Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերից 9-ը իրենց քաղաքական ծրագրում ընտրողներին խոստանում են բնական ռեսուրսների կառավարման, օգտագործման և բնապահպանական հարցերին առնչվող աշխատանքներ տանել: Համառոտ ներկայացնում ենք դրանք.
«Ուժեղ Հայաստան» դաշինք (N 3)
Ծրագրում (էջեր 29-30) բնապահպանական բաղադրիչը հիմնականում արտահայտվում է էներգետիկ ռեսուրսների զարգացման և կառավարման համատեքստում։ Մասնավորապես, նախատեսվում է զարգացնել արևային և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրները, խթանել էներգախնայողության գործունեությունը, զարգացնել հիդրոկուտակման հնարավորությունները և արդիականացնել էլեկտրական ցանցերը։
«Միասնության թևեր» կուսակցություն (N 6)
Ծրագիրը (էջեր 44-46) շրջակա միջավայրի պահպանությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության, հանրային առողջության և տնտեսական կայունության հիմնասյուն։ Նախատեսվում է վերանայել հանքարդյունաբերության ոլորտը՝ ներդնելով խիստ բնապահպանական ստանդարտներ և հանրային վերահսկողություն, կիրառել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և ապահովել շրջակա միջավայրի վերականգնման մեխանիզմներ։ Ծրագիրը նաև նախատեսում է ջրային ռեսուրսների պաշտպանության և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրում, օդի աղտոտվածության նվազեցում, թափոնների կառավարման և վերամշակման համակարգի զարգացում, կենսաբազմազանության և անտառների պահպանություն, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանում։ Բնապահպանական քաղաքականության իրականացման շրջանակում առանձնահատուկ ընդգծվում է հանրային վերահսկողության դերը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (N 7)
Ծրագիրը (էջեր 6, 7) նախատեսում է ջրային տնտեսության կառավարման համակարգի արմատական վերափոխում՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Միաժամանակ, ծրագիրը կարևորում է էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավության ապահովումը՝ նոր ժամանակակից ատոմակայանի կառուցման, պղնձաձուլարանների ստեղծման, մետաղական հումքի վերամշակման արդիականացման, գլոբալ տվյալների կենտրոնների, ինչպես նաև ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոնի հիմնման միջոցով։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» (N 8)
Ծրագրում (էջեր 3-4) բնապահպանական բաղադրիչը հիմնականում արտահայտվում է ջրային ու էներգետիկ ռեսուրսների կառավարման համատեքստում։ Մասնավորապես, նախատեսվում է ջրային և հիդրոէներգետիկ ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի խթանում։ Նախատեսվում է նաև նոր ատոմակայանի կառուցում և էներգետիկ անկախության ապահովում։
«Հայ ազգային կոնգրես» (N 10)
Ծրագրում (էջեր 24-25) բնապահպանությունը դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հիմնարար ուղղություն՝ շեշտադրելով մաքուր բնության պահպանման և հանրային առողջության առաջնահերթությունը։ Ծրագրով նախատեսվում է հրաժարվել նոր հանքարդյունաբերության զարգացումից՝ սահմանափակվելով գործող ավանդական հանքերի շահագործմամբ, ինչպես նաև կիրառել խիստ էկոլոգիական չափանիշներ գործող հանքարդյունաբերական տնտեսվարողների նկատմամբ։ Նախատեսվում է փակել և կոնսերվացնել Երևանի օդը աղտոտող հանքերը, խրախուսել էկոգյուղատնտեսությունն ու էկոտուրիզմը, վերացնել աղբավայրերը և կառուցել աղբամշակման գործարաններ։ Ծրագիրը նաև նախատեսում է խստացնել քաղաքաշինական նորմերը՝ մասնավորապես պարկային գոտիների ստեղծման պարտադրանքով։
«Հանրապետություն» կուսակցություն (N 11)
Ծրագիրը (էջեր 1, 3) տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման համատեքստում նախատեսում է հանքահումքային ռեսուրսների լիարժեք և արդյունավետ օգտագործում, նոր ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման բարելավում՝ նոր ջրամբարների կառուցման և ջրի կուտակման ծավալների ավելացման միջոցով։ Ծրագիրը նախատեսում է վերակազմավորել կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների, ինչպես նաև Ատոմային էներգիայի և էներգետիկայի նախարարություններ։
«Ժողովրդավարական համախմբում» (N 14)
Ծրագրում (էջ 12) ընդերքի աստիճանական ազգայնացումը ներկայացվում է որպես առաջնահերթություն։ Սակայն տվյալ առաջնահերթության համար կոնկրետ հանձնառություններ ծրագրում ներկայացված չեն։
«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» (N 15)
Ծրագրում (էջեր 20, 23, 28-32) նախատեսվում է Սյունիքում ստեղծել հանքային հումքի վերամշակող գործարաններ և մետաղների պատրաստի արտադրանք արտադրող համալիրներ։ Լոռու մարզում նախատեսվում է հանքարդյունաբերության զարգացում՝ խիստ բնապահպանական վերահսկողության պայմաններում, ինչպես նաև հանքարդյունաբերությունից ստացվող շահույթի մի մասի ուղղում համայնքների զարգացմանը։ Ծրագրում նշվում է, որ Վայոց Ձորի սարերը, անտառները և ջրերը պետք է պաշտպանվեն, իսկ բնապահպանությունը դիտարկվում է որպես պետական անվտանգության մաս։ Նախատեսվում է նաև վերակառուցել ոռոգման համակարգերը և խմելու ջրի ցանցերը։
«Քաղաքացիական պայմանագիր» (N 16)
Ծրագրում (էջեր 16, 24-25) կարևորվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, կենսաբազմազանության պահպանումը և կոշտ թափոնների արդյունավետ կառավարումը։ Նախատեսվում է ներդնել կոշտ թափոնների շրջանաձև կառավարման համակարգ՝ հիմնվելով եվրոպական երկրների փորձի վրա։ Ծրագրով նաև նախատեսվում է հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող ստանդարտները փուլային կերպով համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին։ Նախատեսվում է նաև Սևանա լճից ջրառի աստիճանական կրճատում, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ուժեղացում, կենսաբազմազանության պաշտպանության միջոցառումների իրականացում, ինչպես նաև օդի, ջրի և ճառագայթային ֆոնի մոնիթորինգի համակարգերի զարգացում։