Մշակույթ

Արդարության ամենակարեւոր բաղադրիչը թեստերի համաչափությունն է

Արդարության ամենակարեւոր բաղադրիչը թեստերի համաչափությունն է

Այս տարվա ուսուցիչների կամավոր ատեստավորումներն արդեն ավարտվել են, իսկ դժգոհությունները` ոչ: Արդեն գրել ենք, որ այս անգամ, թեստերի բովանդակությունից բացի, դրանք վերաբերում էին նաեւ ատեստավորման նոր ձեւաչափին` էլեկտրոնային համակարգին:  

Չնայած առկա դժգոհություններին, նախարարությունից վստահեցնում են, որ ատեստավորման արդյունքները համադրելի են նախորդ տարիների ցուցանիշների հետ, եւ այս առումով մեծ տարբերություն չկա, այլ կերպ ասած՝ խնդիր էլ չեն տեսնում:

«Պարզ է, որ նախարարության եւ ուսուցիչների տեսակետները կարող են նաեւ չհամընկնել, որովհետեւ նախարարությունը պետք է փորձի արդարացնել իր ռեֆորմը, ուսուցիչներն էլ պետք է մատնացույց անեն այս միջոցառման խոցելի կետը»,- մեզ հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու նորմալ համարում այս հակասությունը, սակայն հարցն այն է, որ այդ խնդիրները 4 տարի շարունակ լուծում չեն գտնում:
«Այստեղ խնդիրն այն է, որ մենք արդեն 4-րդ տարում ենք, 1-ին 2 տարում այդ խնդիրները նորմալ են, բայց ո՛չ 4-րդ տարում։ Ինչո՞ւ է նախարարությունն այս պրոբլեմին բախվում․ որովհետեւ իրենք փորձում են այնպես անել, որ այդ թեստը մեկ-երկու հոգի գրի, որպեսզի ինֆորմացիայի արտահոսքի ռիսկը նվազի, բայց այստեղ միշտ կողքի աչք է պետք։ Մեզ պետք է, որ այդ 2 հոգին, որ թեստը գրեցին, դրանից հետո մի 5 հոգի էլ նայի դա, բայց հենց այդ 5 հոգին չկան։ Դրա համար, ինչքան էլ որ ես լավ մասնագետ լինեմ, իմ գրած թեստն ունենում է որոշակի տատանումներ»,- ասում է փորձագետն ու նկատում, որ ամեն տարի այս կամ այն առարկայի թեստերի բարդությունը պայմանավորված է մարդկային գործոնով։ 

«Դուք գիտեք՝ կան խիստ եւ մեղմ դասախոսներ։ Եթե այդ տարի վերցնում են մեղմ մարդու, նա հեշտ թեստեր է գրում, ասում է՝ թող ուսուցիչները հաղթահարեն, աշխատավարձներն էլ` բարձրանան: Բայց մարդ էլ կա՝ շատ խիստ է եւ հարցաշարի մեջ դնում է ամենակոշտ հարցերը։ Ամբողջ խնդիրն այն է, որ նախարարությունը պետք է կարողանա այնպես անել, որ այդ թեստ գրողների անձերի փոփոխությունները չբերեն այդ անհամաչափություններին: Այսինքն՝ եթե ինչ-որ մի դասախոս շատ դյուրին հարցաշար է գրել, կողքի աչքն ասի՝ եթե այդպես գրեք, ուսուցիչների 90 տոկոսը կանցնի, կամ ասի ճիշտ հակառակը՝ եթե այդպես խիստ գրեք, մասնակիցների 80 տոկոսը չի ատեստավորվի։ Այդ կողքի աչքն է պետք»,- ասում է Ս. Խաչատրյանն ու նկատում` քանի որ Հայաստանում վստահության պակաս կա, փորձում են քիչ մարդկանցով համակարգել մեծ գործընթացներ, դրա համար ատեստավորման թեստերն այդպես անհամաչափ են։ 
«Այս տեսակ պրոցեսում, թերեւս, արդարության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը թեստերի համաչափությունն է, դրա համար այսօր մենք ունենք իրավիճակ, որ դպրոցում ավելի մեծ հարգանք ունեցող ուսուցիչն ատեստավորման շեմը չի հաղթահարում, բայց մեկ այլ առարկայի՝ ավելի քիչ համբավ ունեցող ուսուցիչը 70-80 տոկոս է հավաքում։ Ու մարդու մոտ հարց է առաջանում, թե ինչու ես իմ մասնագիտական անցած ճանապարհով, երբ ավելի մեծ վաստակ ունեմ, քան մյուսը, չանցա, իսկ նա անցավ։ Պարզվում է՝ ընդամենը այդ առարկայի թեստն այս տարի ավելի հեշտ է եղել, ու դրա համար էլ անցել է»,- ասում է Ս. Խաչատրյանն ու նկատում, որ ատեստավորումների դեպքում եւս կրկնուսույցների ինստիտուտը գործում է, քանի որ ձեւավորվել է շուկայական պահանջ, եւ կան մարդիկ, ովքեր վճարովի պարապում են ատեստավորումների համար, կան մարդիկ էլ, որ անվճար խմբեր են ստեղծում եւ այդ հարթակներում քննարկումներ ծավալելով, իրար հետ այդպես են պարապում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image