«Հրապարակի» զրուցակիցը Մարտին Յորգանցն է:
- Հայ հասարակությունն օրեր շարունակ քննարկում էր մարզահամերգային համալիրում Թաթուլ Ավոյանի համերգը, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսականների բուռն հիացմունքի ներքո: Ժամանակին՝ հեռավոր 90-ականներին եւ դրանից առաջ, Դուք առաջիններից էիք, որ «լցնում» էիք մարզահամերգային համալիրը: Ինչպե՞ս կգնահատեք ռաբիս երգիչ համարվող Թաթուլ Ավոյանի նկատմամբ հանդիսատեսի նման վերաբերմունքը, ինչպես նաեւ՝ հասարակության մյուս մասի քննադատությունը:
- Հայաստանում, ինչպես աշխարհում, շատ տարբեր երաժշտություն կա: Իրեն սիրողներն էլ, հավանաբար, շատ են: Նորմալ է:
-Արտերկրում, Ֆրանսիայում, օրինակ, որտեղ տեւական ապրել եւ ստեղծագործել եք, նման նախադեպեր կա՞ն, եւ ինչպիսի՞ն է ֆրանսիացիների վերաբերմունքն այդ երեւույթների նկատմամբ:
- Ես այլեւս Ֆրանսիայում չեմ, Մոնրեալում եմ եւ այստեղ զանազան լեզուներով եմ երգում, որովհետեւ ժողովուրդն ամեն տեղից են: Մանավանդ ֆրանսիական երգեր եմ երգում ե՛ւ հայերի համար, եւ հայերեն շատ արդյունք կտա:
- Այն, որ աշխարհում եւ Հայաստանում մշակութային որոշակի դեգրադացում կա, ցավոք, փաստ է: Ի՞նչ մտահոգություններ ունեք այս առնչությամբ եւ ի՞նչ ճանապարհ եք տեսնում՝ մշակութային այս աղետից դուրս գալու համար:
-Ես միշտ ասել եմ՝ ամեն ինչի ելքը միությունն է, իրար հարգել, սիրել, աշխատել այդ ուղղությամբ:
- Ի՞նչ ստեղծագործական նոր ծրագրեր ունեք, այդ թվում՝ Հայաստանի հետ կապված:
- Հայաստանում աշխատում եմ «Վաղարշապատ» համույթով, որովհետեւ սփյուռքի հայերս նաեւ շատ սիրում ենք Հայաստանը: Նաեւ շատ տաղանդավոր երեխաներ կան, եւ շատ լավ եմ զգում, երբ Հայաստանում եմ, մանավանդ՝ իրենցով: Այս ամեն տարի գալիս եմ համերգներով. զատողություն չեմ դնում, ինձ համար եթե միություն լինի, Հայաստանը սքանչելի երկիր կլինի, հավատացեք: