա նաեւ սպառնաց խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ կառավարական պայմանագրերը եւ չեղարկել բոլոր սուբսիդիաները։
Ի դեպ, Թրամփ-Մասկ առճակատումն արդեն իսկ միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել երկու կողմին էլ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու փորձագիտական համայնքի ներկայացուցիչները: Թե որքանով են փոխկապակցված Թրամփ-Մասկ եւ Թրամփ-Կալիֆոռնիա քաղաքական-քաղաքացիական «պատերազմները», առայժմ վաղ է ասելը, բայց արձանագրենք, որ առանձնապես մեծ գիտելիքներ ու վերլուծություններ պետք չեն՝ հասկանալու համար, որ ԱՄՆ-ի պես խորքային պետության մեջ մանրուքներ ու պատահականություններ չեն լինում: