Քաղաքականություն

Պատգամավորները դարձյալ վոյաժների մեջ են  

Պատգամավորները դարձյալ վոյաժների մեջ են  

Ազգային ժողովի պատգամավորները շարունակում են «հույժ կարևոր» թեմաներով բյուջեի հաշվին ճամփորդել աշխարհով մեկ՝ անունը դնելով, թե գործուղման են մեկնում։ Հոկտեմբերը ևս, ինչպես նախորդ ամիսները, ՔՊ-ականների hամար շրջագայություններով հագեցած ամիս է։ ԱԺ նախագահի կարգադրությամբ, օրինակ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 23-27-ը Բարսելոնա կմեկնեն ՔՊ-ականներ Արման Եղոյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշված է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի անունը, որը հայտնի չէ՝ կմեկնի՞, թե՞ ոչ։ 

Աժ նախագահի մեկ այլ կարգադրությամբ էլ «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 22-28-ը Օտտավա (Կանադա) կմեկնեն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանը, որն այսօր «անկախ» պատգամավորի անհասկանալի կարգավիճակում է, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, նրա տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Ազգային ժողովի նախագահի օգնական Դավիթ Աառաքելյանը: Թե ինչ կարևոր գործեր են կատարելու սույն անձինք Կանադայում՝ հանուն ՀՀ խորհրդարանի, կարելի է կռահել՝ հավանաբար նույնը, ինչ արել են այս ընթացքում այլ երկրներ նման անիմաստ ծրագրերով շրջագայելիս։ Այսինքն՝ ճամփորդել են բյուջեի հաշվին, լուսանկարվել՝ լուրջ դեմքով, ասես՝ երկիրը փրկելու առաքելությամբ են մեկնել գործուղման, ու հետո այդ մասին ստանդարտ ոճի հաղորդագրություն տարածել, թե գնացին, հանդիպեցին, քննարկեցին հարցեր, որոնք ոչ մեկի չեն հետաքրքրում ու իրենցից գոհ՝ վերադարձան։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը, որին ԱԺ նախագահը վերջերս նկատողություն էր տվել Նենսի Փելոսիի այցի թարգմանությունը տապալելու համար, մի հատ էլ Ստրասբուրգ կմեկնի՝ դարձյալ իր տեղակալ Հեղինե Խաչիկյանի հետ։ Նարիբեկյանն, առհասարակ, պատգամավորներից շատ է ճամփորդում, դարձյալ՝ անհասկանալի արդյունավետությամբ, որովհետև նրանց կատարած աշխատանքի պտուղները լուսանկարներից այն կողմ չեն անցնում։ 

ԱԺ նախագահի մի առանձին կարգադրությամբ էլ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստին մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 23-28-ը Ստրասբուրգ պետք է մեկնի Ազգային ժողովի նիստերը բոյկոտած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, որը նիստերին չի մասնակցում, առհասարակ՝ որևէ աշխատանքի չի մասնակցում, բայց գործուղումների հաճույքով մեկնում է, ՔՊ-ականների հետ մի սեղանի շուրջ նստում, ջերմ լուսանկարվում,զբոսանավով ճաշկերույթների մասնակցում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image