Հասարակություն

Ակտիվիստին դանակահարել փորձողը նախկինում 2 անգամ դատապարտվել է

Ակտիվիստին դանակահարել փորձողը նախկինում 2 անգամ դատապարտվել է

Հոկտեմբերի 9-ի երեկոյան ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հարձակում էր տեղի ունեցել։ Չախոյանն ուղիղ եթերում ցուցադրել էր նաեւ հարձակվողներից մեկին, որը, իր ասելով, փորձել էր իրեն դանակահարել, իսկ նրա հետ մեկտեղ իր վրա հարձակված ու իրեն ծեծի ենթարկած եւս 2 հոգին դիմել էին փախուստի։

Նշենք, որ Արթուր Չախոյանը հանրությանն առավել հայտնի դարձավ, երբ Տիգրան Ավինյանի նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից ճշտումներ էր արել ու պարզել, որ վերջիններս մայրաքաղաքի տարբեր դպրոցների, մանկապարտեզների կոլեկտիվներ են, այսինքն՝ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների աշխատակիցներին բերել էին Ավինյանի հանրահավաքին՝ ցույց տալու, թե իբր ՔՊ-ն աջակիցներ ունի։ Արթուր Չախոյանի վրա հարձակված անձը, որին Չախոյանը գցել էր գետնին ու հայհոյելով հարվածում էր, Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկում բնակվող Էդգար Կուչուկյանն է։ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, որ դեպքի առթիվ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից մեկը Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Հոգեկան ներգործությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով։ Մյուս վարույթը նախաձեռնվել է Էդգար Կուչուկյանի հաղորդման հիման վրա, որն ասել է, թե տեղեկացել է, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչել: Այսինքն՝ ենթադրել է, որ այդ անձը Չախոյանն է։ Կուչուկյանի հաղորդման հիման վրա էլ քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում)։

Մեզ հաջողվեց հետաքրքիր մանրամասներ պարզել Էդգար Կուչուկյանի մասին, ով, ենթադրաբար, դանակով հարձակվել է Արթուր Չախոյանի վրա: Կուչուկյանը նախկինում դատապարտված է եղել։ 

Նախ դատապարտվել է 2014 թվականին՝ 24 տարեկան հասակում, այն բանի համար, որ «2014 թվականի հունվարի 13-ին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսեւորելով, հասարակական վայրերում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի հյուրանոցային համալիրի մոտ կանգնեցրել է «Միցուբիշի լանսեռ» մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ բռունցքով հարվածելով մեքենայի շարժիչի ծածկոցին՝ վնասել է այն, ապա բացելով մեքենայի դիմացի ձախակողմյան դուռը, ցանկացել է անհիմն վիճաբանության մեջ մտնել վարորդի հետ, ինչը, սակայն, կանխվել է իր հետ գտնվող, գործով չպարզված անձի կողմից: Դրանից հետո մոտեցել է տաքսի ավտոմեքենայի դիմացի ձախ հատվածին եւ քաշել-կոտրել է դռան ապակին՝ պատճառելով 85.000 ՀՀ դրամի գույքային վնաս»։ Այս արարքի համար Կուչուկյանը տուգանվել է 150 հազար դրամով։

2015 թվականին Կուչուկյանին մեղադրանք է առաջադրվել դանակահարության դեպքի առիթով։ Ըստ մեղադրանքի՝ «Նա 17.01.2015թ. Տիգրանյան 16 հասցեում՝ ճամփեզրին, եղբայրներ Մովսես ու Յուրա Շաբոյանների եւ մի խումբ անձանց հետ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված մեկնաբանությունների շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Մովսես Շաբոյանի կրծքավանդակի շրջանին եւ վերջինիս դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող՝ առողջության ծանր վնաս: Այս արարքի համար էլ Կուչուկյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման եւ 150 հազար դրամ տուգանքի»։  

Ահա՝ այսպիսի հարուստ կրիմինալ անցյալ ունի այս պատմության հերոսը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image